Լրահոս

16.02.2012 17:35


«Տարոն Մարգարյանի խոսքը ներկայացվել է խեղաթյուրված». քաղաքապետարան

«Տարոն Մարգարյանի խոսքը ներկայացվել է խեղաթյուրված». քաղաքապետարան

Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածում` պուրակին հարակից ոչ կանաչ գոտում  տեղադրվող ժամանակավոր շինությունների դեմ բողոքող հասարակական նախաձեռնության ներկայացուցիչների կողմից այսօր որոշ ԶԼՄ-ներով տարածած հայտարարության առնչությամբ, որում մասնավորապես տեղ է գտել Եղիա Ներսիսյանի հայտարարությունը, թե Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ քաղաքապետը իբր «առաջարկել է իր հետ չխոսել օրենքից, այլ օրենքից խոսելու համար դիմել դատարան», հայտնում ենք, որ քաղաքապետին վերագրվող խոսքն ակնհայտ միտումնավորությամբ ներկայացվել է խեղաթյուրված և համատեքստից դուրս: Իրականում, հանդիպման ժամանակ հասարակական նախաձեռնության ներկայացուցիչների պնդմանը, թե ժամանակավոր շինությունների տեղադրումն իրականացվում է առանց համապատասխան փաստաթղթերի առկայության, ինչն օրենքի խախտում է, քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է նրանց, որ այդ աշխատանքներն իրականացվում են օրենքի շրջանակում` հաստատված և համաձայնեցված քաղաքաշինական փաստաթղթերի համապատասխան, ինչը, սակայն, չի բավարարել նախաձեռնության ներկայացուցիչներին և նրանք պնդել են, որ կա օրենքի խախտում: Ի պատասխան այդ պնդման, քաղաքապետ Տարոն Մարգարյանը առաջարկել է դիմել դատարան և օրենքին համապատասխանության հարցը վիճարկել դատարանում:

Երևանի քաղաքապետարանը մեկ անգամ ևս վստահեցնում է, որ Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածում` պուրակին հարակից ոչ կանաչ գոտում  ժամանակավոր շինությունների տեղադրումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով` հաստատված և համաձայնեցված քաղաքաշինական փաստաթղթերի համապատասխան: 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը