Լրահոս

27.03.2012 15:51


Ծնելիությունը Շիրակի մարզում անկում է ապրում

Ծնելիությունը Շիրակի մարզում անկում է ապրում

Չնայած իշխանական այն քարոզչությանը, որ անվճար ծննդօգնության ծրագրի ներդրման շնորհիվ ծնունդների քանակը հանրապետությունում աճում է, վիճակագրական տվյալներն իրավիճակի այլ պատկեր են արձանագրում: Մասնավորապես Շիրակի մարզի վիճվարչության տվյալների համաձայն՝ 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ 2012–ին ծնունդների քանակը մասնավորապես Շիրակի մարզում էականորեն նվազել է.

–2012թ. հունվար–փետրվար ամիսներին Շիրակի մարզում քաղաքացիական ծառայության ակտերի գրանցման բաժիններից ստացված տվյալների հիման վրա՝ գրանցվել է ծնունդների 51 դեպք: Նախորդ՝ 2011թ. համեմատ՝ ծնունդների թվաքանակի նվազում է արձանագրվել 14,8 տոկոսով,–ասել է ՇՄ վիճվարչության մասնագետ Անահիտ Սարգսյանը:

Մասնագետների խոսքերով՝ անվճար ծննդօգնությունը շատ քիչ դերակատարություն կարող է ունենալ բնակչության բնական աճին նպաստելու առումով. այստեղ շատ կարևոր հանգամանք է բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը, բարոյահոգեբանական մթնոլորտը, հեռանկարի բացակայությունը և մի շարք այլ գործոններ:

Ախուրյանի «Մոր ու մանկան» կենտրոնի փոխտնօրեն Վահրամ Միրզոյանի կարծիքով ծնելիության անկման պատճառը ոչ միայն սոցիալական վատթար վիճակն է.

–Ծնունդների քիչ թիվը չի կարելի բացատրել սոցիալական վատ պայմաններով: Եվրոպայում սոցիալական խնդիր արտահայտված ձևով չկա, բայց ունենում են մի երեխա: Իմ կարծիքով դա ավելի շատ պայմանավորված է վաղվա օրվա վրա վստահ չլինելու հանգամանքով,–ասել է Վահրամ Միրզոյանը:

Իսկ Գյումրու ծննդատան գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը գտնում է, որ միայն երրորդ երեխայի թվաքանակի աճի դեպքում կարելի կլինի խոսել աճի մասին.

–Նախ՝ քաղաքի բնակչությունն է քիչ, հետո էլ քիչ է երկրորդ-երրորդ երեխաների քանակը, որը մտահոգիչ է: Գիտենք, որ երկու երեխան վերարտադրում է ծնողներին, իսկ երրորդ երեխայի դեպքում նոր կարող ենք խոսել աճի մասին,–նշել է Արմեն Իսահակյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը