Լրահոս

26.03.2012 16:51


Մեղադրվում է խարդախությամբ կենսաթոշակի գումարները հափշտակելու համար

Մեղադրվում է խարդախությամբ կենսաթոշակի գումարները հափշտակելու համար

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է մահացած անձի անվամբ դուրս գրված կենսաթոշակի գումարները  հափշտակելու համար հարուցված քրեական գործի  նախաքննությունը: 

Հիշեցնենք, որ 2009-2010թթ. ընթացքում կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2011թ. մայիսին հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացում), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիք եւ կատարելը), որով նախաքննությունը հանձնարարվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ վարչությանը: Նախաքննության ընթացքում, ի թիվս այլ չարաշահումների, խախտումներ են հայտնաբերվել նաեւ քաղաքացի Ս. Անդրեասյանի մոր կենսաթոշակի վճարման գործընթացում:

Մասնավորապես նախաքննությամբ պարզվել է, որ Ս. Անդրեասյանը մոր մահվան վկայականը չի ներկայացրել ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության «Կենտրոն-2» տարածքային բաժին:

Այդ փաստը թաքցնելով եւ չարաշահելով նույն տարածքային բաժնի վճարող-տեսուչ Ա. Ռուշանյանի վստահությունը` վերջինիս ներկայացրել, թե իբր մայրն անկողնային հիվանդ է: Այդկերպ 2007-2010թթ. ընկած ժամանակահատվածում խաբեությամբ անհիմն ստացել է մոր անվամբ դուրս գրված ընդհանուր 1 119 200 դրամ կենսաթոշակի գումարը` պետությանը պատճառելով խոշոր չափերի հասնող գույքային վնաս:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա Ս. Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Նախաքննության ընթացքում Ս. Անդրեասյանի կողմից հափշտակված գումարն ամբողջությամբ վերականգնվել է:

Քրեական գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:

Կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում հայտնաբերված մյուս խախտումների վերաբերյալ նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը