Լրահոս

01.02.2012 14:44


Գյումրու մանկավարժական ինստիտուտի աշխատակիցները սպասման մեջ են

Շարունակվում է ոստիկանության նախաձեռնած արշավը Գյումրու մանկավարժական ինստիտուտի դեմ, որի արդյունքում ինստիտուտի բնականոն աշխատանքը գրեթե ամբողջովին խաթարվել է: Մանկավարժական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը սպասման մեջ է՝ այս անգամ ո՞վ է հայտնվելու ոստիկանության թիրախում:

«Փորձում ենք հասկանալ, թե ինչ է կատարվում. բոլորովին անսպասելի էր, կարելի է ասել, որ ինստիտուտի գործունեությունը պարալիզացված է»,–«7օր»–ին ասել է ինստիտուտի դասախոսներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ:

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցներն արդեն երկու օր է, ինչ  աշխատանքներ են իրականացնում ինստիտուտում: Այսօր լուրեր տարածվեցին, որ ձերբակալվել են նաև պատմաբանասիրական ֆակուլտետի դեկան Սերգեյ Հայրապետյանը և նրա քարտուղարուհին, սակայն հետագայում պարզաբանվեց, որ վերջիններս հրավիրվել են հարցաքննության գործի շրջանակներում: Իսկ ձերբակալված մանկավարժական ֆակուլտետի դեկանն ազատ է արձակվել հանրապետությունից չբացակայելու ստորագրությամբ:

Այս ընթացքում ինստիտուտի դասախոսներն ու աշխատակիցները պարբերաբար հրավիրվում են ոստիկանություն հարցաքննության, իսկ պատմաբանասիրական ֆակուլտետի դեկանի և դասախոսների կաբինետները կապարակնքված են. առաջիկայում ոստիկանության աշխատակիցները ստուգումներ են կատարելու:

Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը կատարվածի հետևում քաղաքական ենթատեքստ չի տեսնում. չնայած ինքը ԲՀԿ անդամ է, բուհը բացարձակ ապաքաղաքական է, և ուսանողների ու դասախոսների շատ չնչին տոկոսն է ԲՀԿ անդամ:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը