Լրահոս

03.02.2012 10:59


ՀՀԿ–ական. «Ցուցակում Հովիկ Աբրահամյանի տեղը Սերժ Սարգսյանի որոշելիք խնդիրն է»

ՀՀԿ–ական. «Ցուցակում Հովիկ Աբրահամյանի տեղը Սերժ Սարգսյանի որոշելիք խնդիրն է»

ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ համամասնական ցուցակում Ճիշտ կլինի ո՞ր տեղը զբաղեցնի։ «7օր»–ի այս հարցին ՀՀԿ–ական պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանել է.

–Դա կուսակցության որոշելիք խնդիրն է, ավելի շուտ՝ նախագահի որոշելիք խնդիրն է։ Այն, ինչ հիմա խոսում են, ընդամենը խոսակցություններ են. թե ով որ տեղում կլինի, ոչ ոք չի կարող ասել։

Լեռնիկ Ալեքսանյանն ասել է նաև, որ ինչպես ինքը, այնպես էլ մյուս բոլոր ՀՀԿ–ականները, չգիտեն իրենց «ճակատագիրը», այսինքն՝ լինելո՞ւ են այդ կուսակցության համամասնական ցուցակում, թե՞ ոչ։

–Ոչ ոք որոշակի ոչինչ չգիտի, ժամանակն էլ չէ, որ իմանա։ Երբ ժամանակը գա, կիմանան,–նշել է նա։

Անդրադառնալով մումուլի այն հրապարակմանը, թե այսօր Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ շտաբի հերթական նիստն է հրավիրելու, և որ այդ նիստերին հիմնականում մասնակցում են միայն Աբրահամյանի յուրային պատգամավորներն ու նախարարները, իսկ ՀՀԿ խորհրդի անդամներից շատերը պարզապես չեն իմանում՝ ինչ է կատարվում շտաբում, ավելին՝ տեսակետ կա, որ ՀՀԿ շտաբում այսօր հավաքված են ազգի բարձրաստիճան գործազուրկներն ու ՀՀԿ-ից քշվածները, Լեռնիկ Ալեքսանյանն ասել է.

Շտաբը դեռ չի ձևավորվել, այն ձևավորման փուլում է, իսկ ընդհանրապես, շտաբի նիստերին շտաբի անդամներն են մասնակցում, խորհրդի անդամներն էլ տեղյակ են ձևավորվող շտաբի աշխատանքներից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը