Լրահոս

20.03.2012 15:24


Ի. Պոպով. «Այն, ինչ մնացել է, առավել բարդ է»

Ի. Պոպով. «Այն, ինչ մնացել է, առավել բարդ է»

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը «ՌԻԱ նովոստի» գործակալությանը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացը բավական ինտենսիվ է ընթանում:

Պոպովը մասնավորապես ընդգծել է, որ քննարկվում են խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնք էլ պետք է դառնան ապագա խաղաղ պայմանագրի մշակման հիմքը։

ՄԽ ռուս համանախագահի խոսքերով՝ միայն վերջին մեկ տարում կայացել է նախագահների մակարդակով երեք հանդիպում, որոնց ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կարողացել են պարզաբանումներ մտցնել տարաձայնություններ առաջացնող հարցերում: Նա, սակայն, նշել է, որ թեև շատ քիչ հարցեր են մնացել՝ համեմատած արդեն համաձայնեցվածի հետ, սակայն այն, ինչ մնացել է, առավել բարդ է:

Ռուս դիվանագետը հիշեցրել է հունվարին Սոչիում նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի՝  հիմնարար սկզբունքների շուրջ պայմանավորվածությունների հասնելու գործընթացն արագացնելու մտադրության մասին.

«Այս դիրքորոշումը վկայում է այն մասին, որ կողմերը ոչ միայն պատրաստ են շարունակել բանակցային գործընթացը, այլև մտադիր են ջանքեր գործադրել սպասելի արդյունքի հասնելու համար»։

Ըստ Պոպովի՝ ՄԽ համանախագահ երկրները` Ռուսաստանը, Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները, խնդրի լուծումը տեսնում են միմիայն խաղաղ ճանապարհով: Ու թեև, Պոպովի խոսքերով, միջնորդի դերը մեծ է, սակայն պայմանավորվածության գալը կախված է առաջին հերթին հակամարտող կողմերի բարի կամքից։ 

Այս խորագրի վերջին նյութերը