Լրահոս

14.05.2009 13:14


«Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի հայտարարությունը

         Անցյալ շաբաթ ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և ազգաբնակչության հարցերով հանձնաժողովի զեկուցող Ջոն Գրինվեյի Հայաստան կատարած այցելությունը առիթ տվեց ՀՀ բարձրագույն պաշտոնատար անձանց վերահաստատելու ՀՀ իշխանությունների կողմից բազմիցս արտահայտած այն տեսակետը, որի համաձայն Հայսատանում հիմնականում լուծված է ադրբեջանահայ փախստականների՝ երկրի հասարակությանը ինտեգրվելու հարցը, իսկ ներկայումս նրանց ունեցած միակ հիմնախնդիրը՝ բնակարաններով ապահովված չլինելն է: Միաժամանակ, ՀՀ Արտգործնախարարության պաշտոնատարը հերքեց փախստականների հիմնախնդրի կարևորությունը Ադրբեջան-Արցախ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի համատեքստում: Ավելին, ՀՀ բարձրագույն իշխանությունը փախստականների հարցի արծարծումը որակում է որպես նրանց հիմնախնդիրների շահարկում կամ քաղաքականացում:

Հիշեցնում ենք Հայաստանի իշխանություններին, որ ավելի քան կես միլիոն ադրբեջանահայ փախստականների ոտնահարված իրավունքների ու շահերի մասին խոսելը ոչ թե քաղաքական շանտաժ է, այլ ՀՀ և ԼՂՀ իշխանությունների պարտնք է ու պարտականությունը: Ցավոք, առ այսօր նրանք թերացել են այս հարցում իրենց պարտքի և պարտականությունների կատարման տեսանկյունից: Տասնյակ հազարավոր փախստականներ հեռացել են Հայաստանից, իսկ մնացածների մեծ մասը խղճալի վիճակում է՝ ստորացված ու ահաբեկված:

Կարևոր է վերջապես հասկանալ, որ ԼՂ հիմնախնդիրը հայկական կողմերի համար այլևս չի կարող սահմանափակվել լոկ ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմամբ: 1988թ. ի վեր շատ բան է փոխվել. առանց վերադառնալու հույսի՝ տեղահանվեցին հարյուր հազարավոր մեր հայրենակիցները, պատերազմի արդյունքում փոխվեցին ԼՂՀ սահմանները, Արցախի ազատության համար իրենց կյանքը զոհեցին հազարավոր մարդիկ նաև Հայաստանից և Սփյուռքից: ՀՀ և ԼՂՀ իշխանությունները պարտավոր են մշակել ու վարել այն արտաքին քաղաքականությունը, որը կներառի մեր ժողովրդի բոլոր հատվածների շահերն ու իղձերը, մինչդեռ, այսօր, Հայաստանի իշխանությունները իրար են հակադրում ադրբեջանահայ փախստականների ու արցախահայության շահերը: Համազգային շահերի հատվածական ընկալումը անխուսափելիորեն հանգեցնելու է  աղետալի հետևանքների:

Այս խորագրի վերջին նյութերը