Լրահոս

01.03.2012 01:25


Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը

Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը

Իշխող Հանրապետական կուսակցությունը 100%-անոց համամասնական ընտրակարգի անցնելու հարցում մնաց լիակատար միայնակ ողջ քաղաքական դաշտում՝ ներառյալ կոալիցիայի մաս կազմող ուժերը։ Արդեն շուրջ երկու ամիս ձգվող սույն իրողությունն իր խայտառակ հանգուցալուծումը գտավ Ազգային Ժողովում հարցի քննարկմամբ, որտեղ իշխող հիմնական ուժը, օգտվելով իր թվական գերազանցությունից, մերժեց համապատասխան օրինագիծը։ 

Սրանով Հանրապետական կուսակցությունը ցույց տվեց, որ ինքն ունակ չէ երկխոսության ոչ միայն քաղաքական ուժերի, այլ, ըստ էության, ողջ հասարակության հետ։ Ավելին՝ իշխող ուժի երկու բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը և Արդարադատությանը նախարարը օրինագծի քննարկման ընթացքում բացահայտ մի ցինիզմով խոստովանեցին, որ մեծամասնական համակարգի պահպանումը իրենց անհրաժեշտ է խորհրդարանում կայուն մեծամասնություն  ապահովելու համար։ Այսինքն՝ ընտրական համակարգը, որ ժողովրդավարության նորմերով, երկրի Սահմանադրությամբ, մարդու հանրաճանաչ իրավունքներով պետք է ապահովի հասարակության տրամադրությունների ու պատկերացումների համամասնական ներկայացվածությունը օրենսդիր մարմնում, սրանք, ի դեմս 41 մեծամասնական տեղերի, վերածել են սեփական իշխանության անընդհատ վերարտադրությունը երաշխավորող գործիքի։ Դա խոստովանություն է այն բանի, որ առնվազն այդ 41 մանդատը Հանրապետական կուսակցությունը ձեռք է բերում ոչ թե ընտրողի կամավոր քվեն ստանալու, այլ այդ քվեն տարբեր ձեւերով ավազակաբար խլելու միջոցով, և, որ առանց դրա նրանք ոչ մի կերպ չեն կարող մեծամասնություն և իշխանություն ունենալ։ Իշխող հիմնական ուժը բացահայտ խոստովանեց ռեժիմի ավազակապետություն լինելու փաստը։ 

100%-անոց համամասնական ընտրությունների անցնելու նախագծի քննարկումը խորհրդարանական ընտրությունների նախօրյակին համոզեց բոլոր քաղաքական ուժերին և ամեն մի քաղաքացու, որ իրենք իրավազրկված ու վտանգված են մնալու Հանրապետական կուսակցության ու նրա պարագլուխ Ս. Սարգսյանի ռեժիմի պայմաններում, և այդ վտանգը մի օր շուտ կամ մի օր ուշ պայթելու է յուրաքանչյուրի գլխին։ Այս ընթացքում և այս հարցով քննարկումները նախադրյալներ ստեղծեցին ընտրություններն օրինական, ազատ և արդար անցկացնելու մեջ շահագրգիռ ուժերի համախմբման համար: Ուստիեւ՝ Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, ողջ ժողովրդին՝ համախմբվել և ամեն ինչ անել խորհրդարանական այս ընտրություններում Հանրապետական կուսակցության ավազակապետական ռեժիմից ազատվելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը