Լրահոս

16.02.2012 15:19


Մաշտոցի այգին քաղաքապետարանի փոխարեն կպաշտպանեն քաղաքացիները

Մաշտոցի այգին քաղաքապետարանի փոխարեն կպաշտպանեն քաղաքացիները

Փետրվարի 14-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ և փետրվարի 15-ին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հետ երկու հանդիպումներից հետո «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունն արձանագրում է հետևյալը.

1. Մաշտոցի այգու բետոնապատման համար քաղաքապետարանի կողմից ոչ մի օրինական հիմք այդպես էլ չի ներկայացվել և քաղաքացիներին կոչ է արվել «օրենքից չխոսել»,

2. Ակնհայտ դարձավ, որ քաղաքապետարանը կամայական որոշում է կայացրել ի օգուտ մի քանի սեփականատերերի և ի հաշիվ Երևանի հանրության,

3.  «Հին Երևան»  նախագիծը մոտ ապագայում իրագործման որևէ շանս չունի և այն օգտագործվում է միայն որևէ կերպ արդարացնելու համար այգու ապօրինի կառուցապատումը,

4. Քաղաքապետարանի ներկայացուցիչները նաև չկարողացան բացատրել ինչու են մեկ հանրային տարածքից ապամոնտաժված կառույցները տեղադրել նոր հանրային այգում և այն էլ կանաչապատ գոտում,

5. Դրանց ժամանակավոր լինելու հանգամանքը չի ազատում օրենքի պահպանման պարտավորությունից և չի համապատասխանում իրականությանը, քանի որ այդ կառույցները ժամանակավոր չեն, այլ հիմնավոր են ու նախատեսված են երկար տարիներով,

6. Քաղաքապետարանի ընկալման մեջ տեղ չունեն ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ և ՀԱՆՐԱՅԻՆ ԱՅԳԻ հասկացությունները և առաջնահերթություն է տրվում խանութների տերերին:

Ելնելով այս ամենից՝ հայտարարում ենք, որ

Եթե Երևանի քաղաքապետարանը չի ցանկանում շարժվել օրենքով, ապա Մաշտոցի այգում օրեր շարունակ հերթապահող քաղաքացիներն ունեն այդ օրենքի գիտակցումը և այլ ելք չեն տեսնում, քան շարունակել անժամկետ նստացույցը մինչև այգու վերջնական ազատումը:

Միաժամանակ տեղեկացնում ենք նստացույցի մասնակիցների դեմ սկսած սադրանքների մասին և պատկան բոլոր մարմիններից պահանջում ենք անհապաղ միջոցներ ձեռք առնել` ապահովելու համար նրանց անվտանգությունը:

«Մե՛նք ենք այս քաղաքի տերը»

քաղաքացիական նախաձեռնություն

16.02.2012

Այս խորագրի վերջին նյութերը