Լրահոս

16.03.2012 10:56


Ոստիկանությունը բնապահպան ակտիվիստներին և քաղաքական ուժերին հրավիրում է քննարկման

Ոստիկանությունը բնապահպան ակտիվիստներին և քաղաքական ուժերին հրավիրում է քննարկման
Սույն թվականի մարտի 14-ին Մաշտոցի պողոտային հարող պուրակում ՀՀ ոստիկանության կողմից իրականացվել են հասարակական կարգի պահպանմանն ուղղված գործողություններ, որոնք տարբեր գնահատականների են արժանացել մի շարք հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, կուսակցությունների ներկայացուցիչների կողմից:
Չնայած ՀՀ ոստիկանությունն իր նախորդ հայտարարության մեջ հանգամանորեն անդրադարձել է իրականացված գործողությունների իրավական հիմքերին, այդուհանդերձ, ԶԼՄ-ներով արտահայտվել են տարաբնույթ և իրարամերժ կարծիքներ ու տեսակետներ իրականացված գործողությունների իրավաչափության վերաբերյալ:
ՀՀ ոստիկանությունը կարևորում է հանրության ներկայացուցիչների տեսակետները նաև այն դեպքերում, երբ չի կիսում դրանք և` համաձայն վերջին ժամանակահատվածում ձևավորվող ավանդույթի, իր պատրաստակամությունն է հայտնում իրենց դիրքորոշումն արդեն իսկ հրապարակած՝ ՀՀ Մարդու իրավունքների  պաշտպանի գրասենյակի, «Մենք ենք այս քաղաքի տերը», «Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի», «Թռչկան», «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնությունների, ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչների, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերի հետ անցկացնել կլոր սեղանի շուրջ քննարկումներ հետևյալ հարցերի շուրջ՝
-       Ընդհանուր ազատությունը («թույլատրելի է այն ամենը, ինչն արգելված չէ օրենքով») որպես սկզբունք և իրավունք,
-       «Հասարակական կարգ» և «հասարակական անվտանգություն» եզրույթների հասկացությունն ու բովանդակությունը,
-       Հասարակական վայրերում վրանի/վրանների տեղադրման իրավաչափությունը,
-       Ոստիկանության հայեցողության սահմանները, հարկադրանքի կիրառման նախապայմանները,
-       Լարվածությունը թուլացնելու սկզբունքը ոստիկանության գործելակերպում,
-        Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը և ԵԱՀԿ չափորոշիչները վերը նշված հարցերի համատեքստում:

«Կլոր սեղանի» քննարկումները տեղի կունենան մարտի 17-ին, ժամը    16.30-ին, ՀՀ ոստիկանության շենքում (հասցեն՝ Նալբանդյան 130):

Խնդրում ենք մասնակցության հայտերը (ներկայացուցչի տվյալները) ներկայացնել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն, մինչև մարտի 17-ի ժամը 12.00-ն (հասցեն՝ Նալբանդյան 130, ոստիկանության Մշակույթի կենտրոն, 2-րդ հարկ, հեռ.՝ 54-73-14, էլեկտրոնային փոստի հասցեներ` [email protected], [email protected]:
ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը