Լրահոս

24.03.2012 14:33


Աշխատանքային այցով Հայաստանում է Ուկրաինայի Հանրապետության պետական մաքսային ծառայության պատվիրակությունը

Աշխատանքային այցով Հայաստանում է Ուկրաինայի Հանրապետության պետական մաքսային ծառայության պատվիրակությունը

Վերջին տարիներին ԱՊՀ շրջանակներում էականորեն բարձրացել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի եւ Ուկրաինայի պետական մաքսային ծառայության միջև համագործակցության արդյունավետությունը: Արդյունքում 2011 թվականին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի` Ուկրաինա կատարած այցի ժամանակ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի և Ուկրաինայի պետական մաքսային ծառայության միջև ստորագրվել է 2012 թվականին  համատեղ ծրագրով իրականացման ենթակա միջոցառումների ծրագիր: Ծրագրով նախատեսվում է երկու երկրների մաքսային ծառայությունների միջև համագործակցություն` մաքսային ծառայողների վերապատրաստման, տեղեկությունների փոխանակման, մաքսանենգության դեմ պայքարի, կինոլոգիական ծառայությունների փոխգործակցության ակտիվացման եւ մաքսային փորձի փոխանակման ուղղությամբ:

2012թ. ընթացքում այս ծրագրի իրագործման նպատակով Հայաստանում եւ Ուկրաինայում արդեն իսկ մի շարք երկկողմանի հանդիպումներ են տեղի ունեցել: Աշխատանքային այցով Հայաստանում է Ուկրաինայի պետական մաքսային ծառայության նախագահ Իգոր Կալետնիկի գլխավորած պատվիրակությունը: Այցի նպատակն է` քննարկել Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի և Ուկրաինայի պետական մաքսային ծառայության միջև փորձի փոխանակմանը և երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Պետական եկամուտների կոմիտեում Գագիկ Խաչատրյանը և Իգոր Կալետնիկը ստորագրել են 2012 թվականի համատեղ միջոցառումների հուշագիր: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՊԵԿ նախագահը տեղեկացրել է, որ  վերջին շրջանում կոմիտեն շուրջ 30 երկրների հետ համագործակցության համաձայնագիր ունի և դրանք իրականացնելու ուղղությամբ հետևողական աշխատանք է տարվում: «Ուկրաինայի մեր գործընկերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նախևառաջ մաքսային գործընթացների պարզեցման ուղղությամբ: Մենք հասել ենք այն մակարդակին, որ Ուկրաինայից ներկրվող և Հայաստանից Ուկրաինա արտահանվող ապրանքները հնարավորինս կարճ ժամանակահատվածում հատեն սահմանը, հնարավորինս կրճատվեն այն ուղիները, որոնք նպաստում են մաքսանենգության, հաշիվ-ապրանքագրերի փոփոխություններին, մաքսային արժեքների նվազեցմանը: Եվ այս ուղղությամբ մենք բավականին լուրջ հաջողությունների ենք հասել»,-ընդգծել է Գագիկ Խաչատրյանը:  

Իր հերթին Ուկրաինայի մաքսային ծառայության ղեկավարը նշել է, որ  ՀՀ նախագահի հետ հանդիպմանը  շատ կարևոր շեշտադրումներ են հնչեցվել` ուղղված Հայաստանի և Ուկրաինայի մաքսային ծառայությունների  փոխգործակցությանը: «Մեր հայ գործընկերոջ  հետ վերջին մեկ տարվա ընթացքում արդեն 4 հանդիպում ենք ունեցել. այսօր էլ, շարունակելով երկխոսությունը, կցանկանայի տեղեկացնել, որ մեր պայմանավորվածությունների շրջանակում, հասել ենք լիարժեք փոխըմբռնման և հույս ենք հայտնում, որ մինչև 2012 թվականի վերջը կյանքի կկոչենք  Հայաստանի ՊԵԿ-ի հետ սկսած բոլոր նախագծերը»,- վստահեցրել է Իգոր Կալետնիկը:

Հայ և ուկրաինացի գործընկերները Երևանում ամփոփել են նաև իրականացված աշխատանքները և քննարկել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ուղղությամբ կատարման ենթակա գործողությունները: Երկու գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև առաջիկայում իրականացվելիք` Փոթի-Իլյիչևսկ սահմանահատվածով հայկական ապրանքների մաքսազերծման ընթացակարգերի պարզեցման աշխատանաքներին, ինչն իր հերթին կնպաստի երկու երկների առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը: Ի դեպ,  Հայաստանի և Ուկրաինայի միջև ապրանքաշրջանառության ծավալները վերջին տարիներին շարունակական աճ  են արձանագրել, ինչին ավելի կնպաստեն մաքսային ընթացակարգերի պարզեցմանն ուղղված` երկու գերատեսչությունների ջանքերը: Այսպես, եթե 2010թՈւկրաինայից Հայաստան է ներմուծվել ավելի քան 231 միլիոն 645 հազար դոլարի ապրանք, ապա 2011-ին այն կազմել է շուրջ 232 միլիոն 600 հազար դոլար: Ներմուծվել  են հիմնականում շինանյութ, ծխախոտ, պարենային ապրանքներ: Իսկ Հայաստանից արտահանվել  են սպիրտային ըմպելիք, ձկնամթերք, պահածո:  2010-ին արտահանումը կազմել է շուրջ 12 միլիոն 270 հազար դոլար, իսկ 2011-ին` ավելի քան 11 միլիոն 120 հազար:  

Ուկրաինայի պետական մաքսային ծառայության նախագահի խոսքերով, Փոթի-Իլյիչևսկ սահմանահատվածով հայկական ապրանքների մաքսազերծման ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ անհրաժեշտ է աշխատանքները շարունակել տեխնիկական հարթությունում, որպեսզի բեռնափոխադրող սուբյեկտները, մինչ բեռը տեղ հասցնելը, կարողանան փոխանցել տվյլալները. «Սա հնարավորություն կտա արդյունավետ օգտագործել ռիսկերի համակարգը, կանխարգելել և բացահայտել իրավախախտումները, իսկ բարեխիղճ հարկատուն էլ կարող է արագ և հարմարավետ իրականացնել մաքսային ձևակերպումները»:

Կարևորելով տեղեկատվության փոխանակումը` ՊԵԿ նախագահը տեղեկացրել է, որ այս հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Հայաստանի և Ուկրաինայի միջև հետագայում էլեկտրոնային եղանակով հայտարարագրերի լրացման կարգը, որը թեպետ շատ բարդ խնդիր է, սակայն, ըստ Գագիկ Խաչատրյանի, այդ ուղղությամբ արդեն նախապատրաստական աշխատանքեր են  սկսվել:

Ընդհանուր առմամբ, համատեղ գործողությունների ծրագրի շրջանակում, 2012-ին նախատեսվում է մաքսային ոլորտում ներդաշնակեցնել երկկողմանի փոխգործակցության իրավապայմանագրային դաշտը,  համատեղ պայքար ծավալել մաքսային իրավախախտումների դեմ, պարզեցնել և համահունչ դարձնել երկու երկրների մաքսային ընթացակարգերը, տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաները լայնորեն օգտագործել տվյալների փոխանակման բնագավառում, ինչը կբացառի կրկնակի մաքսային ընթացակարգերի կիրառումը: Նախատեսվում է երկու երկրների մաքսային ծառայողների փոխայցելություններ կազմակերպել մաքսակետեր` տեղում ծանոթանալու Հայաստանի և Ուկրաինայի մաքսային ընթացակարգերի կիրառման առանձնահատկություններին, դրանց պարզեցման և ներդաշնակեցման ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացմանը:

Երևանյան հանդիպմանը քննարկվել է նաև հայ մաքսավորների` Ուկրաինայի պետական մաքսային ծառայության ակադեմիայում վերապատրաստման խնդիրը, ինչի շուրջ, ի դեպ, պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս Գագիկ Խաչատրյանի` Ուկրաինա կատարած աշխատանքային այցի ընթացքում: Նշենք, որ հայ մաքսավորների վերապատրաստման համար ՈՒկրաինայի մաքսային ակադեմիայում արդեն իսկ առանձնացվել են մասնագիտացված լսարաններ, որոնց ադիականացման ու տեխնիկական վերազինման հարցերը հոգացել է ՊԵԿ-ը: Ի դեպ, Հայաստանի և Ուկրաինայի մաքսային ծառայությունների համագործակցության ընդլայնման գործում ունեցած ներդրումների համար ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին նույն այցի ընթացքում շնորհվել էր Ուկրաինայի պետական մաքսային ծառայության Ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում:

 Իսկ մաքսային իրավախախտումների դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու համար արդեն իսկ սերտ համագործակցում են հայկական և ուկրաինական կինոլոգիական ծառայությունները: Որպես համագործակցության առաջին գործնական քայլ` ուկրաինացիները հայ գործընկերներին են նվիրել իրենց լավագույն  «խուզարկու» շներից մեկի ձագին, որը ծառայությունն անցնում է Հայաստանի մաքսակետերում:

Հիշեցնենք, որ երկու երկրների մաքսային մարմինների փոխգործակցության հիմքը դրվել է դեռևս 2010թ.-ին` Երևանում կնքված հուշագրերով:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Այս խորագրի վերջին նյութերը