Լրահոս

15.05.2009 10:21


Նախագահ Սարգսյանը ներկայացրել է Թուրքիայի տարբեր պաշտոնյաների կողմից հնչող հայտարարությունների վերաբերյալ իր կարծիքը

Նախագահ Սարգսյանը ներկայացրել է Թուրքիայի տարբեր պաշտոնյաների կողմից հնչող հայտարարությունների վերաբերյալ իր կարծիքը

Մայիսի 14-ին Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլին:

Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Միացյալ Թագավորության օժանդակությունը մեր երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացին: Նախագահ Սարգսյանն ասել է, որ օրերս Պրահայում հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման հեռանկարը քննարկել է Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Դեյվիդ Միլիբենդի հետ:

Սերժ Սարգսյանը միանգամայն դրական և օգտակար է համարել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվություններ անցկացնելու վերաբերյալ բրիտանական կողմի առաջարկությունը, ինչը, նրա խոսքով՝ հնարավորություն կտա ծանոթանալ տարբեր հարցերի շուրջ միմյանց մոտեցումներին ու դիրքորոշումներին:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Հյուրի խնդրանքով Նախագահ Սարգսյանը ներկայացրել է Թուրքիայի տարբեր պաշտոնյաների կողմից հնչող հայտարարությունների վերաբերյալ իր կարծիքը: Նախագահն ասել է, որ ինչպես բազմիցս նշվել է հայ-թուրքական շփումների ընթացքում, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը միջամտելու Թուրքիայի ցանկացած փորձ կարող է միայն վնասել այդ գործընթացին: Ըստ երկրի ղեկավարի, եթե Թուրքիան ցանկանում է օգնել հակամարտության խաղաղ կարգավորմանը, ապա դրա ամենաճիշտ ձևը կլինի այդ գործընթացին ընդհանրապես չխառնվելը:

Նախագահ Սարգսյանը և Բրայան Ֆոլը մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Հարավային Կովկասում Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչն ասել է, որ Մեծ Բրիտանիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և կարևորում է հիմնախնդրի կարգավորումը միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա:

Այս խորագրի վերջին նյութերը