Լրահոս

28.03.2012 11:11


Վլադիմիր Գասպարյանին տեղեկացրեցին

Վլադիմիր Գասպարյանին տեղեկացրեցին

ՀՀ Ոստիկանապետ

պարոն Վլադիմիր Գասպարյանին

 Հարգելի պարոն Գասպարյան,

 Երկու հազար տասնմեկ թվականի դեկտեմբերի 15-ին Երևանի Քաղաքապետի կողմից “Կենտրոն-Կանաչապատում” ՓԲԸ-ին տրվել է Մաշտոցի Պուրակում (Մաշտոցի պողոտա 22/1 հասցեում) տաղավարների տեղադրման թույլտվություն:

Այդ որոշումը առաջացրել է Երևանի համայնքի բազմաթիվ անդամների արդար և ողջամիտ դժգոհությունը։ Բոլորի համար ակնհայտ է, որ վերջին տարիների ընթացքում տեղի է ունեցել Երևան քաղաքի հանրային նշանակության տարածքների զգալի մասնավորեցում՝  էապես նվազել են քաղաքի կանաչապատ գոտիները և վատթարացել է ճարտարապետական միջավայրը։

Մի շարք երիտասարդական քաղաքացիական նախաձեռնությունների միավորված ջանքերի շնորհիվ Մաշտոցի Պուրակում  տաղավարների տեղադրման աշխատանքը կասեցված է, իսկ ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել, որ տաղավարները ենթակա են ապամոնտաժման երեք տարվա ընթացքում։

Իր որոշման մեջ կառավարությունը չի հիմնավորել տաղավարների ապամոնտաժման համար երեք տարի ժամկետ տրամադրելու պատճառը։ Դրա հետևանքով քաղաքացիների և  Երևանի Քաղաքապետի միջև առաջացած վեճը չի ստացել իր վերջնական լուծումը։

Չնայած Հայաստանի Սահմանադրությամբ նախատեսված և պետության  միջազգային պարտավորություններից բխող նորմերի` հանրային իրավունքների պաշտպանությանը վերաբերող դատական նախադեպերը վկայում են, որ հասարակությունը լիովին մեկուսացվել է որոշումների կայացման գործընթացից և կայացված անօրինական որոշումները դատարանում բողոքարկելու հնարավորությունից: Հասարակության ձայնը խլացված է օրենսդրական ձևական սահմանափակումներով, մարդիկ զրկվել են արդարության կարևորագույն պահանջներից մեկի` լսված լինելու իրավունքից: Այն հարցերում, որտեղ արդարադատությունը այլևս մատչելի չէ հասարակությանը, յուրաքանչյուր քաղաքացի ստիպված է ձեռնարկել հանրային իրավունքների ինքնապաշտպանության համարժեք միջոցներ:

   Սույն թվականի մարտի 17-ին երիտասարդական քաղաքացիական նախաձեռնությունների անդամները, ղեկավարվելով անմիջական ժողովրդավարության, իրավունքի գերակայության և սահմանադրականության սկզբունքներով, ձևավորել են “Քաղաքացիական արդար և անկախ դատարան”։ Իր հնարավորությունների սահմաններում այդ կոլեգիալ հանրային էքսպերտների մարմինը կատարել է վեճի առարկային վերաբերող   փաստերի հետազոտություն և կազմել իրավական եզրակացություն։ Քաղաքացիների դատարանը պահանջել է Երևանի Քաղաքապետարանից 10-օրյա ժամկետում ապամոնտաժել Մաշտոցի Պուրակում տեղադրված տաղավարները և այգին բարեկարգել ու օգտագործել դրա նպատակային նշանակությանը համապատասխան: Երևանի Քաղաքապետը թողել է այդ պահանջը անպատասխան։

Սույն թվականի մարտի 27-ին գումարվել է Երևան քաղաքում բնակվող, Երևանի համայնքի անդամ, ՀՀ քաղաքացիների ժողով: Ժողովում մասնակցել են գիտության, մշակույթի, լրատվության, քաղաքագիտության ոլորտների գործիչներ, Արցախյան շարժման և պատերազմի մասնակիցներ։ Ժողովը բարձր է գնահատել երիտասարդության կողմից ցուցաբերած հետևողականությունը՝ հանրային շահերը և իրավունքները պաշտպանելու գործում և քննադատել է պաշտոնատար անձանց անկարողությունը՝ ընդունել ողջամիտ և օրինական որոշում առաջացած խնդիրը կարգավորելու համար։

Ընդունելով “Քաղաքացիական արդար և անկախ դատարանի” հեղինակությունը, վստահելով դրա անկախությանն ու անկողմնակալությանը, իրավական եզրակացության և վճռի հիմնավորվածությանը, հաշվի առնելով  նաև բազմաթիվ այլ Էական նշանակություն ունեցող հանգամանքներ՝ ժողովի մասնակիցները որոշել են հայտնել իրենց պատրաստակամությունը՝ ապամոնտաժել Մաշտոցի Պուրակում անօրինական կառուցված տաղավարները սեփական միջոցներով: “Կենտրոն-Կանաչապատում” ՓԲԸ-ի տնօրինությունը պատշաճ ծանուցվել է իրեն պատկանող, բայց անօրիական ձևով կառուցված տաղավարների ապամոնտաժման անհրաժեշտության վերաբերյալ:

Ուստի տեղեկացնում ենք Ձեզ, որ ս/թ մարտի 31-ին ժամը 13:00-ին Մաշտոցի Պուրակում նախատեսված է ապամոնտաժել անօրինական կառուցված տաղավարները: Ապամոնտաժման աշխատանքները կատարելու են հետևյալ անձինք.

1. Աբրահամյան Էմիլ

2. Դանիելյան Ստեփան

3. Խզմալյան Տիգրան

4. Կարապետյան Հարություն

5. Հովհաննիսյան Արմեն

6. Ղահրիյան Հայկազն

7. Ղուկասյան Անդրիաս

8. Շիկոնյան Կարեն

9. Սարկիսյան Մանվել

10. Սարոյան Սարո

Ապամոնտաժման աշխատանքներն իրականացնելու համար օգտագործվելու են հետևյալ գործիքները.

  1. էլեկտրական սրիչ (բոլգարկա) RTR Rother N. S.N. ELS 101-0192-0732  - 1 (մեկ) հատ,
  1. պտուտակահան STAREX  - 12 (տասներկու) հատ,
  1. հարթաշուրթ KLY-TEK 160mm     - 5 (հինգ) հատ,
  2. ճոպան կտրող գործիք STAREX  –  2 (երկու) հատ,
  3. դուր ORIENT                                 - 2 (երկու) հատ,
  4. ապակի բրնող գործիք SUCTIONCUP – 4 (չորս) հատ:

Ապամոնտաժումը նախատեսված է իրականացնել  կազմակերպված եղանակով, առանց հասարակակ կարգը խախտելու, մասնագիտական մեթոդներով և գործիքներով, առանց սեփականատիրոջ գույքին վնաս պատճառելու։ Հաշվի առնելով, որ ոստիկանությունը ներկա դրությամբ իրականացնում է Մաշտոցի Պուրակում տաղավարների պահպանությունը.

Պ Ա Հ Ա Ն Ջ ՈՒ Մ    Ե Ն Ք

  1. Ապահովել վերը նշված ՀՀ քաղաքացիների ազատ մոտեցումը տաղավարներին` դրանց ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար:
  2. Ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը և աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը:

Կից նեռկայացնում ենք

  1.“Քաղաքացիական արդար և անկախ դատարանի” վճիռը

 2.“Կենտրոն-Կանանչապատում” ՓԲԸ -ին ուղղարկված նամակի պատճեն

Ժողովի քարտուղար Անդրիաս Ղուկասյան

Այս խորագրի վերջին նյութերը