Լրահոս

27.02.2012 14:07


Սիրիան Ռալֆ Պիտերսի հոդվածում և քարտեզներում

Սիրիան Ռալֆ Պիտերսի հոդվածում և քարտեզներում

ԱՄՆ բանակի պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսի 2006 թվականի հունիսի 6-ին գրած «Միջին Արեւելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի եւ հավատի նմանությունների» հոդվածում Սիրիային, Իրաքին եւ Լիբանանին վերաբերող հատվածը հետեւյալն է. «Ինչ վերաբերում է Սիրիայի եւ Իրանի քրդերին, նրանք էլ, անկասկած, կմիանան իրենց ազգակիցներին, եթե կարողանան, անկախ Քուրդիստանում: Աշխարհի օրինական ժողովրդավարական պետությունների հրաժարվելը կամ դժվարությունը մինչեւ օրս քրդական անկախությանը հետամուտ լինելու որոշումից պարզապես մարդու իրավունքների անտեսման մեղանչանքն է, որն անհամեմատ վատ է, քան բոլոր այն մեղքերը, որոնց մենք առօրյա մամուլում հանդիպում ենք: Ի դեպ, Դիարբեքիրից մինչեւ Թավրիզ երկարող անկախ Քուրդիստանը կլինի նաեւ Բուլղարիայի եւ Ճապոնիայի միջեւ գտնվող ամենաարեւմտամետ պետությունը:

Ճիշտ ու արդարացի մոտեցումն այդ տարածքում սուննիներով բնակեցված Իրաքի երեք շրջաններին կտար հնարավորություն միանալու Սիրիային, որն իր առափնյա տարածքները կորցնելու է ի նպաստ Մեծ Լիբանանի` վերածնված փյունիկի: Իսկ շիաներով բնակեցված Իրաքի հարավային հատվածը հիմք կհանդիսանար ստեղծել մի նոր` Արաբական Շիա պետություն` օղակելով Պարսից ծոցի մեծ մասն իր մեջ» (1):

Ռալֆ Պիտերսի արտահայտած ողջ տրամաբանությունը հանգում է նրան, որ Միջին Արեւելքի նոր քարտեզը կարելի է եւ պետք է ձեւավորել` «ըստ հավատի նմանությունների եւ արյունակցական կապերի»: Եվ այդ կապերը, ինչպես կամային պատկերացնում է Ռալֆը, այդպես կամայական էլ ներկայացնում է` իր նյութի առանցքում զետեղելով հիմնականում քրդերին, սյունիներին, երբեմն նաեւ շիաներին` ասես ձգտելով ցույց տալ նրանց հատկացված տեղը: Ռալֆի քարտեզում անտեսված են տարածաշրջանում ապրող ալավիթները, հայերը, ասորիները... այլ ազգությունները: Բայց հետեւելով Ռալֆի տրամաբանությանը կարող ենք արձանագրել, որ հայրենակիցների հետ միավորվելու իրավունք ունեն նաեւ ալավիթները, հայերը, ասորիները... Միջագետքի այլ բնիկ ժողովուրդներ նույնպես, եւ ոչ միայն արաբական տարածքներում, այլեւ Թուրքիայի Հանրապետությունում:

Այնպես որ կրկնենք վերջերս հայտնած մեր այն միտքը, որ տարածաշարջանի հայությունը այլեւս նահանջելու այլ տեղ չունի, բացի իր հայրենիքից` Արեւմտյան Հայաստանից եւ Կիլիկյան Հայաստանից, (2)

առաջին հերթին նրա համար, որ Սիրիայի կամ Իրանի հայությանը պատրաստ չէ ընդունելու եւ չի ընդունելու ոչ ՀՀ-ն եւ ոչ էլ Լիբանանի կամ մեկ այլ երկրի հայություն` չկրկնելու համար այն պատմական սխալը, երբ զգացմունքային մի պոռթկումի մեջ գրկաբաց ընդունեցինք Ադրբեջանի քաղաքացի շուրջ կես միլիոն հայությանը` հետագայում անտեսելու եւ փոխանցելու համար այլ երկրների, չպաշտպանելով նրանց քաղաքացիական եւ այլ կարգի իրավունքները, դրանով ազատելով մարդասիրական այդ ճգնաժամը հրահրած ու կազմակերպած ուժերին, այդ թվում` Ադրբեջան պետությանը ու նրա քաղաքական վերնախավին, քրեական... եւ այլ կարգի պատասխանատվությունից,

երկրորդ հերթին, որովհետեւ մարդասիրական այդ ճգնաժամի համար պետք է ամբողջական պատասխանատվություն կրեն այդ նույն ճգնաժամը հրահրած ու կազմակերպած ուժերը,

եվ վերջապես, որովհետեւ ժամանակն է, որ Սիրիայի ու Իրանի հայությունը միանա Թուրքիայի Հանրապետության արեւելյան տարածքներում, իսկ իրականում Հայոց հայրենիքում` Արեւմտյան Հայաստանում եւ Կիլիկյան Հայաստանում, ապրող իրենց հայրենակիցներին:

Ամեն ինչ հենց այդպես էլ կա:

Ասվածը վերաբերում է ոչ միայն հայերին, այլեւ ալավիթներին եւ մյուսներին, որոնք կարող են Սիրիայի սյունիներին թույլ տալ կառուցելու իրենց դեմոկրատիան, իրենց ուզած ձեւով, իրենց բնակության վայրերում, իսկ իրենք փորձեն վերակազմավորել նոր Սիրիայի Հանրապետությունը, ավելին` հեռանկարային, բայց արագընթաց ծրագրեր դնել տարածաշրջանի իրենց հայրենակիցների հետ միանալու նպատակով:

Այնպես որ, «Արաբական գարունը»՝ կանխորոշված ծրագրային դրույթներին եւ զարգացումներին զուգընթաց, դեռ կարող է անակընկալներ մատուցել եւ ինչը զարմանալի է, դրական տոնայնության ծրագրային անակընկալներ...

«Ուխտ Արարատի»,  Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն

27.02, 2012 թ.

Ծանոթագրություն

1. Տես, Ռալֆ Պիտերս, «Միջին Արեւելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի եւ հավատի նմանությունների», թարգմանությունը եւ նախաբանը «Ազգ» օրաթերթի, 25.08.2006թ.: Blood borders, How a better Middle East would look, By Ralph Peters, All content © 2006, Armed Forces Journal |  Terms of Service.

2. Տես, «Հայությունը նահանջելու այլ տեղ չունի այլեւս, բացի իր հայրենիքից…», 14.02.2012, http://vahagnakanch.wordpress.com/

Այս խորագրի վերջին նյութերը