Լրահոս

27.02.2012 16:33


Ներկայացվել են բժշկական ապահովագրության առաջարկները

Ներկայացվել են բժշկական ապահովագրության առաջարկները

Փետրվարի 25-ին ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցներին թվով 7 ապահովագրական ընկերություններ ներկայացրեցին սոցիալական փաթեթի շրջանակում կազմված բժշկական ապահովագրության առաջարկները: 
Բժշկական ապահովագրությունը սոցիալական փաթեթի 4 ուղղություններից մեկն է, որը  աշխատողների համար նախատեսում է պարտադիր բազային ծածկույթ 52 հազար դրամի չափով: Այս  պարագայում ապահովագրական գումարի չափը մեկ տարվա համար կազմում է 3 մլն 800 հազար ՀՀ դրամ, և այդ գումարի շրջանակում ապահովագրական ընկերությունը պետք է փոխհատուցի սուր, անհետաձգելի և պլանային մի շարք բժշկական ծառայություններ: Այդ թվում` հիվանդանոցային բուժօգնություն, որը ներառում է թերապևտիկ բուժում պահանջող հիվանդություններ, վնասվածքների, էլեկտրահարությունների, այրվածքների բուժում, ինչպես նաև վիրաբուժական բուժում պահանջող հիվանդություններ` ընդհուպ նյարդավիրաբուժական, սրտի վիրահատական և ներանոթային միջամտությունների իրականացում և այլն: 
Սրանք առողջության ապահովագրության բազային փաթեթի ծառայություններն են, սակայն աշխատակիցը կարող է ընտրել ապահովագրական ընկերությունների կողմից առաջարկվող ցանկացած փաթեթ`  առավել լայն ծառայությունների ցանկով (ամբուլատոր ծառայություններ, ատամնաբուժություն և այլն) անհրաժեշտության դեպքում լրավճարելով գումարների տարբերությունը սոցիալական փաթեթի մնացած գումարից կամ այլ աղբյուրներից:
 Բժշկական ապահովագրության ծառայությունից կարող են օգտվել ինչպես սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող աշխատակիցները, այնպես էլ նրանց անմիջական ընտանիքի անդամները, տվյալ դեպքում` ամուսինը  և մինչև 27 տարեկան չամուսնացած համատեղ բնակվող երեխաները: 
Յուրաքանչյուր աշխատակցի համար սոցիալական փաթեթով նախատեսված գումարը կազմում է 132 հազար դրամ տարեկան կտրվածքով:
Բացի բժշկական ապահովագրությունից, սոցիալական փաթեթի ներդրումը հնարավորություն է ընձեռում շուրջ 120 հազար աշխատակիցների և նրանց անմիջական ընտանիքի անդամներին անկախ զբաղեցրած պաշտոնից և վարձատրության չափից հավասարաչափ օգտվել նաև այլ սոցիալական ծառայություններից`
. հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում, 
. ԿԳՆ կողմից հաստատված ուսումնական ծրագրերով ուսման վճար, 
. հանգստի կազմակերպում ՀՀ և ԼՂՀ տարածքում:

Այս խորագրի վերջին նյութերը