Հայաստանում ստեղծվել է վիրտուալ աստղադիտարանի սերվեր
ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման խնդիրների ինստիտուտի կողմից (Ա.Կնյազյան, Հ. Ասցատրյան) ստեղծվել է վիրտուալ աստղադիտարանի (ՎԱ) տվյալների շտեմարան, որում գործում են երկնային մարմինների սպեկտրների արտաբերման և աստղագիտական կատալոգների փոխհամադրման ծրագրեր: Շուրջ 4 տարի է, ինչ նշված ինստիտուտը համագործակցում է ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի հետ, որտեղ դեռ 2005թ. սկսվել է Հայկական ՎԱ նախագիծը: Ինչպես և մյուս ՎԱ ազգային նախագծերում, Հայկական ՎԱ նույնպես աստղագետների և համակարգչային մասնագետների համագործակցություն է, որի շրջանակներում կառուցվում են համապատասխան միջավայրեր, որտեղ հնարավոր են դառնում աստղագիտական բազմատեսակ տվյալների համատեղ օգտագործումն ու արդյունավետ գիտական հետազոտությունների իրականացումը: 2002 թվից գործում է ՎԱ միջազգային ալյանսը, որը ներկայումս միավորում է 17 երկրների ազգային ՎԱ նախագծեր: Հայկական ՎԱ այդ ալյանսի անդամ է 2005 թվականից:
Հայկական ՎԱ սերվերում այժմ գործում է կատալոգների փոխհամադրման նոր ծրագիր, որն իր աշխատանքի սկզբունքով և ճշգրտությամբ գերազանցում է աշխարհում գործող նմանատիպ այլ ծրագրերը: Դրա հիման վրա արդեն կատարվում են գիտական հետազոտություններ, մասնավորապես Հայկական ՎԱ Բյուրականում գործող գիտական խմբի կողմից: Տվյալների շտեմարանի ճարտարապետությունն այնպիսին է, որ հնարավորություն է ստեղծում դինամիկորեն մեծացնել պահվող տվյալների քանակը` ավելացնելով նոր պատկերներ, որոնք անընդհատ կերպով ստացվում են նորանոր դիտումների արդյունքում: Նաև չկան խիստ սահմանափակումներ ավելացվող տվյալների ծավալների վրա, քանի որ ներդրվել է մեծ ծավալի հիշողության տարր, որը գերարագ կապով միացված է սերվերին` ստեղծելով գրիդ տեխնոլոգիաներին համապատասխան կառուցվածք: Փոխհամադրման ծրագիրը ներդրվել է համացանցային էջում` Հայկական ՎԱ միջավայրում, ինչը թույլ է տալիս աստղագետներին առցանց ռեժիմում կիրառել փոխհամադրման նոր արդյունավետ մոտեցումը:
Հիշեցնենք, որ Հայկական ՎԱ ստեղծվել է Բյուրականյան առաջին սպեկտրային շրջահայության (Մարգարյանի շրջահայության) թվայնացման արդյունքում, որը Հայաստանում թվայնացման նախագծերի մեջ առաջինն էր (2002-2005թթ.): Վերջերս այն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» միջազգային ռեգիստրում:

Հայկական ՎԱ համացանցային կայք-էջի հասցեն է`
http://www.aras.am/Arvo/arvo.htm:
Հայկական աստղագիտական ընկերություն