Լրահոս

22.03.2012 16:03


Ընտրությունների ընթացքին կհետևեն 24 երկարաժամկետ և 250 կարճաժամկետ ԺՀՄԻԳ դիտորդներ

Ընտրությունների ընթացքին կհետևեն 24 երկարաժամկետ և 250 կարճաժամկետ ԺՀՄԻԳ դիտորդներ

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր` մարտի 22-ին, ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկային (Radmila Shekerinska):

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը ակտիվորեն ներգրավված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի շրջանակներում իրականացվող համագործակցության ու կառույցի աշխատանքների մեջ եւ այդ մասին է խոսում այն փաստը, որ Հայաստանի արտգործնախարարը առաջին ԱԳ նախարարն էր, որ դեռեւս 2009 թ. այցելել է կազմակերպության՝ Վարշավայում գտնվող կենտրոնակայան:

Նախարար Նալբանդյանը վերահաստատել է առաջիկա ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու ՀՀ իշխանությունների վճռականությունը՝ ընդգծելով, որ այդ նպատակով միջազգային կառույցների հետ համագործակցաբար ծավալուն բարեփոխումներ են իրականացվել՝ մասնավորապես լրամշակվել է ընտրական օրենսգիրքը, որն արժանացել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հավանությանը, մի շարք այլ կարեւոր քայլեր են ձեռնարկվել, որոնք դրական գնահատական են ստացել միջազգային հանրության կողմից:

Ռադմիլա Շեկերինսկան շնորհակալություն է հայտնել դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին հղած հրավերի համար եւ նշեց, որ իրենց գլխավոր նպատակն է աջակցել ընտրական գործընթացի բարելավմանը եւ այդ գործում դիտորդները անաչառ են լինելու:

Դիտորդական առաքելության ղեկավարը տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ Հայաստան կժամանեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կազմում ընդգրկված երկարաժամկետ դիտորդները ու դիտորդական առաքելությունը կսկսի աշխատել ամբողջական ծավալով. նախատեսվում է, որ ընտրությունների ընթացքին կհետեւեն 24 երկարաժամկետ եւ 250 կարճաժամկետ դիտորդներ:

Նախարար Նալբանդյանը վերահաստատել է ԱԳՆ պատրաստակամությունը, իր իրավասությունների շրջանակներում, օժանդակելու առաքելության աշխատանքներին:

ԱԳՆ մամուլի ծառայություն 

Այս խորագրի վերջին նյութերը