Լրահոս

10.02.2012 15:39


«Ժառանգության» հայտարարությունը ԵԺԿ դիտորդի կարգավիճակի և Հայաստանում քաղաքական կոռուպցիայի մասին

«Ժառանգության» հայտարարությունը ԵԺԿ դիտորդի կարգավիճակի և Հայաստանում քաղաքական կոռուպցիայի մասին

«Ժառանգություն» կուսակցությունը գոհունակությամբ ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության Քաղաքական համաժողովի բրյուսելյան հանդիպման որոշմամբ իրեն շնորհված դիտորդ-անդամությունը:

Հիմնադրման պահից ի վեր «Ժառանգությունը» ԵԺԿ արժեքների գաղափարակիրն է եւ մինչ օրս Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, Եվրոնեստում, ԵԱՀԿ-ում եւ այլուր հետեւողականորեն մասնակցել է ԵԺԿ գործունեությանը:

Մենք ոգեշնչված ենք դիտորդի կարգավիճակի միջոցով մեզ հասանելի դարձած հնարավորություններով, որ մեզ հետ միասին կիսում են նաեւ իշխող Հանրապետական եւ նրա կոալիցիոն գործընկեր «Օրինաց երկիր» կուսակցությունները:
Միեւնույն ժամանակ խորապես մտահոգ ենք մեր երկրում խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների այս նախաշեմին քաղաքական կոռուպցիայի  տարածման աննախադեպ աստիճանով:

Ի հավելումն հանրային պարտականության եւ հատվածական շահի բախման այն ճչացող օրինակների, որոնք ուրվագծվեցին ՀՀԿ ղեկավար եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված` Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի 2011թ. նոյեմբերի 21-ի բարի կամքի նամակում` դրան նախագահական արտառոց վերաբերմունքով հանդերձ, Ազգային ժողովը, ուր ներկայացված են ԵԺԿ նորագիրներ հանդիսացող բոլոր երեք կուսակցությունները, շարունակում է ապաստան տալ ընտրական գողությանն ու քաղաքական խարդախությանը:

Այդպիսի կրկնվող մի դրվագ էլ տեղի ունեցավ ճիշտ այն օրը, երբ մտադրությունների ու սկզբունքների ընդհանուր հռչակագրին միացած երեք կուսակցություններին շնորհվեց ԵԺԿ դիտորդի կարգավիճակը: Հավատարիմ մնալով ընտրական գործընթացներում եւ խորհրդարանական առօրյայում կեղծարարությունների տեւական ավանդույթին` ԵԺԿ-ին դիտորդ կոալիցիան ներկայացնող տարբեր անձինք` խորհրդարանի ղեկավարության (ի դեպ` նույնպես դիտորդական կարգավիճակ ստացած կուսակցությանց անդամներ) լռելյայն համաձայնությամբ եւ փորձարկված պարտակմամբ, մեղսակից դարձան բացահայտ կեղծիքին` պատգամավորների, լրագրողների ու հանրության աչքի առջեւ ապօրինաբար քվեարկելով բացակա գործընկերների փոխարեն: Սույն առիթով`սա կատարվեց թե´ խորհրդարանական մեծամասնության համար անիրավ քվորում, թե´ դրանից հետո մի շարք բովանդակային օրինագծերի քվեարկություններում նրանց ցանկացած արդյունքն ապահովելու համար:

  Լինի Ազգային ժողովում, Նախագահական նստավայրում, կամ էլ առաջիկա ընտրությունների ընթացքում նման հանցավոր գործունեության եւս թեկուզ մեկ դրսեւորման պարագայում «Ժառանգություն» կուսակցությունը պիտի չկարողանա` ոչ քաղաքականապես, ոչ բարոյապես, ոչ էլ որեւէ այլ կերպ, հաշտեցնել ԵԺԿ կոչվող եվրոպական կուսակցությունների մեծ ընտանիքին իր մասնակցությունը հակաժողովրդավարական, հակահայկական եւ հակաեվրոպական վարքագծի պատասխանատուների ներկայության հետ:

 

Այս կապակցությամբ, բայցեւ առանձին քննարկման արժանի առարկա, մենք չենք կարող չարտահայտել հավելյալ մեր տարակուսանքն առ այն, որ Հայ վարչապետը վերջերս արած հայտարարությամբ հանրորեն աջակցություն հայտնեց այլ երկրի գործող պաշտոնյայի նախագահական հավակնությանը:


Բախտորոշ այս խաչմերուկում մենք միաժամանակ ծայրաստիճան հպարտ ենք ԵԺԿ պատկանելության առթիվ եւ ծայրաստիճան տագնապած թե´ Հայաստանի եւ թե´ ողջ Եվրոպայի համար` Հանրապետության փաստացի իշխանավորների խոսքի ու գործի միջեւ անվերջանալի անջրպետի պատճառով:

Եվ շատ ենք ցավում, որ սույն հայտարարությունը դարձել է անհրաժեշտություն:
«Ժառանգություն» կուսակցություն

10 փետրվարի 2012թ.

Այս խորագրի վերջին նյութերը