Լրահոս

07.02.2012 16:55


«Օրինագիծն ուղղված է ժողովրդի դեմ»

«Օրինագիծն ուղղված է ժողովրդի դեմ»

Հարցազրույց «Տապան» անկախ փորձագետների ասոցիացիայի համակարգող Գեղամ Նազարյանի հետ  

-         ՀՀ Ազգային ժողովում քվերակության է դրվել կառավարության ներկայացրած «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրենսդրական նախագծերի փաթեթը, որն անցավ բավական լարված մթնոլորտում: Ձեր գնահատականները կատարվածին:

-         Իրականում ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան թվում է ոմանց: Այս օրինագծի ընդունումը նպատակ է հետապնդում լիակատար տիրապետություն հաստատել տնտեսական ամբողջ դաշտի վրա: Տաղանդավոր տնտեսագետ լինել պետք չէ հասկանալու համար, թե ինչ կկատարվի փոքր, միջին եւ անգամ խոշոր բիզնեսի հետ, եւ վերջին հաշվով, մեզնից յուրաքանչյուրի հետ: Քայքայված, անդունդում գտնվող տնտեսություն ունեցող երկրում նման օրինագծի ընդունումը կարելի է անվանել տնտեսական ցեղասպանություն: Եւ այս իրավիճակում խոսել ստվերի դեմ պայքարի մասին, մեղմ ասած, բարոյական չէ: Նրանք, ովքեր կանգնած են այս օրինագծի ետեւում, պետք է դեռ ժողովրդին պարզաբանեն, թե ինչ շարժառիթներով էին առաջնորդվում նման նախաձեռնությամբ հանդես գալու համար:

-         Ինչով եք բացատրում Ազգային Ժողովի նախագահի, նրա տեղակալի, կառավարության ղեկավարի նյարդային հայտարարությունները եւ մեղադրանքներն ուղղված նրանց, ովքեր դեմ արտահայտվեցին օրինագծի ընդունմանը:

-         Բարգավաճ Հայաստանը, ինչպես նաեւ Ժառանգությունը եւ ՀՅԴ-ն հանդես եկան հստակ քաղաքական դիրքորոշմամբ, ինչը ոչ միայն ողջունելի է, այլ նաեւ հույս է ներշնչում, որ այս երկրում, ամեն ինչ չէ, որ կորած է: Այստեղ ցանկանում եմ հատուկ ընդգծել ԲՀԿ-ի եւ նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը: Այսպիսով, ԲՀԿ-ն ցույց է տալիս, որ ունի քաղաքական հստակ կողմնորոշում եւ վարում է ինքնուրույն քաղաքականություն:  ԲՀԿ-ն բոյկոտեց Ազգային Ժողովի փետրվարի 7-ի նիստը` մեկ անգամ եւս հստակեցնելով իր վերաբերմունքը «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրինագծի վերաբերյալ: Սա ահազանգ էր բոլորին` առաջին հերթին օրինագծի հեղինակներին:  «Բարգավաճ Հայաստանը» շատ հստակ ներկայացնում է այս հարցում ժողովրդի գերակշիռ մասի վերաբերմունքը, շեշտելով, որ նման օրինագծով հնարավոր չէ պայքարել կոռուպցիայի եւ ստվերային տնտեսության դեմ: Իրականում այս օրինագծից շահելու են որոշ բանկեր, որոնք առանց այն էլ ժողովրդի հաշվին հսկայական եկամուտներ են ունենում, իսկ տուժելու ենք բոլորս:

Այս խորագրի վերջին նյութերը