Լրահոս

20.03.2012 18:24


Ստեփան Սաֆարյան. «Մեր կյանքում փոփոխությունները պետք է լինեն այսօր և ոչ թե վաղը»

Ստեփան  Սաֆարյան. «Մեր կյանքում փոփոխությունները պետք է լինեն այսօր և ոչ թե վաղը»

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հայտարարությունը 2012թ. մարտի 20-ի Ազգային ժողովի նիստում

Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում ու դրանից հետո երկիրը կառավարածների արդարացումները իրենց անճարության, անկարողության, քաղաքականության սնանկության ու թույլ տված սխալների համար մնում են զավեշտի տիրույթում: 

Նրանք ասում էին ու ասում են` 20 տարին փոքր ժամանակ է կատարյալ ու երազի երկիր ունենալու համար: «Ժառանգությունը» հակադարձում է` արդարության հաստատման համար 1 օրն էլ բավարար է, իրավազրկված մարդու իրավունքները վերականգնելու համար բավարար է 1 րոպեն, կարգազանց ու ժողովրդի հարստությունը թալանող պաշտոնյային կարգի հրավիրելու կամ նրա պատասխանատվության հարցը հարուցելու համար պետք է սոսկ 1 վայրկյան:

Իշխանություններն ասում էին ու ասում են, թե երկիրը անցման մեջ է, մեզանում առկա արատավոր երեւույթները «օրինաչափ» ու բնորոշ են եղել շատ այլ երկրների, եւ Հայաստանն էլ, թեպետ դանդաղ, բայց ճիշտ ուղղությամբ առաջ է ընթանում: Պատասխանում ենք` երկիրը անցման մեջ չէ, այլ խրոնիկական ճգնաժամի մեջ ու վտանգի առջեւ, իսկ առաջ գնալու փոխարեն ետ է գնում: Այդ աղետալի ընթացքը կանգնեցնելու ու հաղթահարելու համար փոփոխությունների համոզիչ ծրագիր, քաղաքական կամք ու նվիրված թիմ է պետք, որը դասեր կքաղի այլ ազգերի սխալներից ու կօգտվի նրանց առաջադեմ փորձից:

Իշխանությունները ասել են, թե մեր անազատության, վատ ու դժվար ապրելու պատճառը Հայաստանի վատ հարեւաններն են, պատերազմն ու շրջափակումն են, ղարաբաղյան խնդրի կարգավորված չլինելն է: Երիցս ասում ենք` ոչ: Հայաստանի քաղաքացին չի հավատում սեփական երկրի հեռանկարին ոչ թե ադրբեջանցու կամ թուրքի, ոչ թե Հայաստանի բարդ աշխարհաքաղաքական տեղադրության պատճառով (այդպիսի բացատրություն ոչ մեկից չենք լսել), այլ համատարած կոռուպցիայի, անարդարության ու ամենաթողության, պետական մարմինների ոտնձգություններից անպաշտպան լինելու, սեփական երկրի բարիքներից հավասարապես չօգտվելու, արժանապատիվ աշխատանք չունենալու, իր ընտանիքի անդամների ու երեխայի կրթության, առողջապահական, սոցիալական ու մշակութային կարիքները պատշաճ հոգալ չկարողանալու պատճառներով: Հարեւանների հետ կարգավորված հարաբերությունները կարող են լրացուցիչ դուռ բացել երկրի զարգացման համար, բայց երբեք չեն կարող նույնանալ մեր երկրում քաղաքական, տնտեսական ու սոցիալական արդարության, անխուսափելի բարեկեցության հեռանկարի հետ:

«Ժառանգությունն» ասում է, որ մեր կյանքում փոփոխությունները պետք է լինեն այսօր եւ ոչ թե վաղը, արագ եւ ոչ թե դանդաղ, տեսանելի գործով, այլ ոչ թե գեղեցիկ ելույթներով: Եթե ամեն ինչ շարունակվի ու մնա նույնը, ապա արտագաղթը ստանալու է ավելի ահագնացող տեմպեր: Աղքատները դառնալու են մեր երկրի հիմնական բնակիչները, իսկ աղքատությունը` մարդու եւ ընտանիքների մշտական ուղեկիցը: Որակյալ ու հանրամատչելի կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանվածության ու արդարության, օրինականության ու իրավունքի գերակայության մասին պետք է մեկընդմիշտ մոռանանք:

Հանուն Հայաստանի Հանրապետության ու նրա քաղաքացու պետք է սարեր շարժենք ու միասին, ինչպես որ Րաֆֆի Հովհաննիսյանը բանաձեւեց աստվածաշնչյան իմաստությունը «Ժառանգություն» կուսակցության վերջին համագումարում: Մայիսի 6-ը մեր երկրի ու մեր կյանքում համակարգային փոփոխությունները բերելու կամ դրանք մերժելու օրն է: «Ժառանգությունը» վստահ է, վճռական ու համոզված, որ ազգովի ու մեր համաքաղաքացիների հետ միասին բացելու ենք փոփոխությունների ու փրկության դուռը: Բացելու ենք քաղաքացու, Հայաստան երկրի ու պետության ապագայի համար:  Եւ մենք միասին սարեր ենք շարժելու:   

Այս խորագրի վերջին նյութերը