Լրահոս

17.03.2012 13:47


««Մոզրով»-ի քարանձավը չի փլուզվել»

««Մոզրով»-ի քարանձավը չի փլուզվել»

«Պատմշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Վայոց Ձորի մարզային ծառայությունից մարտի 12-ին ահազանգ էր ստացել, որ Արփի համայնքում հաշվառված «Մոզրով»-ի քարանձավի տարածքում տեղի է ունեցել սողանք: Զանգվածային լրատվամիջոցները հաջորդ օրը ահազանգեցին, թե փլուզվել է «Մոզրով»-ի քանարձավը: ՊՈԱԿ-ի ահազանգով ստեղծված աշխատանքային խումբը ՊՈԱԿ-ի մասնաճյուղի երկու պատասխանատու աշխատակիցները, Վայոց Ձորի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը, Եղեգնաձոր քաղաքի գլխավոր ճարտարապետ Սամվել Աղաջանյանը, Եղեգնաձոր քաղաքի գլխավոր ճարտարապետ Արմեն Աղաջանյանը, մարտի 13-ին եղան տեղում՝  ծանոթացան իրավիճակին: Արդյունքում պարզվեց, որ <Մոզրով>-ի քարանձավը չի փլուզվել: Նկատի ունենելով հարցի կարեւորությունն եւ հասարակական հնչեղությունը, մարտի 14-ին քարանձավի տարածքում նեղ մասնագիտական ուսումնասիրություն են կատարել նաեւ ՊՈԱԿ-ի հուշարձանների պահպանության բաժնի վարիչ, հնագետ Արտավազդ  Զաքյանը և Հայաստանի Անձավագիտական կենտրոնի նախագահության անդամ, անձավագետ-անձավախույզ Վահան Տեր-Ղազարյանը:  Ուսումնասիրությամբ եւս մեկ անգամ հաստատվեց, որ «Մոզրով»-ի քարանձավը չի փլուզվել: Ա. Զաքյանի եւ Վահան Տեր-Ղազարյանի եզրակացությամբ մասնավորապես «քարանձավի  անդունդի մուտքի հատվածի կամարի եզրից քարեր են թափվել՝ առաջացնելով հատակի սողք: Խիստ վթարավտանգ  վիճակ է ստեղծվել կամարի հատվածում: Սա երկրաբանական ու բնակլիմայական ազդեցության հետեւանք է: Քարանձավի հիմնական ծավալը՝ մոտ 300 մետր վնասված չէ եւ վտանգ չի սպառնում քարայրի ամբողջությանը»:

Առաջիկայում նախատեսվում է ժամանակավորապես մետաղյա ճաղավանդակներով ամբողջությամբ  փակել քարանձավի մուտքը եւ Անձավագիտական  կենտրոնի հետ համատեղ իրականացնել <Մոզրով>-ի քարանձավի տեխնիկական, երկրաբանական ուսումնասիրություն:

Մարինե Ավանեսյան «Պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնական հասարակայնության հետ կապերի գծով

Այս խորագրի վերջին նյութերը