Լրահոս

01.02.2012 09:11


«Սարդարապատ» շարժումը դատապարտում է

Հունվարի 31–ին ՄԻԺԻ–ի գրասենյակում տեղի ունեցավ «Սարդարապատ» նախաձեռնության կազմակերպած քննարկում` «Աշխարհաքաղաքական զարգացումները Իրանի շուրջ» թեմայով։

Քննարկմանը մասնակցում էին Հայաստանում Իրանի դեսպանատան ներկայացուցիչներ, փորձագետներ, լրագրողներ:

Օրվա բանախոս, քաղաքագետ  Իգոր Մուրադյանը, վերլուծելով Իրանի շուրջ ստեղծված քաղաքական, տնտեսական և ռազմական իրավիճակը, մատնանշեց, որ իրատեսական չի համարում Իրանի դեմ կետային կամ ցամաքային ռազմական գործողությունների սանձազերծումը։ Իրանի նկատմամբ սկսված նոր տնտեսական պատժամիջոցների կիրառումը հետապնդում է ընդամենը մեկ նպատակ. նրան հարկադրել նստելու` Արևմուտքի շահերին համապատասխան իր քաղաքականության վերանայումը ենթադրող բանակցությունների սեղանի շուրջ:

Բանախոսը նշեց, որ իրատեսական չի կարող համարվել Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին միանալու պահանջի ներկայացումը Հայաստանին, քանի որ աշխարհաքաղաքական կենտրոնները շատ լավ են գիտակցում վերջինիս համար իր հարավային հարևանի ռազմավարական նշանակությունը, որը պայմանավորված է Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից համապատասխանաբար արևելքից և արևմուտքից իրականացվող շրջափակմամբ, ինչպես նաև Վրաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների լարվածությամբ, ինչը հյուսիսային ուղղությամբ Հայաստանի տրանսպորտային հաղորդակցությունը դարձնում է անկայուն և չերաշխավորված: Քաղաքագետի հավաստմամբ` Արևմուտքը, հատկապես` ԱՄՆ-ը, չի կարևորում Հայաստանի և Իրանի տնտեսական գործակցությունը, քանի որ այն իր բնույթով և մասշտաբներով չի կարող զգալի նպաստ բերել Իրանի տնտեսությանը: Փոխարենը նրան մտահոգում է այդ երկրների միջև հնարավոր գիտատեխնիկական գործակցությունը, որը կարող է հանգեցնել Հայաստանի համապատասխան ներուժի ներգրավման շնորհիվ Իրանի միջուկային ծրագրերի  իրագործմանը:

Ըստ Իգոր Մուրադյանի՝ Իրանի շուրջ ներկայումս ձևավորվող աշխարհաքաղաքական զարգացումների հետևանքով տարածաշրջանում աճում է Հայաստանի՝ որպես բուֆերային երկրի, կարևորությունը ինչպես Իրանի, այնպես էլ Արևմուտքի և Ռուսաստանի համար։

Ամփոփելով քննարկումը, Տիգրան Խզմալյանն արտահայտեց «Սարդարապատ» նախաձեռնության համերաշխությունը Իրանի ժողովրդին ու պետությանը և դատապարտեց նրանց նկատմամբ իրականացվող ճնշումները, մասնավորապես՝ իրանցի գիտնականների դեմ կատարված ահաբեկչական գործողությունները։

Այս խորագրի վերջին նյութերը