Լրահոս

16.02.2012 12:33


Բաց նամակ ՀՀ նախագահին

Բաց նամակ ՀՀ նախագահին

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Պարոն Ս. Սարգսյանին, ՀՀ քաղաքացի Բենիամին Հովակիմյանից,

Բնակվող` Երևան, Դավթաշեն 1թաղ., 22-30,

Հեռ. 010 36 71 93, 093 65 44 95

e-mail: [email protected] 

Մեծարգո պարոն Նախագահ

Քրեական գործը, որի վրա ուզում եմ հրավիրել Ձեր ուշադրությունը, վերաբերում է իմ որդուն: Կարծում եմ, որ նրա հետ կատարվածը տիպական է և ի ցույց է դնում մեր դատաիրավական համակարգում առկա թերությունները:

Որդիս` Ստեփան Հովակիմյանը, արդեն երկու տարի է գտնվում է կալանքի տակ: Նա  մեղադրվում է իր ընկերոջ` Վահրամ Քերոբյանի հետ միասին «Մոսկվա» կինոթատրոնում 2010թ. հունվարի 10-ին կատարված գողությունը կազմակերպելու ու իրականացնելու մեջ: Քրեական գործը գտնվում է Կենտրոն և Նորք Մարաշ դատարանում (դատավոր Մխիթար Պապոյան):  

Գողությունը կատարվել է 2010 թվականի հունվարի 10-ին, իսկ քրեական գործը հարուցվել է փետրվարի 6-ին։ Այս ընթացքում որդիս երկու անգամ, առանց պատշաճ ծանուցման, տարվել է ոստիկանության Կենտրոնի բաժին, ենթարկվել խոշտանգումների. փորձել են կորզել ցուցմունք իր և իր ընկերների դեմ, սակայն նա նման ցուցմունքներ չի տվել: Բերման ենթարկելու մասին որևէ  արձանագրություն չի կազմվել: Երրորդ անգամ՝ արդեն փետրվարի 6-ին, զրուցելու պատրվակով Ս. Հովակիմյանը կանչվել է քաղաքային վարչություն: 7 ժամ շարունակ նա ենթարկվել է ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների, չի ապահովվել փաստաբանի ներկայություն, չեն ներկայացվել նրա` որպես կասկածյալի իրավունքները, հնարավորություն չի տրվել տեղյակ պահել ընտանիքի անդամներին: Բռնի մեթոդներով կորզված ինքնախոստովանական ցուցմունքը միակ ապացույցն է, որն այսօր քրեական գործի հիմքում է: Միայն այդ ցուցմունքի հիման վրա ձերբակալվել է նաև նրա ընկերը` Վ.Քերոբյանը:  

Հետագայում ոստիկանության ապօրինի գործողությունների, խոշտանգումների վերաբերյալ որդիս` Ս.Հովակիմյանը և պաշտպան Տիգրան Սաֆարյանը դիմել են գործին առընչվող բոլոր ատյաններին` գործը վարող քննիչին, դատախազությանը, դատարանին, հատուկ քննչական ծառայությանը: Սակայն անարդյունք:

Միայն հիշեցնեմ` առանձին նամակով Ձեզ դիմել են նաև հանրապետության ճանաչված մտավորականներ ու հասարակական գործիչներ: Մինչդեռ արդեն երկու տարի է որդիս կալանավորված է: Կայացել է 55 դատական նիստ, և պարզ չէ, թե դեռ որքան կշարունակվի: Ակնհայտ է, որ այս անցած երկու տարիների ընթացքում Ոստիկանությունը, Դատախազությունը և Հատուկ քննչական ծառայությունները դատարանում չեն կարողացել փաստերով ապացուցել որդուս և նրա ընկերոջ մեղավոր լինելը: Նախաքննությունը կատարվել է ոչ ամբողջական և ոստիկանության ունեցած նախնական վարկածը «անցկացնելու» միտումով: Գործի մեջ առկա գրեթե բոլոր դրվագները թերի են և հակասություններով լի: Ակնհայտորեն խախտվել են անձի պաշտպանության իրավունքը և օրենսդրության մի շարք հիմնարար պահանջներ: Հատուկ քննչական ծառայությունը, դատախազությունը և ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը ամեն ինչ անում են իրենց գործընկերներին արդարացնելու համար: Ոստիկանության ապօրինի գործողությունների ու խոշտանգումների փաստերը հաստատող մեր կողմից ներկայացված ապացույցները պարզապես չեն քննարկվում:  Արդյունքում դատավարությունն անհիմն ձգձգվում է, գերազանցելով ողջամիտ բոլոր ժամկետները: Ձեզ դիմելու պատճառը հենց այս փաստն է: Այսօր դատարանը կաշկանդված է որոշում կայացնելու հարցում: Երկու տարի կալանավորված անձին արդարացնելը նշանակում է բացասական գնահատական տալ իրավական համակարգի երեք օղակների աշխատանքին և հակադրվել այդ ազդեցիկ կառույցներին: Մեր դատաիրավական համակարգին ծանոթ շատ փորձագետների կարծիքով սա բավական տիպական երևույթ է` «խորամանկ» մի քայլ, որին կուլ գնալով դատարանները ստիպված են լինում մեղադրական որոշումներ կայացնել, զուտ այն պատճառով, որ քննվող գործը վաղուց արդեն դուրս է եկել ողջամիտ ժամկետներից:

Ակնկալում եմ  Ձեր հատուկ ուշադրությունն այս ու դատական համանման գործերի նկատմամբ: Որովհետև նմանատիպ գործերն են հասարակական անվստահություն ծնում մեր դատաիրավական համակարգի նկատմամբ: 

Պարոն նախագահ, Ձեզ ուղված նամակ-դիմումս չեմ ուզում ծանրացնել մանրամասներով: Քրեական այս գործը հասարակական հնչեղություն է ստացել և լայնորեն քննարկվել է մամուլում: Հրապարակումներին կարող եք ծանոթանալ այստեղ` http://stepanhovakimyan.wordpress.com

 ՀՀ քաղաքացի` Բենիամին Հովակիմյան

 

Այս խորագրի վերջին նյութերը