Կարծիք

01.03.2012 10:24


Այլընտրանքային ուժի հրամայականը

Այլընտրանքային ուժի  հրամայականը

Իշխանությանը այլընտրանքի ձևավորման խնդիրը ԱԺ ընտրություններից առաջ առողջ քաղաքական ուժերի գերխնդիրը պետք է լինի: Հասարակական ընկալման համար այլընտրանքային ուժ դառնալը այդքան էլ դյուրին գործ չէ: 2008թ. իշխանության գալուց հետո Սերժ Սարգսյանը բոլոր ջանքերը գործադրել է իշխանության ներսում և ընդդիմադիր դաշտում այլընտրանքի ոչնչացման համար: Դատելով ներկայումս տիրող ուժերի հարաբերակցությունից և հասարակական ընկալումից՝ սկսած գործը Սարգսյանի շրջապատը մինչև ընտրություններ չի կարողացել հաջողությամբ ավարտել:

Իշխանական բուրգի ներսում հակակշիռների մեխանիզմը, որոնք ստեղծում էին կոալիցոն որոշ կուսակցություններ և գործարար օլիգարխներ, լուրջ վտնագ է պարունակում Սերժ Սարգսյանի իշխանության համար: Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում  իշխանությունը արտահերթ կերպով փոփոխվել է ոչ թե ընդդիմության ճնշման, այլ իշխանության ներսում առկա հակակշիռ գործոնների ճնշման հետևանքով: Այս մասով պատմության դասերը շատ լավ յուրացրած Սերժ Սարգսյանը ըստ էության իր իշխանավարման հենց սկզբից ձեռնամուխ եղավ այդ հակակշիռների ջախջախման գործին: Պատահական չէ գործող նախագահի սերը տարատեսակ հուշագրերի նկատմամբ, որտեղ պետք է անվերապահ հպատակություն հայտնվի Սերժ Սարգսյանին: 2008թ. ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմած ուժերը, զգալով այդ վտանգը, տարբեր մարտավարություններ ընտրեցին դժվար իրավիճակից դուրս գալու համար:   Սերժ Սարգսյանի այսպես ասած նվաճողական քաղաքականությանը դիմագրավելու համար, օրինակ  ՀՅԴ–ն, հայ-թուրքական խայտառակ արձանագրությունները պատճառաբանելով, լքեց կոալիցիան: Տարանջատվելով գործող նախագահից՝ իրեն ապահովագրեց քաղաքական դիակ դառնալու հեռանկարից: Դրա դիմաց ստիպված եղավ հրաժարվել իշխանական և վարչական լծակներից:  Հավանաբար Սերժ Սարգսյանը կարծում է, թե ընդդիմադիր դաշտում ՀՅԴ–ն իր իշախնության համար առավել անվտանգ է, քան իշխանության ներսում: Իսկ ահա ՕԵԿ-ը սեփական ցանկությամբ և մեծ հաճույքով գերադասեց Սարգսյանին հանձնվելու քաղաքականությունը, ինչը վերջակետ դրեց Արթուր Բաղդասարյանի և ՕԵԿ-ի քաղաքական կարիերային: Այդ պատճառով ՕԵԿ-ը այլևս ներքաղաքական գործոն չէ: Ընտրության ժամանակ այլևս որևէ մոտիվացի չկա ՕԵԿ-ին ընտրելու, այն ոչնչով չի տարբերվում ՀՀԿ-ից:

 Իշխող հիմնական ուժին հակակշռող ուժ գործնականում մնաց միայն ԲՀԿ-ն, որին սպասում էր ՕԵԿ-ի ապագան, եթե անվերապահորեն սատարեր Սերժ Սարգսյանին և վարչապետի՝ տնտեսություն քանդող քաղաքականությունը: Տարանջատվելու մարտավարության մեջ ԲՀԿ-ն շեշտադրում կատարում էր հենց սոցիալ-տնտեսական քաղաքականության վրա: Տարանջատման քաղաքականությունը որոշակի հասարակական աջակցություն ապահովեց այդ կուսակցությանը, և որոշ շրջանակներում այն սկսեց ընկալվել որպես այլընտրանք ՀՀԿ-ին և Սերժ Սարգսյանին: Իշխանության այլընտրանքի փնտրտուքը գրեթե միշտ ընթացել է, սակայն այլընտրանք փնտրողները գրեթե միշտ հիասթափվել են, քանի որ այլընտրանք ընկալվող ուժերը մեկը մյուսի հետևից երկխոսել են իշխանությունների հետ կամ համապատասխան վճռականություն չեն ցուցաբերել: Պատահական չէ, որ ԲՀԿ–ն հասարակության որոշ խավերի համար որպես այլընտրանք սկսեց ընկալվել ՀՀԿ-ՀԱԿ երկխոսության ընթացքում և երկխոսության անփառունակ տապալումից հետո: Այսինքն՝ այլընտրանքի փնտրտուքի մեջ գտնվող քաղաքացիները, որոնք կամա թե ակամա հույսեր էին կապում ՀԱԿ-ի և նրա առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ, հասկացան, որ ժողովրդի թիկունքում իրենց կողմից իսկ բնութագրված ավազակապետության հետ երկխոսության գնացող քաղաքական ուժը  հազիվ թե հնարավորություն ունենա իշխանափոխություն իրականացնելու: Արմատական փոփոխություններ ցանկացող քաղաքացու համար այլևս ՀԱԿ-ը դադարեց այլընտրանք ընկալվել: Յուրաքանչյուր քաղաքական ուժ, որը գործարքի մեջ է մտնում Սերժ Սարգսյանի թիմի հետ, անկախ գործարքի բովանդակությունից՝ հեղինակազրկվում է: Պատահական չէ, որ «Արաբական գարնան» շրջանակներում ընդդիմությունը հրաժարվում էր բանակցությունների մեջ մտնել դիկտատորների հետ՝ հասկանալով, որ հասարակական ընկալման մեջ երկխոսության արդյունքները իրենց համար կարող են աղետալի լինել:

Այս փուլում իշխանությունը հավանաբար փորձելու է ականներով և տարբեր ուժերի հետ գոյություն ունեցող գործարքների վերաբերյալ համապատասխան լրատվական շրջանակներում արտահոսքերի միջոցով վարկաբեկել իրեն մրցակից համարվող ուժերին: Իսկ Սերժ Սարգսյանի թիմին այլընտրանք համարվող ուժերի գերնպատակը պետք է լինի խուսափել ժողովրդի թիկունքում տարատեսակ գործարքներից և երկխոսություններից: Դատելով Հայաստանում գործող կուսակցությունների և քաղաքական այլ ուժերի վարկաբեկվածության աստիճանից՝ ազնվությունը և վճռականությունը ՀՀ քաղաքացու համար դարձել են կարևոր գործոն այս կամ այն ուժին գնահատելու համար: Կարծում եմ, որ  իրական այլընտրանքի ձևավորման դեպքում խորհրդարանական ընտրությունները Սերժ Սարգսյանի թիմի համար մղձավանջի վերածելը այդքան էլ դժվար գործ չէ:

Դերենիկ Մալխասյան

Այս խորագրի վերջին նյութերը