Լրահոս

08.02.2012 19:08


Տիգրան Սարգսյանը «Ֆլեշ»–ի սեփականատիրոջ մասին. «Ի՞նչ է, վարչապետը պետք է մտերիմներ չունենա՞»

Տիգրան Սարգսյանը «Ֆլեշ»–ի սեփականատիրոջ մասին. «Ի՞նչ է, վարչապետը պետք է մտերիմներ չունենա՞»

Լրագրողների հետ ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատասխանելով «7օր»–ի այն հարցին, թե վերջերս կառավարությունը «Ֆլեշ» ընկերությանը տվեց գյուղացիներին դիզելային վառելիք մատակարարելու բացառիկ իրավունքը և արդյոք դա կոռուպցիայի բացահայտ դրսևորում չէ՞, մանավանդ երբ հայտնի է, որ ինքը շատ մտերիմ է «Ֆլեշի» սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի հետ, ով իր հերթին հանդիսանում է նաև Սերժ Սարգսյանի ընկերը, ասել է, թե ի՞նչ է, վարչապետը մտերիմներ չպե՞տք է ունենա։

–Մնացած 6 ընկերությունները, որ վառելիք են մատակարարում Հայաստան՝ նույնպես ինձ հետ շատ լավ հարաբերությունների մեջ են՝ ուղղակի դուք դրա մասին չեք գրում։ Ինչո՞վ է պայմանավորված «Ֆլեշ»–ին այդ հնարավորությունը տալը։ Ես նշել եմ, որ պետական մարմինները այսօր ստանում են վառելիք այն համաձայանգրի շրջանակում, որը գնումների օրենքի համապատասխան կնքում է ֆինանսների նախարարությունը։ Մենք պայմանագիր ունենք բոլոր ընկերությունների հետ, որոնք մասնակցել են մրցույթին և հաղթել են այդ մրցույթում՝ դրանք 6–ն են, որոնք ՀՀ պետական մարմիններին վառելիք են մատակարարում և դրանցից մեկը «Ֆլեշն» է։ Եվ ընտրությունը կատարել է ֆինանսների նախարարությունը՝ հաշվի առնելով վերջին երեք ամիսներին նրանց առաջարկած գները։ Քանի որ ամենացածր գինը առաջարկել է «Ֆլեշ» ընկերությունը՝ բնականաբար, նախապատվությունը էժան գնին է տրվել, և երկրորդ՝ այդ ընկերությունը ստանձնել է պարտավորություն, որ ինքը այդ վառելիքը հասցնելու է համայնքներին, ինչը լրացուցիչ ծախսեր է ենթադրում ընկերության վրա։ Ինքը մեզ համար ավելի լավ պայմաններ է ստեղծում։ Այնպես որ օբյեկտիվ պայմաններից ելնելով, գիտակցելով ձեր հետաքրքրությունն այս գործարքի վերաբերյալ՝ այն իրականցրել ենք առավել թափանցիկ,–ասել է նա։

Հարցին, թե արդյոք նման հսկայական շուկա նվեր ստանալով և բացառիկ արտոնյալ պայմաններում հայտնվելով վարչապետը մտավախություն չունի՞, որ շուկան կարող է մոնոպոլիզացվել «Ֆլեշի» կողմից, տրվել է հետևյալ պատասխանը.

–Այս գործարքը իրականում ծախսատար է և շահութաբերության մակարդակը, ընդհանուր գործարքների հետ համեմատած, շատ ցածր է։ Այնպես, որ մեծ գայթակղությունն այլ ընկերությունների կողմից այդքան էլ մեծ չի,–ընդգծել է նա։

Ի դեպ, կառավարության այս որոշման կապակցությամբ մեր կայքում մեկնաբանություն էր տեղադրվել, որը կարող եք ընթերցել այստեղ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը