Լրահոս

31.01.2012 14:56


ՀԱԿ–ում առայժմ որոշվել է միայն դաշինքի ձևաչափը

ՀԱԿ–ում առայժմ որոշվել է միայն դաշինքի ձևաչափը

ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը և ՀԺԿ վարչության քարտուղար, ՀԱԿ ներկայացուցիչ Գրիգոր Հարությունյանը հրավիրված համատեղ մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել են իրենց քաղաքական ուժերի նախընտրական ցուցակներին խնդրին։

–ՀՀԿ–ի ցուցակը դեռևս կազմված չէ։ Ամենայն հավանականությամբ, կլինեն նոր դեմքեր, նոր մոտեցումներ, անպայման հաշվի կառնվեն մարդու քաղաքական կշիռն ու վարքագիծը,– ասել է Մինասյանը։

Հարցին, թե տարածվող լուրերի համաձայն՝ ՀՀԿ ցուցակ կարող են ընդգրկվել  Արտաշես Գեղամյանը, Հայկ Բաբուխանյանը, Խոսրով Հարությունյանը, արդյոք դա ճի՞շտ է, Մինասյանը պատասխանել է.

–Ո՛չ գործադիրում, ո՛չ էլ խորհրդում այդպիսի հարց չի քննարկվել։ Այդ մարդիկ, ում անունները տալիս եք, հայտնի մարդիկ են իրենց քաղաքական գործունեությամբ։ Եթե կուսակցությունը որոշում ընդունի, այդ ժամանակ կքննարկենք։ Կարծում եմ՝ պետք է օգտագործել այն մարդկանց հնարավորությունը, ովքեր ասելիք ունեն և կարող են իրենց քաղաքական ներդրումն ունենալ երկրի զարգացման համար։ Բայց դա չի նշանակում, որ խոսքն այդ երեքի մասին է. ես որպես գաղափար եմ ասում սա։

Գրիգոր Հարությունյանն էլ իր հերթին նշել է, որ ՀԱԿ–ում առայժմ միայն որոշվել է դաշինքի ձևաչափը, ցուցակի վերաբերյալ դեռ քննարկում չի եղել։

–Բայց ես կարծում եմ, որ շրջահայաց մարդիկ կլինեն, որ կփորձեն գոնե այնպես անել, որ մեր երկիրը չգնա ցնցումների. մենք պատերազմող երկիր ենք,– ընդգծել է Հարությունյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը