Լրահոս

27.03.2012 11:33


ՄԻՊ. «ԿԳՆ հրատարակված դասագրքերում առկա են եղել խմբագրական, ուղղագրական և տպագրական սխալներ»

ՄԻՊ. «ԿԳՆ հրատարակված դասագրքերում առկա են եղել խմբագրական, ուղղագրական և տպագրական սխալներ»

Պաշտպանի գնահատականը ՀՀ կրթության և գիտության նախարարության գործունեության ոլորտում 2011թ. զարգացումներին

ՀՀ կրթության և գիտության նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

  • Նախարարությունը ժամանակին բավարար քայլեր չի ձեռնարկել հանրակրթական դպրոցների դասագրքերի մրցույթների կազմակերպման ու անցկացման իրավական հիմքերը հստակ սահմանելու ուղղությամբ:
  • Հրատարակվող դասագրքերն անհրաժեշտ փորձաքննության չենթարկելու պատճառով, դրանցում, որոշ դեպքերում, առկա են եղել խմբագրական, ուղղագրական և տպագրական սխալներ, որի հետևանքով խախտվել են աշակերտների պատշաճ կրթություն ստանալու իրավունքը:
  • Չնայած, որ յուրաքանչյուր տարվա ՀՀ պետական բյուջեով նախատեսվում են ֆինանսական միջոցներ ուսումնական հաստատությունները ջեռուցման համակարգով ապահովելու համար, այդուհանդերձ բազմաթիվ դպրոցներում չլուծված է մնացել ձմռան ամիսներին դասասենյակներն անհրաժեշտ ջերմաստիճանով ապահովելու խնդիրը, որի պատճառով իրենց առողջության մասին մտածող և դպրոց չհաճախող երեխաները հայտարարվել են անհարգելի պատճառով չներկայացած: Հատկապես այն դպրոցները (հիմնականում գյուղերում), որտեղ աշակերտների թիվը քիչ է (դպրոցները ֆինանսավորվում են աշակերտների թվաքանակից ելնելով), չեն ապահովվել անհրաժեշտ լաբորատոր սարքավորումներով և նյութերով: Գյուղերում գտնվող դպրոցները չեն ապահովվել սննդի մատուցման ծառայություններով:
  • Չնայած որ ուսումնական հաստատություններում  կոռուպցիան բացառելու նպատակով նախարարության կողմից մշտապես իրականացվել են նպատակաուղղված միջոցառումներ, այնուամենայնիվ, դրանք բավարար չեն եղել կրթության ոլորտում կոռուպցիոն, ինչպես նաև դպրոցներում դրամահավաքության դեպքերը կանխելու և բացառելու համար:
  • ԿԳՆ-ն նույն 7 հասարակական կազմակերպություններին է տրամադրել մոտ 365 միլիոն դրամ: Ընդհանուր գումարի մոտ 38%-ը տրամադրվել է միայն մեկ կազմակերպության՝ «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ին, որի գործունեության ոլորտը հիմնականում վերաբերում է մշակութային խնդիրներին: Ըստ նախարարության` այդ կազմակերպությունները իրականացրել են հայտով նախատեսված կրթադաստիարակչական աշխատանքներ:
  • Նախարարության կողմից թերի վերահսկողություն իրականացնելու հետևանքով որոշ դեպքերում դպրոցների հաստիքացուցակներում ընդգրկվել են տնօրենների ազգականներ կամ ծանոթներ, որոնք ոչ միայն չեն դասավանդել, այլ նաև չեն հաճախել դպրոցներ, որի հետևանքով պետական բյուջեից ծախսվել են ավելորդ գումարներ: Չնայած այս ամենի, 2011թ. ՀՀ կրթության պետական տեսչություն հասցեագրված դիմումներով  ստացված ահազանգերում դիմումատուները ընդամենը նշել են դրամահավաքության 12 դեպք, դրամաշորթության կամ կոռուպցիայի 11 դեպք, որոնց ուսումնասիրության ընթացքում հիմնականում որևէ հաստատող արդյունք չի արձանագրվել:
  • Ըստ մեր աղբյուրների ԲՈՒՀ-երում կասեցվել է հայցորդության ձևակերպումը, չնայած որևէ իրավական ակտով այն չի դադարեցվել և ըստ նախարարության` այն գործում է և կարգավորված է համապատասխան իրավական ակտերով:
  • Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև ուսումնառության ավարտը տարկետում տալու վերաբերյալ կառավարության որոշումների նախագծերը որպես պաշտպանության հարցերին վերաբերող իրավական ակտերի նախագծեր ըստ ՀՀ Նախագահի համապատասխան հրամանագրի Նախարարությունը նախքան կառավարություն ներկայացնելը  պետք է ներկայացներ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ և Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ` կարծիքի: Նշված ՀՀ կառավարության որոշումների նախագծերը չեն համաձայնեցվել Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի հետ, իսկ առանձին դեպքերում չեն ներկայացվել ՀՀ Նախագահի աշխատակազմ:
  • Համընդհանուր ներառական կրթություն ապահովելու դանդաղ ընթացքի հետևանքով շարունակվել են խախտված մնալ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների՝ հավասար պայմաններում կրթություն ստանալու իրավունքը:
  • Հատկապես մարզերում Նախարարությունը անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել իր թեժ գծի առկայության մասին իրազեկման աշխատանքների կապակցությամբ (նախարարության «Թեժ գծով» ընդունվել է 138 ահազանգ, որից 114-ը` Երևանի, 24-ը` մարզերի դպրոցների վերաբերյալ, քաղաքացիներից ստացված դիմումների, բողոքների, առաջարկությունների ընդհանուր քանակը եղել է 4632):

Արձանագրված դրական զարգացումները

  • Ներառական դպրոցների ցանկն ավելացել է 15-ով` հանրապետությունում  կազմելով 81:
  • Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության բարելավման նպատակով ՀՀ կառավարության որոշման համաձայն Տավուշի մարզում սկսվել է համընդհանուր ներառական կրթության կազմակերպման փորձնական ծրագրի իրականացումը:
  • Նախարարությունը իրականացրել է որոշ ծրագրեր` ուղղված որակյալ կրթության բարելավմանը. ուսուցիչների և տնօրենների վերապատրաստում, շենքերի վերանորոգում, գույքի թարմացում և այլն:
  • 2011-2012 ուսումնական տարվանից հանրապետության դպրոցներում 2-րդ դասարանից  սկսած ուսումնական պլանով  ներդրվել է «Շախմատ» առարկան:
  • Մշակվել և հաստատվել է «Առողջ ապրելակերպ» դասընթացը 10-11-րդ դասարանների համար:
  • Հանրակրթական դպրոցների ավագ դասարանների «Հասարակագիտություն» առարկայում ներառվել է «Թրաֆիքինգ» թեման:

Կարեն Անդրեասյան

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան

 

Արձանագրված դրական զարգացումները, թերություններն ու խնդիրները ներկայացված են ոչ սպառիչ։

 

Տարեկան զեկույցի  սույն բաժինն (12) ամբողջությամբ կարող եք կարդալ http://pashtpan.am/pages/downloadPdf/file_id/539  հասցեով։

Հաջորդիվ կտարածվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ոլորտին վերաբերող թիվ 1 բաժնի ամփոփումը։

Տարեկան զեկույցը կազմվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, օրենսդրության վերլուծության, մամուլի արժանահավատ և չհերքված հրապարակումների, միջազգային և տեղական կազմակերպությունների զեկույցների, ինչպես նաև ոլորտի մասնագետների ու իրավապաշտպանների հետ հարցազրույցների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա:

Այս խորագրի վերջին նյութերը