Լրահոս

24.02.2012 09:50


Քաղաքապետարանը Մաշտոցի այգում իրականացվող շինարարությունն անօրինական չի համարում և այն չի դադարեցնի

Քաղաքապետարանը Մաշտոցի այգում իրականացվող շինարարությունն անօրինական չի համարում և այն չի դադարեցնի

2012 թվականի փետրվարի 20-ին  քաղաքացիներ Մերի Խաչատրյանի և Վահրամ Սողոմոնյանի կողմից Երևանի քաղաքապետին հասցեագրված դիմումի կապակցությամբ հայտնում ենք հետևյալը.
1-ից 3-րդ հարցերի վերաբերյալ. 
Երևանի Գլխավոր պողոտա - զբոսայգու Մ. Մաշտոցի պող. և Ե. Կողբացու փողոցի միջանկյալ հատվածում (Մաշտոցի պող. 22/1 զբոսայգի) գտնվող զբոսայգու 1,0981 հա տարածքի կառուցապատման իրավունքը պատկանում է Երևանի ենթակայության <<Կենտրոն-Կանաչապատում>> ՓԲԸ-ին, ինչը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցում է ստացել դեռևս 2004 թվականի մայիսի 18-ին: Նշված ընկերությանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ՀՀ կառավարության 15.12.2005 թ. N 2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծին  և  Երևանի քաղաքապետի 28.11.2007թ. N5074-Ա որոշմամբ հաստատված Երևան քաղաքի Կենտրոն թաղային համայնքի գոտիավորման նախագծին (քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր) համապատասխան՝ 13.12.2011թ.-ին տրվել է հ.01/18-07/2-49502-966-1 ճարտարապետահատակագծային առաջադրանքը, 15.12.2011թ.-ին համաձայնեցվել է  հ. 01/18-05/2-49502-1054-1 նախագիծը և նույն օրը տրվել է նաև ոչ հիմնական շինությունների տեղադրման հ. 01/18-49502-1064-1 թույլտվությունը: Նշված քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման առնչությամբ գոտիավորման նախագծում որևէ փոփոխության կատարման անհրաժեշտություն չի եղել:
4-րդ հարցի վերաբերյալ. 
<<
Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան ընդունված ՀՀ կառավարության 30.03.1999թ. <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեությունների սահմանային չափերի մասին>> թիվ 193 որոշման 7-րդ կետին համապատասխան՝ քաղաքաշինության ոլորտում նախատեսվող գործունեությունը փորձաքննության ենթակա լինելու համար շենքերի, կառույցների, համալիրների և այլնի կառուցապատման մակերեսը պետք է լինի 1500 քառ. մետր և ավելի: Մինչդեռ՝ տվյալ դեպքում տեղադրվող ոչ հիմնական շինությունների, այսինքն՝ կառուցապատման ընդհանուր  մակերեսը 605 քմ է:
5-րդ հարցի վերաբերյալ. 
ՀՀ կառավարության 24.09.2001թ. <<Ոչ հիմնական շինությունների տեղադրման կարգը հաստատելու մասին>> N 896 որոշմամբ հաստատված կարգի   5-րդ կետի համաձայն՝ ոչ հիմնական շինությունների տեղադրման դեպքում, կապված տեղանքի առանձնահատկության հետ, կարող են կատարվել տեղանքին կապելու, հողին ժամանակավորապես ամրացնելու աշխատանքներ (տեղադրման հորիզոնական հարթակի ստեղծում, շինության խարսխակապում և այլն), ինչն էլ տվյալ դեպքում կատարվել է:
Միաժամանակ հայտնում ենք, որ  տաղավարների քարե բլոկներով կառուցված հատվածները ապամոնտաժվել են և  ապակեպատվել, իսկ ծառով ներկառուցված կիսակառույց տաղավարի հատվածն ընդհանրապես ապամոնտաժվել է:
6-րդ հարցի վերաբերյալ. 
<<
Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածների  և դրանց  համապատասխան ընդունված ՀՀ կառավարության 22.10.1998թ. թիվ 660 որոշմամբ հաստատված <<Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի  ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության>> կարգի գործողությունը  տարածվում է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի և դրանց բացակայության դեպքում՝ կառուցապատման նախագծերի, նոր կառուցվող քաղաքաշինական օբյեկտների ճարտարապետաշինարարական նախագծերի վրա: Տվյալ դեպքում քանի որ առկա են ՀՀ կառավարության 15.12.2005 թ. N 2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը և  Երևանի քաղաքապետի 28.11.2007թ. N5074-Ա որոշմամբ հաստատված Երևան քաղաքի Կենտրոն թաղային համայնքի գոտիավորման նախագիծը (քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր), որով իրականացվող կառուցապատումը նախատեսված է եղել, հանրային քննարկման անհրաժեշտությունը բացակայել է:
7-րդ հարցի վերաբերյալ. 
Վկայակոչված իրավական ակտերով սահմանված պահանջները  վերաբերում  են  հիմնական շինությունների աշխատանքներին, մինչդեռ՝ տվյալ դեպքում իրականացվում է ընդամենը ոչ հիմնական շինությունների տեղադրում:
Շարադրվածից հետևում է, որ իրականացվող քաղաքաշինական գործունեությունն անօրինական համարելու և այն դադարեցնելու հիմքեր առկա չեն:

Հարգանքով՝ Ս. ՄԱԿԱՐՅԱՆ   
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժ/պ

Այս խորագրի վերջին նյութերը