Լրահոս

22.03.2012 13:35


Շիրակի մարզի մեծամասնական ընտրատարածքներում հիմնականում մրցակցելու են ՀԱԿ–ը, ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն

Շիրակի մարզի մեծամասնական ընտրատարածքներում հիմնականում մրցակցելու են ՀԱԿ–ը, ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն

Շիրակի մարզն ընդգրկող ընտրատարածքներում մեծամասնական կարգով առաջադրված պատգամավորության թեկնածուների կազմն այսօր արդեն վերջնականապես պարզ դարձավ:

Մարզն ընդգրկող 4 ընտրատարածքից 3-ում ՀԱԿ-ն առաջադրել է իր թեկնածուներին, որոնք կմրցակցեն հիմնականում ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուների հետ: Ընդդիմությունը ներկայացնող մյուս կուսակցություններից մեծամասնական կարգով ոչ ոք չի առաջադրվել:

Մասնավորապես թիվ 33 ընտրատարածքում առաջադրվել են ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը, ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը և ՀԱԿ ներկայացուցիչ Շալիկո Զորյանը: Այս ընտրատարածքում հիմնական մրցակցությունը լինելու է Աշոտ Աղաբաբյանի և Հովհաննես Մարգարյանի միջև: Հաշվի առնելով նախորդ խորհրդարանական ընտրությունների պրակտիկան՝ ակնկալվում է, որ ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը հիմնական շեշտադրումը պետք է կատարի ընտրակաշառք բաժանելու վրա:

Ինչպես և ակնկալվում էր, ամենաթեժ մրցակցությունը սպասվում է թիվ 34 ընտրատարածքում, որտեղ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դառնալու համար պայքարելու են ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը, արդեն ՀՀԿ-ական Արման Սահակյանը և Գյումրու ՀՀՇ վարչության խորհրդի նախագահ Մուրադ Գրիգորյանը: Հիմնական մրցակիցներ ընկալվում են Մարտուն Գրիգորյանը և Արման Սահակյանը։ Վերջինիս աջակցելու են Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և մարզպետ Աշոտ Գիզիրյանը: Այս ընտրատարածքը կարևոր է այնքանով, որ ընդգրկում է Գյումրու հիմնական մասը, և այստեղ պատգամավոր ընտրված անձնավորությունը կարող է լուրջ հայտ ներկայացնել Գյումրու քաղաքապետի աթոռի համար:

Այսպես ասած՝ ամենահետաքրքիր ընտրությունները սպասվում են թիվ 35 ընտրատարածքում, որտեղ առաջադրվել է ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը։ Նրա միակ մրցակիցը   «Գյումրի-գարեջուր» ՍՊԸ-ում լաբորատորիայի վարիչ Հայկ Սուլթանյանն է: Այսինքն, Սամվել Բալասանյանը մրցակցելու է իր աշխատակցի հետ:

Թիվ 36 ընտրատարածքում հիմնական մրցակիցներ են համարվում ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանը և Մխիթար Վարագյանը, ով վերջերս է ՀՀԿ-ին անդամակցել: Նա Արթիկի քաղաքապետ Խաչատուր Վարագյանի եղբայրն է: Կարծիք կա, որ պատգամավոր դառնալու համար Մխիթար Վարագյանը հիմնականում աշխատեցնելու է ֆինանսական և վարչական ռեսուրսը: Նրանցից բացի, այս ընտրատարածքում առաջադրվել են նաև Մեղրաշենի համայնքապետ, ՕԵԿ-ը ներկայացնող Հունան Պետրոսյանը և «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը