Լրահոս

20.11.2010 13:27


ԼՂՀ նախագահը հանդիպումներ է անցկացնում ԱՄՆ-ում

ԼՂՀ նախագահը հանդիպումներ է անցկացնում ԱՄՆ-ում

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում' «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի կազմակերպման աշխատանքներին մասնակցելու նպատակով:

ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության համաձայն, նոյեմբերի 18-ին Բակո Սահակյանը Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել Արևմտյան Ամերիկայի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Ավետիք Իզմիրլյանի, Կենտրոնական կոմիտեի անդամներ Քրիս Գյուլջյանի և Վարուժ Ուրֆալյանի, Հայ օգնության միության Ամերիկայի արևմտյան շրջանի ատենապետուհի Արուսյակ Մելքոնյանի, «Համազգային» միության ԱՄՆ արևմտյան շրջանային վարչության ներկայացուցիչ Վիգեն Հաբոյանի և «Հոմենետմեն» ԱՄՆ արևմտյան շրջանային վարչության ատենապետ Գառնիկ Աբրահամյանի հետ:

Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Սփյուռք փոխհարաբերություններին, հանրապետությունում սոցիալ-տնտեսական իրավիճակին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը կարևորել է Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը' այն համարելով հայ ժողովրդի և նրա պետականության առջև ծառացած խնդիրները լուծելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը:

Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նույն օրը ԼՂՀ Նախագահը այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի ազգային առաջնորդարան և հանդիպել թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Ազգային կենտրոնական և թեմական վարչության անդամների ու հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նախագահը բարձր է գնահատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը Սփյուռքում հայապահպանության և Հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործում: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել հայ համայնքի ներկայացուցիչներին ԼՂՀ-ը սատարելու համար' նշելով, որ Արցախում մշտապես զգում են Սփյուռքի մեր հայրենակիցների հոգատար վերաբերմունքը:

Հանդիպմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ պատվիրակության անդամները, Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության Գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանը, Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ, «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյանը, բարերարներ, քաղաքական և հասարակական գործիչներ:

ԼՂՀ նախագահի  մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը