Հարցազրույց

14.02.2012 16:39


Արմեն Պողոսյան.

Արմեն Պողոսյան.

Հարցազրույց «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանի հետ

–Կառավարությունը սահմանել էր գնաճի մի շեմ, սակայն կայուն կերպով գնաճը մեծանում է։ Ինչո՞վ է սա բացատրվում։ Արդյոք միայն միջազգայի՞ն գործոնով։

–Կա սահմանային գներ սահմանելու հնարավորություն։ Մեզ մոտ դա չի գործում։ Ես չեմ կարող ասել՝ ինչու։ Չնայած՝ դա երևի մենաշնորհների դիմադրության արդյունքում է եղել։ Հանրապետության նախագահի կարգադրությամբ ստեղծվեց միջգերատեսչական խորհուրդ, որը պետք է ուսումնասիրեր և առաջարկություններ ներկայացներ գնաճի զսպման ուղղությամբ։ Շատ պատկառելի  հանձնաժողով էր. բոլորը  փոխնախարարներ էին։ Ես մասնակցել եմ այդ քննարկումներին, բայց ոչ մի արդյունք չեմ լսել։ Եթե ես չեմ լսել, ուրեմն այդ հանձնաժողովի գործունեության արյունքը չկա։

–Հատկապես թանկ է գյուղմթերքը։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

–Վերջերս հրապարակվեց մի լոզունգ՝ «դեմքով դեպի գյուղացին», բայց այն միջոցառումները, որ արվում են այդ շրջանակներում, իմ կարծիքով, նպատակային և արդյունավետ չեն։ Եթե մեր  գյուղացիական բնակչությունը մի մասով արտագաղթում է, մյուս մասով էլ  աղքատության է մատնված, ապա արդյունք չկա։ Չկան այն պայմանները, որ նրանք արտոնյալ կերպով ձեռք բերեն, ենթադրենք՝ պարարտանյութ կամ թունաքիմիկատներ, այսինքն՝ եկամուտ ստանալուց հետո վճարեն։ Դա չկա։ Լավ չի աշխատում մեխանիզմը։ Խնդիրները շատ–շատ են։ Մյուս կողմից էլ անզուսպ ներմուծում կա։ Պրոտեկցիոնիզմին, ճիշտ է, դեմ են խոսում միջազգային կառույցները, բաց կիրառում են։ Հիմա այս դեպքում պրոտեկցիոնիզմը պետք է կիրառվի՝ այն տեսակի սննդամթերքը, որը մեզ մոտ  է աճեցվում, ավելի թանկ մաքսատուրքով ներմուծվի։ Անգամ տեղական ինքնակառավարման մարմինները ոչ միայն չեն նպաստում, այլ հաճախ էլ խանգարում են արտադրությանը, որովհետև  միշտ էլ ներկրելը ֆինանսապես ձեռնտու է՝ քիչ չարչարանք՝ մեծ  եկամուտ, իսկ տեղում աճեցնելը երկար  գործընթաց է։

–Բայց եթե շատ է սննդամթերք ներմուծվում, նշանակում է՝ գյուղմթերքն այդքան թանկ չպետք է լիներ։ Այդ դեպքում ինչո՞ւ է հիմա մեզ մոտ թանկ։

–Մեզ մոտ իրացման օղակը բացակայում է։ Այսինքն, չկա այն օղակը, որ հարմար գնով գյուղացուց գնի մթերքը և հետո տանի շուկա, վաճառի քիչ տարբերությամբ։ Դրանից բացի, չկան լավ պայմաններ գյուղացու համար, ու գյուղացին դադարում է մշակել հողը։ Բնականաբար, եթե մթերքը քիչ է լինում, գինն էլ է բարձրանում։ Բացի այդ, թանկ գնից ոչ թե գյուղացին է օգտվում, այլ վերավաճառողը։

–Դուք նշեցիք, որ կառավարությունը հայտարարել էր, թե շրջվում է դեմքով դեպի գյուղը, սակայն գյուղերը  դատարկվում են։ Կարելի՞ է ասել, որ այս ոլորտում էլ ձախողում գրանցվեց։

–Ես կասեի, որ  դրա արդյունքները չեն երևում։ Չեմ ուզում կտրուկ ասել ձախողում, որովհետև հույս ունեմ, որ գուցե դեռ քայլեր կարվեն, բայց այսօր արվող քայլերի արդյունքները չեն երևում։

–Կանխատեսվում է, որ առաջիկա օրերին կրկին ձյուն է տեղալու։ Դուք՝ որպես սպառող և տրանսպորտից օգտվող մարդ, ինչպե՞ս եք գնահատում այս օրերին քաղաքային իշխանությունների կատարած աշխատանքը, գո՞հ եք։

–Չեմ կարող գոհ լինել, որովհետև փողոցները ոչ  բարվոք վիճակում են, ու բավական մարդիկ են արդեն տրավմաներով հիվանդանոցներ տեղափոխվել։ Ձևական կողմը հեշտ է ապահովել՝ փողոցը, մայրուղին մաքրել, բայց մայթերի վրա ձյունը սառցակալում է և առողջության համար վտանգավոր դառնում։ Խորհրդի կարգով ուզում եմ ասել, որ երբ ձյունը նոր է գալիս, այդ ժամանակ պետք է ինտենսիվ աշխատել՝ երկու–երեք հերթափոխ, որովհետև նոր եկած ձյունը հեշտ է մաքրել, իսկ այժմ, երբ արդեն սառցակալել ու քարացել է, շատ դժվար է։ Այդ մաքրող մարդիկ էլ են մեղք։ Ժամանակային, տեխնոլոգիական առումով էլ ճիշտ չի կազմակերպված աշխատանքը։

Զրույցը  վարեց Հեղինե Հարությունյանը

 

Այս խորագրի վերջին նյութերը