Լրահոս

13.01.2011 13:14


Քաղաքապետարանն արգելում է անօրինական բացօթյա առևտուրը

Քաղաքապետարանն արգելում է անօրինական բացօթյա առևտուրը

Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությունը վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ շարունակում է իրականացնել բացօթյա առևտրի արգելման և կանխարգելման լայնամասշտաբ ծրագիր, որի նպատակն է ի կատար ածել ՀՀ օրենսդրության պահանջը, սպառողներին ապահովագրել անորակ, պահպանման անբավարար պայմաններում վաճառվող մթերքի օգտագործումից, կանխել և հետագայում բացառել դրանց արդյունքում արձանագրված թունավորման դեպքերը։

«Պակաս կարևոր չեն նաև մայթերի, անցուղիների, մինչև իսկ փողոցների երթևեկելի մասերի խցանումներից ձերբազատումը, տարերայնորեն կազմակերպված վաճառատների հարակից տարածքների հակասանիտարական վիճակի, բնակելի շենքերի մուտքերի և պատուհանների մոտ աղմուկի վերացումը, ինչը արդարացիորեն մշտապես առաջացնում է բնակիչների անհանգստությունը և դժգոհությունը, որոնք վերջին շրջանում հաճախացել են՝ արտահայտելով բազմաթիվ դիմում-բողոքներով և հեռախոսազրույցներով։

ՀՀ օրենսդրությամբ որոշակի պայմանների ապահովմամբ բացօթյա առևտրի կազմակերպում թույլատրվում է միայն ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղևնիների և սոճիների, պաղպաղակի, ջրի, այդ թվում՝ հյութերի, հանքային և զովացուցիչ ըմպելիքների վաճառքի դեպքերում, և անօրինական բացօթյա առևտրի արգելումը լիովին համահունչ է և՛ օրենսդրության պահանջներին, և՛ սպառողների շահերին, բայց Երևանի քաղաքապետարանը հակված է խնդիրը դիտարկել նաև բացօթյա առևտրի կազմակերպությունների տեսանկյունից, քանի որ առկա է նաև սոցիալական ենթատեքստ։

Անօրինական առևտրով ներկայումս զբաղվողներին առաջարկվում է տեղափոխվել մոտակա շուկաներ, բացի այդ, մշակման և համաձայնեցման փուլում է նոր մինի շուկաների կազմակերպման ծրագիրը, ինչը հնարավորություն կտա ունենալ և՛ քաղաքակիրթ առևտուր, և՛ բացօթյա առևտրով զբաղվող անձանց սոցիալական կեցության պահպանման հնարավորություն։ Մենք այս հարցում ակնկալում ենք և՛ բացօթյա առևտրով զբաղվողների, և՛ բոլոր սպառողների աջակցությունը, որովհետև խնդրի արմատական լուծումը հնարավոր է միայն շահագրգռել բոլոր կողմերի սրտացավ և ողջախոհ մասնակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը