Լրահոս

06.03.2012 16:00


Այսօր կոլումբիացի հռչակավոր գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի 85-ամյակն է

Այսօր կոլումբիացի հռչակավոր գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի 85-ամյակն է

Մարտի 6–ին լրացավ կոլումբիացի աշխարհահռչակ գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի ծննդյան 85-ամյակը։

Մարկեսը, որն իսպանախոս աշխարհում հայտնի է նաև Գաբո անվամբ, ծնվել է 1927–ին Կոլումբիայի Արակատակա քաղաքում։ Մոգական ռեալիզմ գեղարվեստական ուղղության այս ներկայացուցիչը 1982–ին գրականության բնագավառում արժանացել է Նոբելյան մրցանակի:

Մարկեսի գործերը թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով։ Գրողին համաշխարհային ճանաչում է բերել լատինաամերիկյան ու համաշխարհային գրականության գլուխգործոց համարվող «Հարյուր տարվա մենություն» վեպը (1967)։ Հայտնի գործերից են նաև «Գնդապետին ոչ ոք չի գրում» (1961), «Չարաբաստիկ ժամը» (1966), «Սերը ժանտախտի ժամանակ» (1985) վեպերը։

Ինչպես տեղեկացնում է «Интерфакс»-ը, Մարկեսին շնորհավորական ուղերձ է հղել նաև ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Շնորհավորելով մեծ գրողի տարեդարձը` Մեդվեդևը նշել է, որ Մարկեսն իր ստեղծագործություններում մշտապես բարձրացրել է կյանքի սուր և փիլիսոփայական խնդիրները, ինչպես նաև նպաստել բարու և արդարության իդեալի կերտմանը: Մեդվեդևն անգամ հրահանգել է շքանշանով պարգևատրել Մարկեսին Ռուսաստանի և Լատինական Ամերիկայի միջև ընկերական հարաբերությունների հաստատման գործում ունեցած ավանդի համար:

Սիրված գրողին ցանկանում են տեսնել նաև Հայաստանում: Դեռ 2011-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում խումբ էր ստեղծվել «Հրավիրենք Մարկեսին Հայաստան» անվամբ։ Ի վերջո, ՀՀ մշակույթի նախարարությունն ուղարկեց հրավերը, սակայն գրողը, վատառողջ լինելու պատճառով, հնարավոր է՝ չընդունի այն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը