Լրահոս

05.03.2012 14:59


Անցյալ շաբաթ արձանագրվել է կանգառագոտիներից դուրս կայանման 24 և վարորդների ծխելու 14 դեպք

Անցյալ շաբաթ արձանագրվել է կանգառագոտիներից դուրս կայանման 24 և վարորդների ծխելու 14  դեպք

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մարտի 1-ից վերսկսվել է մայրաքաղաքի կանաչ գոտիների գույքագրման և ծառերի համարակալման գործընթացը:  Հունվարից մեկնարկած աշխատանքների արդյունքում արդեն համարակալվել է 4200 ծառ: Նշվել է նաև, որ որոշ տեղերում բնակիչները ցանկություն են հայտնել անձամբ մասնակցել համարակալման գործընթացին:

Անդրադառնալով ապօրինի ծառահատումների կանխման ուղղությամբ քաղաքապետի հանձնարարականին` բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 2 դեպք, որից մեկով էլ հարուցվել է քրեական գործ:

Մայրաքաղաքի շուկաների և ստորգետնյա անցումների սանիտարական պատշաճ վիճակի ապահովման հետ կապված առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ ստուգումների արդյունքում ընդհանոր առմամբ վիճակը գնահատվել է բավարար: Կենտրոն վարչական շրջանի 8 գետնանցումներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում 2-ի սանիտարական վիճակը գնահատվել է անբավարար:  Քաղաքապետը հանձնարարել է վարչական շրջանի ղեկավարին հսկողություն իրականացնել նշված տարածքում և անհրաժեշտության դեպքում վերանայել վարձակալների հետ կնքված պայմանագրերը:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հսկողությունը հասարակական տրանսպորտի կանոնակարգման ուղղությամբ: Անցյալ շաբաթ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է կանգառագոտիներից դուրս կայանման 24 և վարորդների ծխելու 14  դեպք: Սահմանված սանիտարական նորմերը խախտած տրասպորտային միջոցները ժամանակավորապես դուրս են բերվել երթուղագծերից, մաքրվել և հետո միայն շարունակել են սպասարկումը: Զեկուցվել է նաև, որ շարունակվում են վերանորգման անհրաժեշտություն ունեցող կանգառասրահների վերականգնման աշխատանքները: Նախորդ շաբաթվա ընթացքում վերանորոգվել է 27 կանգառասրահ, սակայն միևնույն ժամանակ տրանսպորտի վարչության պետը տեղեկացրել է, որ  արձանագրվել են վերանորոգված կանգառասրահների կոտրման  դեպքեր: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը, հայտնաբերել հասարակական կարգը խախտողներին և կիրառել համապատասխան տույժեր:

Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են մայրաքաղաքի կենտրոնական և երկրորդական փողոցների փոսալցման և ճաքալցման աշխատանքները, հիմնանորգումը կիրականացվի ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ: Զեկուցվել է նաև, որ պատրաստ են Սարալանջի, Աթենքի փողոցների և Մյասնիկյան պողոտայի զառիթափերից քարաթափումը կասեցնելու նպատակով նախատեսված աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը:

Անդրադառնալով վարչական շրջանների տարածքներում գտնվող ավտոմեքենաների թափքերի հավաքման աշխատանքներին` կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմակերպվել և դուրս է բերվել 12 թափք:

Զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի և <> ՓԲԸ-ի համատեղ նախաձեռնությամբ դեռ նոյեմբերին մեկնարկած Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի հ. 14 և 15 բնակելի շենքերի գազիֆիկացման աշխատանքներն ավարտված են և բնակիչները հնարավորություն ունեն օգտվելու վառելիքից: Ծրագրի հաջորդ փուլերում նախատեսվում է գազիֆիկացնել 16 թաղամասի մնացած բարձրահարկերը:

Անդրադառնալով վարչական շրջանների տարածքներում գյուղմթերքի փոքր շուկաների ստեղծմանը` առևտրի և սպասարկումների վարչության պետը նշել է, որ վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների կողմից արդեն ստացվել են նոր շուկաների ստեղծման վայրերի վերաբերյալ առաջարկություններ: Տարոն Մարգարյանը հանձնարարել է մեկ անգամ ևս ուսումնասիրել և հնարավորին սեղմ ժամկետում ավարտել փաստաթղթային ձևակերպումները:

Աղբահանության գումարների հավաքագրման գործընթացին անդրադառնալով` քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է համատիրությունների նախագահների հետ հետևողական աշխատանք տանել`հավաքագրումը պատշաճ ձևով կազմակերպելու համար, իսկ գործունեության արդյունավետության ապահովման նպատակով պարբերաբար համալրել տվյալների բազան և տրամադրել վարչական շրջաններին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը