Լրահոս

01.02.2012 14:06


2011թ. նվազել է մանկածնության մակարդակը

2011թ. նվազել է մանկածնության մակարդակը

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն այսօր ամփոփել է 2011թ. հունվար–դեկտեմբեր ամիսների ժողովրդագրական արդյունքները։ Ըստ տվյալների՝ ՀՀ բնակչության թվաքանակը 2012թ. տարեսկզբին կազմել է 3 մլն 274 հազ. 300, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 11 700–ով, և աճը կազմել է 0,4% (2001թ. մարդահամարի հիմքով վարվող)։

2011թ. հունվար–դեկտեմբերի ընթացքում գրանցվել է 43 447 կենդանի ծնունդ, ինչը 2001թ. համեմատ ցածր է 3,1%–ով։ 1000 բնակչի հաշվով մանկածնության գործակիցը կազմել է 13,3‰, այսինքն՝ 1000 բնակչին հասնում է 13,3 ծնունդ։

Մահացությունը 2011թ. հունվար–դեկտեմբերին կազմել է 28 030 և 2010թ. համեմատ աճել 0,4%–ով, իսկ 1000 բնակչի հաշվով գործակիցը հավասար է 8,6‰–ի։ 2011թ. գրանցվել է 851 մեռելածնություն՝  2010թ. 845–ի համեմատ։

Նախորդ տարում 9,6%–ով աճել է ամուսնությունների թիվը՝ կազմելով 19 706 դեպք։ Պրոմիլային ցուցանիշի առումով 1000 բնակչին բաժին է ընկնում 6 ամուսնություն։ 2011թ. 6,4%–ով աճել են նաև ամուսնալուծությունները՝ կազմելով 3188 դեպք, իսկ յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով գրանցվում է 1 ամուսնալուծություն։

Հանրապետության տարածքում մանկածնության մակարդակը ամենաբարձրը մայրաքաղաքում է՝ 14‰, Արագածոտնի մարզում՝ 13,9‰ և Արմավիրի մարզում՝ 13,8‰, իսկ ամենացածր մակարդակը գրանցվել է Սյունիքի մարզում՝ 10,5‰։ Հայաստանի Հանրապետությունում մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Լոռիում՝ 10,3‰ և Տավուշում՝ 10,1‰, իսկ ամենացածրը Գեղարքունիքի մարզում է՝ 7,9‰։

Մահացության հիմանական պատճառներն են՝ արյան շրջանառության համակարգի հիվանդությունները՝ 47,9%, նորագոյացությունները՝ 20%, մարսողական համակարգի հիվանդությունները՝ 6,2% շնչառական համակարգի հիվանդությունները՝ 6,1%, դժբախտ պատահարները՝ 4,8%։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը