Լրահոս

01.02.2012 13:06


Նշանակվել են ՄԻՊ տեղակալներ

Փետրվարի 1-ից Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրամանով Պաշտպանի առաջին տեղակալ է նշանակվել Աշոտ Վահանյանը։ Մեկ այլ հրամանով Պաշտպանի տեղակալ է նշանակվել Գենյա Պետրոսյանը։

«Պաշտպանի տեղակալների ինստիտուտի նորովի վերաբացումը պայմանավորված է Պաշտպանի և իր աշխատակազմի գործունեության ակտիվությամբ և դրա հետևանքով առաջացած աշխատանքների ծավալների կտրուկ ավելացմամբ։ Պաշտպանի աշխատակազմում տեղակալների հաստիքների ֆինանսական ապահովման համար պետբյուջեից ավելացում չի արվել, իսկ այս և մի շարք կառուցվածքային այլ փոփոխությունները լրացուցիչ չեն ծանրաբեռնել հարկատուներին։ Փոփոխությունները կատարվել են բացառապես եղած միջոցների արդյունավետ բաշխման միջոցով», -տեղեկացնում են լրատվական ծառայությունից։

Աշոտ Վահանյանը 1996-2001 թվականներին աշխատել է ՀՀ Պաշտպանության նախարարությունում իրավական բաժնի պետ, այնուհետև որպես ՀՀ կենտրոնական բանկի նախագահի իրավական գծով խորհրդական: 2008 թվականից Աշոտ Վահանյանը աշխատել է ՀՀ կառավարությունում պետաիրավական վարչության պետ: Մինչև Պաշտպանի առաջին տեղակալ նշանակվելը Աշոտ Վահանյանը զբաղեցնում էր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:

Գենյա Պետրոսյանը որպես մասնագետ, այնուհետև որպես իրավական հարցերով Պաշտպանի օգնական սկսել է աշխատել դեռևս առաջին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։ Երկրորդ Պաշտպանի պաշտոնավարման ընթացքում Գենյա Պետրոսյանը զբաղեցնում էր Պաշտպանի խոհրդականի պաշտոնը: Նախքան նշանակվելը Պաշտպանի տեղակալ` Գենյա Պետրոսյանը հանդիսանում էր աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

ՄԻՊ աշխատակազմի լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը