Աշխարհ

16.03.2012 09:20


Ադրբեջանը Ռալֆ Պիտերսի հոդվածում և քարտեզներում

Ադրբեջանը Ռալֆ Պիտերսի հոդվածում և քարտեզներում

ԱՄՆ բանակի պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսի 2006 թվականի հունիսի 6-ին գրած «Միջին Արեւելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի եւ հավատի նմանությունների» հոդվածում Ադրբեջանին վերաբերող հատվածը զետեղված է Իրանին վերաբերող արդեն մեզ հայտնի հատվածի մեջ. «Խելացնոր սահմաններով Իրանն իր տարածքի մի մասը կզիջի Միացյալ Ադրբեջանին…»(1):

Քանի որ, Ռալֆ Պիտերսն իր հոդվածում գործածել է «տարածքային նվիրատվություն» բառակապակցությունը, մենք էլ օգտվենք դրանից եւ նկատենք, որ Ռալֆ Պիտերսը «տարածքային նվիրատվություններ» է կատարել Ադրբեջանի օգտին: Դրանք երեքն են.

1. Քարտեզում բացակայում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, այն նշված չէ ընդհանրապես,

2. Հյուսիսային Իրանի տարածքների հաշվին ընդարձակվելիս` ի շահ Ադրբեջանի <<անհետացել է>> Նախիջեւանի Ինքնավար Մարզը, հասկանալի է, իր իրավական-քաղաքական բոլոր հետեւանքներով հանդերձ,

3. Ադրբեջանին որպես <<տարածքային նվիրատվություն>> <<հատկացվել է>> նաեւ Հյուսիսային Իրանի, այսպես կոչված` Հարավային Ատրպատականի տարածքը:

Այժմ հասկանալի է, թե ինչո՞ւ էին այդքան շտապում Ադրբեջանի օրենսդիրները 2012 թվականի փետրվարի 1-ին, երբ` «Մի խումբ ադրբեջանցի պատգամավորներ երկրի անվանումը փոխելու նախաձեռնությամբ հանդես եկան: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն: Խորհրդարանականների կարծիքով, հաշվի առնելով, որ Իրանի հյուսիսային շրջանները բնակեցված են ազերիներով, ապա անհրաժեշտ է ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը «դարձնել» Հյուսիսային Ադրբեջանի Հանրապետություն: Այս նախաձեռնության հեղինակներն Ադրբեջանում իշխող` «Յենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան») կուսակցության պատգամավորներն են: Նշենք, որ այս առաջարկությունը դեռ հունվարին հնչեցրել էր ընդդիմադիր պատգամավոր Հուդրաթ Հասանգուլիեւը` կոչ անելով <<պաշտոնապես հայտարարել, որ ադրբեջանցիները բաժանված ազգ են»: /Haynews.am, 01.02.2012 - 18:55/

Այժմ հասկանալի է նաեւ, թե ինչո՞ւ իր տարածքային ամբողջականության ճանաչման խնդրանքով` 2011 թվականի օգոստոսի 2-ին` ադրբեջանցիները դիմել են հենց ԱՄՆ Սենատին. <<Տեսնելով, թե ինչպես ԱՄՆ Սենատը 175 բանաձեւով ընդունեց Վրաստանի տարածքային ամբողջականությունը եւ Աբխազիան ու Հարավային Օսիան անվանեց օկուպացված տարածքներ, ադրբեջանցիները որոշել են օգտվել այդ առիթից ու այժմ էլ իրենց բախտը փորձել: Ադրբեջանը դիմել է Սենատին իր տարածքային ամբողջականության ճանաչման ու Լեռնային Ղարաբաղը օկուպացված տարածք ճանաչելու խնդրանքով: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Բաքուն նաեւ հորդորել է արտասահմանում ապրող իրենց հայրենակիցներին` նմանատիպ բանաձեւ ընդունելու պահանջով նամակներ գրել Սենատին>>: /Asekose.am, 02/08/2011/

ԱՄՆ Սենատին են դիմել, որովհետեւ ադրբեջանցիները հավանաբար նույնպես ծանոթ են ԱՄՆ բանակի պաշտոնաթող Ռալֆ Պիտերսի հոդվածին ու քարտեզին եւ ենթադրել են, որ ոչ միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես 2008-ին հայտարարել էր Մեթյու Բրայզան (2), այլեւ Ադրբեջանի ընդարձակման երաշխավորը` ԱՄՆ-ն է:

Դե ինչ, դրա համար երկար սպասել պետք չէ, որովհետեւ իրադարձությունների ժամանակակից սրընթաց զարգացումները ցույց են տալիս, որ հետեւանքները սարերի հետեւում չեն:

Մեր կողմից հավելենք միայն, որ Ադրբեջանի դեպքում եւս, ինչպես ողջ Միջին Արեւելյան այս մեծ ու վտանգավոր ողջ խաղում, կրկին հաշվի չեն առնված հայությանն ու Հայաստանին եւ Իրանին վերաբերող իրավական-քաղաքական մի քանի կարեւոր գործոններ: Առաջին, որ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման վերաբերյալ Փարիզի վեհաժողովի հատուկ հանձնաժողովը զեկույց-առաջարկ է ընդունել դեռեւս 1920 թվականի փետրվարի 24-ին եւ որն անմիջականորեն վերաբերում է նաեւ Նախիջեւանին եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը (3): Երկրորդ, որ Հայաստան-Իրան սահմանը երկու պետությունների համար էլ չափազանց մեծ նշանակություն ունի, որովհետեւ մնացած բոլոր ուղղություններում, անցնող տասնամյակների ընթացքում, այդ երկու պետությունները հաճախ են անօրինական եւ արհեստական շրջափակումների ենթարկվել (4): Եւ երրորդ, որ Ատրպատականը Ադրբեջան չէ եւ բնավ պարտադիր չէ, որ պատմության կեղծարարների մտագարությունները նույնությամբ փոխանցվեն ու իրականացվեն ազգերի ու պետությունների նոր պատմության էջերում:

Հավելենք նաեւ, որ ռիսկի մեծությունը եւ առաջարկված ծրագրի վտանգավոր անհեթեթությունը հասկանում են նաեւ մյուս կողմերը: Այլապես ինչո՞վ բացատրել Իրան-Թուրքիա-Ադրբեջան հուշագրի ստորագրումը (5), եթե իհարկե դա Իրանին հանգստացնելու եւ ապակողմնորոշելու հեռահար նպատակ չի հետապնդել:

«Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն

Ծանոթագրություն

1. Տես, Ռալֆ Պիտերս, «Միջին Արեւելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի եւ հավատի նմանությունների», թարգմանությունը եւ նախաբանը «Ազգ» օրաթերթի, 25.08.2006: Blood borders, How a better Middle East would look, By Ralph Peters, All content © 2006, Armed Forces Journal | Terms of Service.

2. Տես, Մեթյու Բրայզա. <<Մենք աջակցում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը...>>, PanARMENIAN.Net, 15.03.2008, 15:50:

3. Տես, Արա Պապյան, Հայ-ադրբեջանական սահմանը (փորձաքննություն ըստ միջազգային իրավունքի), <<Ուխտ Արարատի>>, թիվ 2 (16), նոյեմբեր-դեկտեմբեր, 2008: Տես, http://oukhtararati.com կայքում, amsagrer բաժնում:

4. Տես, Ինչո՞ւ Արեւմտյան Հայաստան, որովհետեւ այնտեղից են բխում ներկայի սպառնալիքները, 21.11.2011, http://www.western-armenia.eu/stat.gov.wa/index.htm:

5. Տես, Ադրբեջանը, Իրանը եւ Թուրքիան եռակողմ հուշագիր են ստորագրել, Azatutyun.am, 08.03.2012: 

Այս խորագրի վերջին նյութերը