Լրահոս

21.03.2012 09:47


«Չեխովի դպրոցի տնօրենը մշտապես դրամահավաք է կազմակերպում»՝ բաց նամակ Արմեն Աշոտյանին

«Չեխովի  դպրոցի տնօրենը մշտապես դրամահավաք է կազմակերպում»՝ բաց նամակ Արմեն Աշոտյանին

ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին

 Պարոն Աշոտյան

Ձեզ դիմում է Չեխովի դպրոցի աշակերտներից մեկի ծնողը, որը, հասկանալի պատճառներով, գերադասում է անհայտ մնալ:

Օրեր առաջ համացանցում կրկին մեծ աղմուկ բարձրացավ՝ կապված Չեխովի դպրոցում ապօրինի դրամահավքների հետ: Խնդիրը նրանում էր, որ Չեխովի  դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը մշտապես դրամահավաք է կազմակերպում աշակերտներից, որոնք երբեմն հասնում են աբսուրդ թվերի (ըստ մամուլի հրապարակումների` մինչև 100 000 դրամի չափով):

Ավելին, նույն հրապարակումների համաձայն, Գայանե Սարուխանյանը այդ ամենից դժգոհող ծնողներին հակադարձում էր հետևյալ կերպ. «Եթե ձեռք չի տալիս, երեխայիդ տար ուրիշ դպրոց»:

Նույն Գայանե Սարուխանյանը դպրոցից անհիմն կերպով հեռացրել էր ռուսաց լեզվի ուսուցչուհուն` Անաստասիա Բայկալովային, որը համարձակվել էր բարձրաձայնել այդ ամենի մասին: Հետագայում սույն ուսուցչուհին հանդես էր եկել բաց նամակով, որտեղ նկարագրել էր այն ամենը, ինչ կատարվում է Չեխովի դպրոցում, նույնիսկ խումբ էր բացել Ֆեյսբուքում, որը կոչվում էր  «Չեխովի անվան դպրոց. տնօրենի «բեսպրեդելից»  տուժում են երեխաները»:

Դուք ձեր էջում գրել էիք, որ ահազանգը ընդունել եք, այնուհետև այդ հարցով դիմել էիք քաղաքապետարանի կրթության վարչություն, իսկ կրթության վարչությունը պարզել էր, որ ռուսաց լեզվի ուսուցչուհին իրավունք չուներ աշխատել Չեխովի դպրոցում և միայն այդքանը:

 Ինչևէ, ամբողջ խնդիրը նրանում է, որ այդքան աղմուկը ավարտվեց ոչնչով, տնօրենը շարունակում է մնալ իր պաշտոնին և շարունակում է նույն գործունեությունը` դրամահավաքի տեսքով, դպրոցի բարքերը չեն փոխվել, ամեն ինչ մնացել է նույնը:

Դուք հարցը  քաղաքապետարանի «ուսերին գցելով», փաստորեն, ազատվեցիք ավելորդ գլխացավից, իսկ քաղաքապետարանն էլ հարցը արագորեն փակեց, և արդյունքում ամեն ինչ մնաց նույնը:

Ուստի հարց ենք ուղղում Ձեզ, պարոն Աշոտյան:  Մի՞թե Գայանե Սարուխանյանը անգամ այսքանից հետո շարունակելու է մնալ տնօրենի պաշտոնում, տնօրեն, որի գործունեությունը խարան է ամբողջ դպրոցական կրթության համակարգի վրա: Մի՞թե այսքանից հետո նա չի պատժվելու` ազատելով Չեխովի դպրոցը իր անցանկալի ներկայությունից:

Ակնկալում ենք, որ այս նամակը կստիպի Ձեզ ևս մեկ անգամ հավուր պատշաճի ուշադրություն դարձնել Չեխովի դպրոցի իրրավիճակին և պատժել օրինախախտ տնօրենին, այլ ոչ թե հարցը ուղղել ուրիշ մարմիններին և այսպիսով կոծկել այն:

Այս խորագրի վերջին նյութերը