Լրահոս

05.03.2012 20:33


Բաց նամակ ԼՂՀ ղեկավարությանը

Բաց նամակ ԼՂՀ ղեկավարությանը

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ

     ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

         ԼՂՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ

ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ ՈՒ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՄԵՐ ՈՂՋ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Բաց նամակ

Պարոն նախագահ, վերջին տարիներին շատ է չարչրկվում տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, գործարարության խթանման, բարեկեցության խնդիրները՝ հաշվի չառնելով միջոցների ընտրության ու որպիսության պարագան: Իսկ սա այն դեպքում, երբ միջոցների առջև խտրություն չդնելը կարող է կործանարար լինել ոչ միայն մի սերնդի համար, այլև խորտակել մեր ապագայի տեսիլքը՝ հուսահատության մատնելով հայոց ազգային ոգուն չդավաճանած սրբազան հայրենիքի նվիրյալ զավակներին: Խոսքը առաջին հերթին հանքարդյունաբերության զարգացման, բնական պաշարների շահագործման, օգտակար հանածոների կորզման սպառողական դիրքորոշման մասին է, որը ոչ միայն նվաստացուցիչ ընթացք է ու վիրավորում է մեր ազգային արժանապատվությունը՝ օտար ուժերի հումքային կցորդը դառնալու տեսանկյունից, այլև մահացու հարված հասցնելով Մայր Բնության բնական համակարգերին (անտառներ, հովիտներ, արոտավայրեր, լեռնային մարգագետիններ, առուներ, գետեր, աղբյուրներ, հողային բնական  կենսաշերտեր, ապարային ամրություններ, բուսական, կենդանական մանր (միկրո) ու մեծ (մակրո) աշխարհների ողջ կենսաբազմազանության ամբողջականություն) նետում է մեզ մեր իսկ ձեռքով պատրաստված ինքնաոչնչացման դժոխային կաթսայի մեջ: Այս դեպքում արժեզրկելով նաև հայրենիքի համար դարերով թափված նվիրական արյունն ու պատվական քրտինքը: Մեր «գաղափարապաշտ» հայրերն արդեն դատապարտել են այս ուղին՝ որակելով այն որպես «Ծխնելուզային Հայաստանի» մղձավանջային ընթացք, որը տեխնիկական քաղաքակրթության հրեշածին զավակն է: Մի կողմից զանգվածային լրատվամիջոցներով քարոզելով քաղաքային կյանքի պատրանքային բարիքներ, չարը ոչ միայն հեշտասեր երիտասարդության ծնունդն է հղանում ու այլասերման ճահճի մեջ գցում, այլև արհամարհանք է առաջացնում գյուղական կյանքի (մի գուցե՞ որոշ առումով դժվար) պարզ կենցաղավարության հանդեպ, որը դարերով ապահովում էր մեզ արժանապատիվ կյանքի անթառամ պսակներ: Արդյունքում գյուղերն ամայանում են և բնակչությունը կենտրոնանում է քաղաքների մեջ (ուրբանիզացիա), որոնք այլևս պարզ արհեստագործական կենտրոններ չեն, այլ հայ գյուղացու ստրկությունը «կազմակերպող» անտանելի միջավայր: Այս իրավիճակից ելքը (իմ կարծիքով) ոռոգման համակարգերի ներդրմամբ գյուղատնտեսության՝ (այգեգործություն և բանջարաբոստանային հողագործություն) թռիչքային զարգացումը կլինի, որը ոչ միայն գյուղացուն դուրս կբերի «ինքնաբավարարման» բնատնտեսական կենցաղավարությունից, այլև կարող է մի քանի միլիոն բնակչության համար ապահովել (էկոլոգիապես մաքուր) բարձրակարգ սննդամթերք՝ առաջին հերթին մարդու առողջության հիմք հանդիսացող մրգերի, բանջրեղենի և ընկուզեղենի անհրաժեշտ քանակություն մատակարարելով (որ մեծ պահանջարկ ունի ամբողջ աշխարհում): Ազատագրված տարածքների արդյունավետ յուրացումն ու վերաբնակեցման ճիշտ քաղաքականությունը այս խնդիրներին յուրահատուկ լուծման կհանգեցնեն: Իսկ եթե սրան գումարվի մաքուր օդը, ամառվա շոգը մեղմող սառը քաղցրահամ աղբյուրները, առուներն ու գետերը, անտառահովիտներն ու ալպիական մարգագետինները, կանաչ լեռների ու անտառների անփոխարինելի գեղեցկությունը, որը աշխարհը չունի, ապա արցախյան դրախտի տեսիլքը մեր սերունդների երջանիկ ապագան հաստատուն կդարձնի, որից էլ մեզ ձգտում են զրկել օտար հովերի պատրանքներով սնվող հանքարդյունաբերության ջատագովները: Իսկ եթե մեր հողից ստացվող բնության բարիքների առատություն լինի, ապա կարիք էլ չի լինի աշխատավարձերի ուռճացման և կմնա միայն ոգու թռիչքներ տենչացող, հոգեբարոյական բարձր արժեհամակարգ ունեցող երիտասարդության դաստիարակությունը: Բայց եթե «ոսկու տենդով» բռնված ավերենք մեր չքնաղ բնությունը, ապա լուրջ մարտահրավերների առջև կկանգնենք: Հիշենք ավետարանական առակը՝ այգում աշխատող չար ծառաների մասին, որ իրենց տիրոջը պտուղ չեն տալիս: Եկեք, ուրեմն, չնմանվենք չար մշակներին, որոնց տերը  պատժելով արտաքսում է և ուրիշների վերցնում: Հավատացած եմ, որ մենք կարող ենք լավ մշակներ լինել և Աստծո այգին՝ մեր Մայր Բնությունը չենք ապականի, որպեսզի մեր տերը (Աստված) չմտածի ուրիշ ծառաներ վարձելու և մեզ կործանելու մասին:

Հակառակ դեպքում մեզ ոչ տանկերը կօգնեն, ոչ սփյուռքահայերի օգնությունը, ոչ էլ մեր արիությունը: Այսինքն չպետք է մտածենք, որ եթե հանքարդյունաբերությունը չլինի, ապա բանակ պահելն ու զենք ձեռք բերելը անհնարին կամ դժվար դառնալով պարտության կառաջնորդի: Արդեն փորձառություն ունենք, որ մեծ սպառազինություն, նյութական ու մարդկային ահագին ռեսուրսներ ունեցող կողմը կարող է պարտվել...

Այն ժամանակ մեր հավատն ու հույսը մեր արդարությունն էր, որ աստվածային կամքին համերաշխ լինելով (մեծամասամբ) հակառակորդի զորությունը ընկճեց: Իսկ եթե տգիտաբար տրվենք ագահությանը կամ տեխնիկական քաղաքակրթության հզորության պատրանքներին, ապա Աստծո առաջ մեր արդարությունը կնվազի ու այս դեպքում կաշխատի ոչ միայն տրամաբանական օրենքը, այլև Աստծո կամքը կարող է թեքվել մեր հակառակորդի կողմը... (եկեք ինքներս մեր գերեզմանափորը չդառնանք): Սիրենք Մայր Բնությունը, որ երբեք մեզ չի դավաճանել, այլ պահել, կերակրել, պաշտպանել է: Մենք չպիտի դառնանք մեքենայի և ոսկու ստրուկներ ու Արևմուտքի ճանապարհն ընտրենք. «Արևմուտքը խենթացած գազանի նման քերում է երկրագնդի մակերեսը նոր գանձեր գտնելու համար, և անգիտակցաբար փորում է իր գերեզմանը:  18-րդ դարից նա ժառանգել է նյութապաշտ իմացականության դյուրին զենքը, որով կարողանում է հաղթել բնության տարրական ուժերին... Նա ուրանում է հոգեկան արժեքների ավանդական շաղկապումը, մարդը իրի է վերածում, ազգությունը՝ տնտեսական ազդակի ու խորհուրդը՝ նախապաշարումի... Ու իր ծոցից դուրս եկած լավագույն խորհողները՝ Շպենգլեր, Կայզերլինգ և շատ ուրիշներ, վկայում են նրա մոտավոր մահը» (Կոստան Զարյան. «Հայության կոչումը»):

Չմոռանանք, որ մեր ուղին այլ է. «մեր դաշտերը, մեր լճերը մագլցում են դեպի լեռը... վա¯յ մեզ, եթե վար իջնենք...»  (նույն տեղում): Այո° «մեր հոգեկան սնունդը Արարատից է գալիս՝ չոր ու ցամաք, տնտեսապես անպետք մի լեռից» (նույն տեղում): Իսկ եթե «ուրանանք մեր անցյալը, դավաճանենք մեզ, և հետևելով իրապաշտ առաքյալների դավանանքին, ընդունենք քաղաքակրթական շուկայում մեզ վիճակված փոքրիկ խանութպանի դերը, կստորագրենք մեր մահը...» Հայաստանի կլինի, ինչպես այսօր, Արևմուտքի կամ Արևելքի (հոդվածում՝ Մոսկվայի) առջև դողացող մշտնջենական մուրացիկ, որը պետք ունի դրամագլխի, որպեսզի աշխատի, պետք ունի շուկայի, որպեսզի ծախսի, պետք ունի դրական գիտության, որպեսզի մտածի (Կոստան Զարյան՝ նույն տեղում):

Մենք դատապարտված ենք մերժելու «ստամոքսային Հայաստանի» գաղափարը: Եվ սա ոչ միայն ըստ Կոստան Զարյանի... Ամբողջ քրիստոնեական արժեհամակարգը, եկեղեցու քարոզչությունը և նույնիսկ նախաքրիստոնեական իմաստասիրությունը այս նպատակին էր միտված:

«Իմ սիրտը լեռներում է»,- կասեր մեծն Վիլյամ Սարոյանը և ոչ կապիտալիզմը, կամ շուկայական մտածողությունը, սոցիալիզմն ու լիբերալիզմը մերը լինել չեն կարող, քանզի կասեցնում են ազգային ոգու ընթացքը:

(Պարոնա°յք) Ըստ որոշ լուրերի (կարծում եմ դուք ավելի քաջատեղյակ եք) այսպես կոչված միջազգային հանքարդյունաբերության ոլորտի «խաղացողների» կողմից Հայաստանը (ներառյալ Արցախը) «քարուքանդ անելու» ծրագիր է իրագործվում, որի արդյունքում մեր չքնաղ հայրենիքը պիտի վերածվի քիմիական աղբակույտերի մեծ գերեզմանի: Եվ այս նպատակի իրագործման համար «ճակատ է հարդարում» «ստամոքսային հայրենիքի» «հրետանային» քարոզչությունը: Հոգեբանական պատերազմի պայմաններում մեզ կարող է օգտակար լինել անցյալի դառը փորձը: Սովետմիության հումքային կցորդը դարձած Սյունիքը դատարկվում էր բնիկ ժողովրդից, որովհետև անհնար էր հանքարդյունաբերությունը համատեղել առողջ ապրելակերպի հետ... (մեռելածնության դեպքերը դեռ մեծ ողբերգություն չէր համարվում, առավել սարսափելի էր հրեշաածնության բազում օրինակները... որոշ դեպքերում մորը նույնիսկ չէին ասում, միանգամից տանում էին ոչնչացնելու...): Սակայն լիբերալիզմն ավելի դաժան դուրս եկավ, քան սոցիալիզմը: Նա սկզբում զբաղվում է «ուղեղների լվացքով» ու հետո իր դեմքն է ցույց տալիս: Եթե սովետը, օրինակ Քաջարանում ծրագրել էր տարեկան 7-8 մլն տոննա հանքանյութ շահագործել 350 տարում, ապա լիբերալ գիշատիչները ծրագրել են այդ թվերը հասցնել տարեկան 20-25 մլն տոննայի, իսկ հեռանկարում 40-45 մլն տոննայի...

Այսօր չարն ուղղակի գերմանական ընկերության լեզվով Քաջարանի և շրջակա գյուղերի բնակիչներին հեռանալու կոչ է ուղղել, իսկ իշխանությունները ձգտում են, որպեսզի բռնագաղթը «սահուն» կերպով իրականացվի: Թեղուտի (Լոռի) կորուստը սարսափազդու է՝ անտառազուրկ Հայաստանի համար...

Մոտ 2000 (1980 հա) բնական կենսատարածք է ավերվում, որից 1600 հա-ը զուտ անտառազանգված (մանրամասնությունները տես իմ «Հայաստանի կործանման մարտավարությունը...» հոդվածում): Եվ այս «հանցագործության հեղինակը» նույն ընկերությունն է, որը շահագործում է Դրմբոնի ոսկու հանքը (ընկերության բաժնետոմսերի 81 %-ը) պատկանում է Լիխտենշտեյնում գրանցված «Վալլեքս» ընկերությանը, իսկ 19%-ը Ռուսաստանի քաղաքացի Վալերի Մեջլումյանին (Ամբողջ ազգը անիծել է այս մարդուն, իսկ հոգևոր դասը «սխալմամբ օրհնում է» սրանց գործերը... տես «Դե ֆակտո», 2007 թ. օգոստոսի համարի լուսանկարները): Այս մարդիկ ծրագրել են 10 տարում կորզել Դրմբոնի 3 մլն տոննա ոսկու պարունակությամբ հանաքավայրի պաշարները՝ ոտնատակ տալով մեր ազգային արժանապատվությունը, պղծելով, ավերելով, թունավորելով Թարթառի գեղատեսիլ հովիտը...

Բայց չէ՞ որ հանուն այդ արժանապատվության ենք զենք վերցրել, որպեսզի օտարը չկարողանա այն ոտնահարել: Նույնիսկ սովետական Ադրբեջանը չէր համարձակվում այդպիսի «ռիսկերի գնալ»: Այսինքն մի հաղթական կռվից հետո Լիխտենշտեյնի ավազակների հարստահարման զո՞հը պիտի դառնանք... (թե՞ արդեն դարձել ենք...): «Սզնեքի» քարհանքի պատկերը կենդանի օրինակ է «Ոսկու տենդից» հյուծված անմիտ գյուղացիների հայրենավաճառության ընթացքի: Այո° հայրենավաճառության, քանի որ այդ բազալտի 5-8 մետրանոց քարակտորները կազմելով մեր Մայր-Երկրի (կամ հայրենիքի) «քարոլորտը»՝ մի երկրորդական ավելորդություն չէ, այլև Մայր Բնության ոսկրային կմախքն է կազմում, որից զրկվելը ոչ միայն վերականգնում չի խոստանում, այլև հղի է ծանրագույն հետևանքներով: Պատկերացնենք այն վիճակը, երբ մեր ողնաշարի մի քանի ոսկորներից զրկվենք: Այս ամենը ի վերջո երկրաբանական աղետների դուռ է բացում, սակայն ավելի ակնհայտ է բարոյական կորստի վտանգը, երբ մեր աչքի առաջ թույլ է տրվում հանցագործ վերաբերմունք, և գրպանային շահերը գերադասվում են հայրենապաշտական ոգուց: Կարծում եմ ազգային արժանապատվությունը, հայրենի բնությունը գին չունեն և միայն ազգային ինքնությունից և հոգևոր արժեհամակարգից հեռացած մարդիկ կարող են այդպիսի սխալներ թույլ տալ:

Եվ թող ոչ ոք չարդարանա, որ մեր ընդերքը թալանողներն ու բնությունը ավերողները մի քանի դրամ են ձգում պետական դրամարկղ: Սակայն ոսկու հանքի կողոպուտից պետական դրամարկղ փշրանքներ ավելի լավ է չմտնի, որպեսզի չնմանվենք այն խելագարին, որի գրպանը փող գցելով, նրա թշնամի զվարճասերները դրդում են նաև սեփական տան վրա բենզին լցնել ու վառել: Վերջապես չմոռանանք, որ մեր ժողովրդի ստեղծագործական ոգին բացահայտելն ու նոր բարձունքների հասցնելը հենց ազգի առաջնորդների խնդիրն է: Իսկ կույր սպառողական ոգին բնորոշ է միայն ստրուկին: Եվ միայն խավարի բանտերում բնակվողները կարող է չտեսնեն, որ անհեթեթություն է 1 գրամ ոսկու կորզման համար մեկ տոննա հողազանգված կամ ապարային ամրություններ ավերել, որոնց վրա աճում են ալպիական մարգագետինները, գեղատեսիլ անտառներն ու բուրումնավետ բուրաստանները: Դեռ քանի արվեստագետ պիտի ներշնչվի մեր լեռների, անտառների, դաշտերի գեղեցկությամբ, քանի մեղու պիտի ծաղկափոշի հավաքի, ինչքան հիվանդներ պիտի ապաքինվեն, Մայր Բնության գրկում քանի հոգի պիտի խաղաղվի... Մի՞թե այս ամենը մի քանի գրամ ոսկի չարժեն: Այո°, օրը ցերեկով մեզանից կորզվում է մեր երջանկությունն ու ապագան, մեր հոգևոր, մտավոր, գեղագիտական զարգացման հնարավորությունը. Բնությունն ինքը մի աստվածային օրենսգիրք է, քանզի «Աստված օրենքները գրել է ոչ թե գրքի էջերի վրա, այլ ձեր սրտերի և ձեր հոգու մեջ, այդ օրենքները ձեր շնչի, ձեր արյան, ձեր ոսկորի, ձեր մսի, ձեր աչքերի, ձեր մարմնի ամեն մի մասնիկի մեջ են... դրանք ներկա են օդում, ջրում, հողում, բույսերի մեջ, արևի շողերում, խորություններում և բարձունքներում... օրենքը գրի է առնված այն ամենի մեջ ինչը կյանք է... դուք նրան կգտնեք խոտի, ծառի մեջ, գետում, լեռան մեջ, երկնքի թռչունների, ծովերի արարածների մեջ»,- ուսուցանում է մեզ Քրիստոս («Հիսուս Քրիստոսի Խաղաղության ավետարան. գրի առնված Հովհաննես առաքյալի կողմից», Գարուն, 1994, դ 10): Այսինքն. «Աստված կյանքը և բոլոր կենդանի էակներին արարել է, որպեսզի նրանք կարողանան հավերժ կենարար խոսքով մարդկանց ուսուցանել ճշմարիտ Աստծո օրենքները» (նույն տեղում): Ահա այսքան կարևոր են բնական կենսատարածքները, ոչ միայն մեր մարմնավոր առողջության տեսանկյունից, այլև հոգևոր: Եվ տեխնիկական քաղաքակրթության կողմնակիցները՝ երկրաբանները, հանքաքարեր ուսումնասիրող գիտնականները, որ այսօր ուղղակի կամ անուղղակի ծառայում են «մեքենայի և ոսկու ստրուկներին» (արտահայտությունը՝ Հովհ. Թումանյանի) պարտավոր են վերանայել իրենց մոտեցումները և Մայր Բնությունը դիտել որպես սրբազան մի գիրք, որի էջերը ոչ ոք իրավունք չունի պոկել, տառերը ջնջել, ապականել ու պղծել, քանզի ինքնասպանությունը չափազանց ծանր մեղք է համարվում և բնորոշ է դիվահարներին ու խելագարներին: Այսօր մարդկությունը առավել քան երբևիցէ պարտավոր է ճանաչել իր բացարձակ Մորը: Ո՞վ է մեր Մայրը և որտե՞ղ է նրա թագավորությունը հարցին Հիսուս պատասխանում է. «ձեր Մայրը ձեր մեջ է, իսկ դուք նրա մեջ»... (տես՝ «Խաղաղության Ավետարան»): Իսկ հանքարդյունաբերությունը կտրում է մեզ նրանից (սկսենք մթնոլորտից):

«Օդը, որ մենք շնչում ենք, ծնված է մեր Երկրային Մոր Շնչից: Նրա շունչը երկնքի լազուր բարձունքներում է, լեռների կատարների շրշյունի մեջ, անտառում, տերևների սոսափյունի մեջ, դաշտերում, հասկերի ծփանքի մեջ, այն նիրհում է խոր հովիտներում և տոթ շնչում անապատում» (նույն տեղում): Տեխնիկական քաղաքակրթությունը թունավորում է Մայր Երկրի ջրոլորտը՝ ախտավոր դարձնելով մեզ բոլորիս.

«Մեր մեջ հոսող արյունը ծնված է մեր Երկրային Մոր Արյունից: Նրա արյունը թափվում է ամպերից, դուրս հորդում Երկրի որովայնից, փոթորկվում լեռնային առվակներում, լայն հորձանք տալիս դաշտերի գետերում, ննջում է լճերում, մոլեգնում ալեկոծ ծովերում (նույն տեղում): Քարոլորտը, որի շահագործումը ես հայրենավաճառություն կոչեցի, ևս օտար չէ մեզանից. «Մեր ոսկորների ամրությունը ծնված է մեր Երկրային Մոր ոսկորներից՝ վեմերից ու քարերից: Մերկ՝ նրանք կանգնած են լեռների կատարներին... և ծածկված են երկրի խորքերում» (նույն տեղում): Մենդելեևի աղյուսակի բոլոր տարրերը անօրգանական վիճակում կորզելով հանքա-արդյունաբերությունը խեղում է Մայր Երկրի «Իմաստուն խոհարարությունը»` զրկելով բոլորիս բարձրորակ առողջ, կենարար բարիքներից ու փոխարենը մատուցում  թունավոր, ճառագայթահարված, ախտածին մթերքներ, որի չար հետևանքները արդեն զգալի են մեր մաշկի վրա, քանզի. «Մեր մաշկի փափկությունը ծնված է մեր երկրային Մոր մաշկից, որի մաշկը դեղինին ու կարմրին տալով՝ վետվետում է ծառերի պտուղների մեջ, մեզ հասակ տալիս դաշտերն ակոսող կնճիռներում» (նույն տեղում): Ըստ առողջ ապրելակերպի, մասնագետների և բնական ապաքինման համակարգի բժիշկների Մայր Բնության գույներն ու հնչյունները, առվակների կարկաչն ու գետերի վշշոցը, անտառների խշշոցը և նույնիսկ ծղրիդների սվսվոցը բուժիչ ներգործություն են ունենում մարդկային բնության վրա, վերականգնում նրա հոգեկան խաղաղությունը, ֆիզիկական թարմությունը՝ կենսունակություն հաղորդելով մի ամբողջություն կազմող մարդկային անձին, քանզի. «Մեր աչքերի լույսը, մեր ականջների լսողությունը ծնված են մեր Երկրային Մոր գույներից ու հնչյուններից, որոնք մեզ փարում են՝ ինչպես ծովի ալիքներն են ողողում ձկներին և ինչպես օդն է պարուրում թռչուններին» (նույն տեղում): Իսկ այսօր ծանր տեխնիկան (գրեյդեր, էքսկավատոր, բուլդոզեր) ավերում է այս ամենը: Եկեք չմոռանանք, թե ո՞վ է մարդը. «Ճշարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, մարդը Մայր Երկրի զավակն է, և նրանից է ստացել իր մարմինը, չնայած մանկան մարմինը ծնվում է նրա մոր ծոցից» (նույն տեղում): Այսօր բազում հիվանդություններ են ի հայտ եկել, որոնք բզկտում են մեր բնությունը՝ մարդու հոգին ու մարմինը: Եվ սա այն պատճառով, որ մենք չենք պահպանում ու հարգում ոչ մեր Մոր՝ Մայր Երկրի և ոչ էլ մեր Հոր՝ Աստծո (Սուրբ Երրորդության) օրենքները.

«Քանզի ձեզ ասվեց. «Փառաբանեցե°ք ձեր հորը և ձեր մորը, որպեսզի ձեր կյանքի օրերը այս երկրի վրա երկարացվեն... Այլև ասում եմ ձեզ՝ մարդու որդիներ փառաբանեցեք ձեր Մայր Երկրին և կատարեցեք նրա բոլոր օրենքները, որպեսզի ձեր կյանքի օրերը այս երկրի վրա երկարացվեն: Եվ փառաբանեցե°ք ձեր Երկնային Հորը, որ հավիտենական կյանք ունենաք Երկնքում» (նույն տեղում):

Սակայն սխալ կրթություն, դաստիարակություն ստացած մարդիկ, իրենք էլ չիմանալով, թե ինչ ուժերի ազդեցության տակ են գործում, ոչ միայն իրենք իրենց են կործանում, այլև մյուսներին, հայրենիքն ու ապագան, քանզի.

«Բեհեղզեբուղը, բոլոր դևերի իշխանը, ամենայն չարիքի աղբյուրը, դարանակալ նստած է մարդու բոլոր որդիների մարմինների մեջ՝ նա մահն է, ամենայն հիվանդութեանց տնօրենը... և զգենալով ակնահաճո զգեստներ, նա գայթակղում և հրապուրում է մարդու  որդիներին՝ խոստանալով հարստություն, իշխանություն, հոյակապ պալատներ, հագուստներ՝ ոսկուց և արծաթից, բազում ծառաներ, մեծարանք ու փառք, անառակություն ու տռփանք, որովայնամոլություն ու հարբեցողություն, դատարկաբան հույլ կյանք և պարապ օրեր... (և նա ամեն մեկի գայթակղում է այն բանով, ինչի որ ամենից շատ հակված է նրա սիրտը)» (նույն տեղում): Կարծում եմ այստեղ շատ բան ասվեց ու բացահայտվեց հանքարդյունաբերության առաջնորդների հակաաստվածային գործնեության արմատները: Եվ սա ասվեց ոչ թե մարդու կողմից, այլև Աստծու Որդու կողմից (որ Ս. Երրորդության մի Անձն է):

Հստակ է մի բան՝ կամ պիտի ձեռքներս բարձրացնենք ու հանձնվենք գաղութարարներին, որոնք մեր ուղեղները լվանալով կթալանեն մեր ընդերքը՝ կործանելով հայրենիքն ու մեր ապագան (և կստիպեն արտագաղթել՝ ինչպես Սյունիքի բնակիչներին՝ թե° անցյալում, թե° ներկայում) կամ ձերբազատվելով հանքարդյունաբերության պատրանքներից՝ կփրկենք Մայր Բնությունը, մեր հայրենիքը, մեր առողջությունն ու երջանիկ ապագայի տեսիլքը: Հիշենք նաև, որ Գյուլիստանը՝ Հյուսիսային Արցախը մեզ է սպասում: Եվ ամեն անգամ մեր հարազատ «Հայր մեր»-ը՝ «Տերունական աղոթքը» արտասանելուց հետո չմոռանանք «Մայր մեր»-ը, որը նույնպես Քրիստոս ուսուցանում է հիվանդներին. (Դիցաբանական մտածողությունը Մայր բնությանը սխալմամբ իգական սեռ էր վերագրում, սակայն Մայր Երկիրը՝ ինչպես հոգին՝ սեռ չունի և Խորհրդավոր էակ է, որի աստվածաբանական որակումները համակարգված տեսքով դեռևս չի սահմանվել):

(Կարևոր է նաև չմոռանալ, որ «Վերջին Դատաստանի ժամանակ պատասխան պիտի տանք նաև ըստ Մայր Բնության դեմ գործած մեղքերի)

«Մայր մեր, որ երկրում ես,

Թող սուրբ լինի անունը Քո,

Թող գա Քո Արքայությունը

Թող Քո կամքը լինի ինչպես Քո,

այնպես էլ մեզ վրա:

Ուղարկելով ամեն օր Քո հրեշտակներին,

Նրանց ուղարկի°ր նաև մեզ:

Ներիր մեզ մեր պարտքերը,

ինչպես մենք ենք քավում մեր մեղքերը քո առջև...

Եվ մեզ հիվանդություն մի տար, այլ փրկիր մեզ չարից,

Քանզի  Քոնն են Երկիրը, մարմինը, առողջությունը

Հիրավի, եթե մարմինը Մայր երկրի սուրբ տաճար չդառնա, ապա Ս. Հոգին չի կարող բնակվել (և չի բնակվի) մարդու սրտում, քանզի մարդու հոգին միացված է մարմնի հետ և Ս. Հոգին Սուրբ մարմին է պահանջում, իսկ մարմինը կարող է սրբվել միայն Մայր Բնության սրբարար գրկում, որից ուզում են մեզ զրկել հայության թշնամիները: Այստեղ է, որ Եկեղեցին չպիտի լռի ու չեզոքություն պաշտպանի: Այսինքն Աստծո որդեգրության հասնելը ենթադրում է Մայր Բնության որդեգրություն: Կարծում եմ, որ մեր ժամանակաշրջանի կրթադաստիարակչական համակարգում «Մայր մեր» աղոթքը յուրահատուկ առաքելություն ունի, որի բացակայությունը սոսկալի կորուստների է հանգեցնում:

Դարերի ընթացքում մեր նախնիք տուրք չեն տվել ստամոքսային կամ գրպանային մտածելակերպին, այլ ամեն բարձունքում մի սրբատեղի, մի վանք, մի եկեղեցի կառուցելով միշտ վեր են սլացել, աստվածայինը խորհել, բարին գործել, սրբություն քարոզել, որպեսզի նաև մեզ (իրենց սերունդներին) փոխանցեն «Սրբազան հայրենիքի» անսասանելի գաղափարը, որին դավաճանել այլևս չենք կարող...

Եվ աղանդավորները միայն նրանք չեն, որ հեռացել են Մայր Եկեղեցու «ճշմարտության շնչից»՝ սուրբ վարդապետությունից և Ս. Հոգուց տրված ուղղափառ, «բնական» դավանանքից, այլև նրանք, որ մերժելով Մայր Երկրի՝ մեր բացարձակ Մոր շունչը՝ մաքուր օդը՝ տրվել են դիվային շնչին՝ նիկոտինային ծխին կամ ծխախոտին. «Հաճույքներ մի քաղեք սատանայի  ամեն ըմպելիքներից և ծխից, քանզի ճշմարիտ եմ ասում ձեզ, Սատանայի ամեն ըմպելիք և ծուխ պղծություններ են Տիրոջ աչքում» (նույն տեղում՝ ԽԱ. ահա «ծխնելուզային պետության քաղաքացիները»):

Իսկ մեր «Հրաժարիմքը թող նաև այս լինի».

ա. Այս պահից սկած ես մերժում եմ իմ հայրենիքը կործանող ու իմ հոգու դրախտն

 ապականող  «ծխնելուզային հայրենիքի գարշահոտ մահաթույնը»

բ. Այս պահից սկսած ես հրաժարվում եմ իմ հոգու թռիչքը կասեցնող ստամոքսային

 հայրենիքի գաղափարաբանությունից և նվաստացուցիչ կենցաղավարությունից:

Երևան-Արցախ (Դիզակ-Մեծ Թաղ) 2012  հունվար

Աստվածաբանության ֆակուլտետի ասպիրանտ

Լալայան  Վահրամ

Այս խորագրի վերջին նյութերը