Քաղաքական

01.02.2012 13:18


Ո՞վ իրավունք ունի դառնալ պատգամավոր

Ո՞վ իրավունք ունի դառնալ պատգամավոր

ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, այլ պետության քաղաքացի չհանդիսացող, վերջին հինգ տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող  յուրաքանչյուր ոք:

Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու չեն կարող առաջադրվել սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, դատախազները, ոստիկանությունում, ազգային անվտանգությունում, դատական ակտերի հարկադիր կատարման, փրկարարական, հարկային, մաքսային մարմիններում, քրեակատարողական հիմնարկներում ծառայողները, զինծառայողները, ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն այլ պետության քաղաքացիություն։

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներն ու պաշտոնատար այն անձինք, որոնց նկատմամբ չեն տարածվում սույն հոդվածով նախատեսված սահմանափակումները, Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու գրանցվելուց հետո մինչև նախընտրական քարոզչության ավարտը ժամանակավորապես ազատվում են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուց, բացառությամբ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց:

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու մասին կուսակցության, կուսակցությունների դաշինքի դիմումին կցվում է նաև նվազագույն աշխատավարձի 8 000-ապատիկի չափով ընտրական գրավի մուծման անդորրագիրը, իսկ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուները պետք է մուծեն նվազագույն աշխատավարձի 1 000-ապատիկի չափով ընտրական գրավ։

Նախընտրական քարոզչություն իրականացնելու համար պատգամավորի թեկնածուն, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը բացում է նախընտրական հիմնադրամ։

Մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուն իրավունք ունի իր հիմնադրամում մուծում կատարելու նվազագույն աշխատավարձի մինչև 1 000-ապատիկի,  իսկ  թեկնածուին  առաջադրած  կուսակցությունը՝  մինչև  2 000-ապատիկի  չափով,  համամասնական  ընտրակարգով  ընտրություններին մասնակցող կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները միասին՝ համապատասխանաբար կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի հիմնադրամում՝ նվազագույն աշխատավարձի մինչեւ 15 000-ապատիկի չափով գումար:

Յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է պատգամավորի թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի նախընտրական հիմնադրամում մուծում կատարել մինչև նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով գումար:

Նախընտրական քարոզչության ընթացքում պատգամավորի թեկնածուն զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման ֆինանսավորման համար իրավունք ունի ծախսելու նվազագույն աշխատավարձի 10 000-ապատիկը չգերազանցող գումար, իսկ կուսակցությունը, կուսակցությունների   դաշինքը`  նվազագույն  աշխատավարձի  100 000-ապատիկը չգերազանցող գումար:

Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է նրա լիազորությունների ավարտին նախորդող ոչ շուտ, քան 40, և ոչ ուշ, քան 30 օր առաջ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված՝ ընտրական տեղամասերում քվեարկությունների արդյունքների հիման վրա քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո ամփոփում է համապետական ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները, արձանագրությամբ վավերացնում դրանք:

ԿԸՀ–ն քվեարկության օրվանից հետո՝ 7-րդ օրը, հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմում է արձանագրություն` քվեարկության արդյունքների վերաբերյալ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը