Լրահոս

02.03.2012 12:34


Զենքի հետ դաշնակցականի կապը Վահան Հովհաննիսյանը բացատրել չի կարող

Զենքի հետ դաշնակցականի կապը Վահան Հովհաննիսյանը բացատրել չի կարող

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանից «7օր»–ը հետաքրքրվել է՝ ինչի՞ համար էր դաշնակցական Արշավիր Կարապետյանին հարկավոր այդքան մեծ քանակությամբ զենքը, որը հայտնաբերվել էր մի քանի օր առաջ։

–Այն, որ գտնվել է իրեն պատկանող տարածքում, դեռ չի նշանակում, որ պատկանում է իրեն,–պատասխանել է Վահան Հովհաննիսյանը։–Որևէ ձևով Արշավիր Կարապետյանի և այդ զենքի հետ կապը ես այս պահին չեմ տեսնում, որովհետև դրա ոչ մի ապացույց գոյություն չունի։ Այսինքն՝ զենքի հետ իր կապը ես այս պահին ձեզ բացատրել չեմ կարող, որովհետև չգիտեմ՝ կա՞ այդ կապը, թե՞ ոչ։

Վ. Հովհաննիսյանը նաև նախ ընդգծել է, որ Հայաստանի տարածքում պատերազմից շատ զենք է մնացել, իսկ Արշավիր Կարապետյանը եղել է ազատամարտիկ, ունի բազմաթիվ շքանշաններ.

–Հասարակությանը շատ արժանի, նորմալ քաղաքացի է։

Հիշեցնենք, որ Հայաստանի ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ ծառայողները Երևանում մեծ քանակությամբ բազմատեսակ զենք ու զինամթերք են հայտնաբերել։ Խուզարկություն է կատարվել Արշավիր Կարապետյանին պատկանող Մոլդովական 12 հասցեում գտնվող կաթսայատանը կից շինությունում, որտեղ հայտնաբերվել են 12 АК տեսակի առանց պահունակի ինքնաձիգ, 1 СВД տեսակի հրացան, 6 ձեռքի գնդացիր, 4 հատ հաստոցային գնդացիր, 5 նռնականետ, 3 հատ հակատանկային նռնականետի հրթիռ, գնդացիրների տարր, 11 հատ հակատանկային ական, մետաղյա տուփ, որի մեջ տեղադրված է եղել 73 կապսուլ-կետոնատոր, 7 հատ պայթուցիկ, հակատանկային նռնակ, 50 հատ S1 տեսակի նռնակ առանց պայթուցիչի, 62 հատ տրոտիլային զանգված, 19 փամփուշտների շղթա, 2 կիսաբաց մետաղյա տուփ, որոնցից մեկում եղել է 20, մյուսում` 28 տուփ 5.45 տրամաչափի փամփուշտ, պայթուցիչներ, դատարկ փամփուշտատուփեր և այլ տեսակի զենք ու զինամթերք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը