Լրահոս

29.02.2012 14:11


ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 29-ին ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ–պաշտպանական քաղաքականության և պլանավորման հարցերով օգնական, դեսպան Հուսեյն Դիրիոզի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության այցը փոխկապակցված է ՆԱՏՕ-ի կառույցների համատեղ խմբի Հայաստան կատարած այցի հետ, որը Պաշտպանության նախարարության համապատասխան անձնակազմի հետ այժմ իրականացնում է Հայաստան–ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի և Պլանավորման և վերանայման գործընթացի իրականացման առաջընթացի գնահատում:

Նախարար Օհանյանը և դեսպան Հուսեյն Դիրիոզն անդրադարձել են ՆԱՏՕ-ի հետ պաշտպանության նախարարության համագործակցության հիմնական ուղղություններին, որոնցից են ռազմական կրթությունը, կրտսեր հրամանատարների արհեստավարժ ինստիտուտի զարգացումը, փոխգործունակ կարողությունների կատարելագործումը, պաշտպանական պլանավորման և բյուջետավորման ոլորտի բարեփոխումները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին հայ խաղաղապահների մասնակցությունը:

Կողմերն արձանագրել են պաշտպանական բարեփոխումների և ռազմական համագործակցության հիմնական ոլորտներում ՀՀ պաշտպանության նախարարության առաջընթացը, նշվել են առաջիկա տարիներին Հյուսիսատլանտյան Դաշինքի հետ համագործակցության գերակա ուղղությունները: Դեսպան Հ.Դիրիոզը հայտնել է ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը` պաշտպանության ոլորտում Հայաստանին տրամադրվող խորհրդատվական և փորձագիտական աջակցության հետագա ընդլայնման վերաբերյալ:

Կարծիքներ են փոխանակվել նաև Գործընկեր երկրների ղեկավարների մասնակցությամբ առաջիկայում Չիկագո քաղաքում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի օրակարգում դրված հիմնական հարցերի վերաբերյալ:

Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի և Պլանավորման և վերանայման գործընթացի առաջընթացի գնահատմանն ուղղված աշխատանքային քննարկումները կշարունակվեն նաև վաղը: Քննարկումների ընթացքում կողմերի հիմնական ուշադրությունը սևեռված է Հայաստանի Հանրապետության պաշտպանական բարեփոխումների և միջազգային ռազմական համագործակցության ոլորտում պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի ստանձնած փոխադարձ հանձնառությունների և դրանց կյանքի կոչման համար անհրաժեշտ օժանդակության կարիքների վերստուգմանը:

Այս խորագրի վերջին նյութերը