Լրահոս

17.03.2012 12:50


Դատախազը չի տարբերում «դուռը փակն» ու «դռնփակ»-ը

Դատախազը չի տարբերում  «դուռը փակն» ու «դռնփակ»-ը

Երկու օր առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվում էր Նարեկ Հարթունյանի կողմից բերված երկու բողոքները:  Դրանցից   մեկը վերաբերում էր «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊԸ  ընկերության հաշիվների վրա դրած արգելանքներին:  Նարեկ Հարթունյանը քննիչ  Ռաֆայել Մկրտչյանին ուղղված դիմումով պահանջել էր վերացնել դրված արգելանքները, ինչը  մերժվել է  քննիչի  որոշմամբ: Քննիչի  որոշման դեմ Հարթունյանը  բողոք էր ներկայացրել  ՀՀ գլխավոր դատախազին: Ներկայացված բողոքը մակագրվել էր դատախազ Բագրատ Պետրոսյանին, ով  մերժվել է ներկայացված բողոքը:  Մյուս որոշումը, որը բողոքարկվել էր,  վերաբերում էր Սևակ Արզարունու, Արտյոմ Մարտիրոսյանի և  Արսեն Արտաշեսյանի նկատմամբ քրեական  հետապնդում չիրականացնելուն  ու վերջիններիս նկատմամբ մեղադրանքներ չառաջադրելուն: Այս բողոքը եւս  մերժվել էր դատախազ Բագրատ  Պետրոսյանի կողմից:

Երկու որոշումների դեմ բերված բողոքները մակագրվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների  ընդանուր  իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռ. Ներսիսյանին: Նշենք, որ դատական նիստին դատարան չէր ներկայացել քննիչ Ռաֆայել Մկրտչյանը: Վերջինս դատարանին չէր ներկայացրել  նյութերը, մինչդեռ պարտավոր էր դա անել: Այդ պատճառով նիստը հետաձգվեց, որպեսզի քննիչ  Ռ.Մկրտչյանը նյութերը ներկայացնի դատարան: Հաջորդ դատական նիստերը նշանակվեցին ապրիլի 6-ին և 10-ին: 

Ի դեպ, դատական նիստի ժամանակ պաշտպանական կողմը դատարանին խնդրեց թույլ տալ տեսանկարահանել: Սրան առարկեց դատախազ Պետրոսյանը` պատճառաբանելով, որ դատական նիստը իրականացվում է դռնփակ:

Դատավոր Ռ.Ներսիսյանը, սակայն,  ստիպված եղավ պարզաբանել դատախազին, որ ՀՀ քրեական  դատավարության օրենսգրքի 290 հոդվածի կարգով բերված բողոքները քննվում են դռնբաց: Այսքանից հետո հարցին, թե արդյոք դեռ առարկում է տեսանկարահանմանը, դատախազը պատասխանեց «այո»: Անշուշտ, նա չկարողացավ հիմնավորել իր պատասխանը: Իսկ ինչու դատախազը դուռը փակած դահլիճում դատական նիստը դռնփակ նիստից չի կարողանում տարբերել, թերեւս կարելի է կռահել միայն:

Մարիամ Մուղդուսյան

Այս խորագրի վերջին նյութերը