Լրահոս

30.01.2012 00:26


Գյումրի. Սովի և աղքատության մատնված ծնողազուրկ երեխաների պատմություն

Գյումրիից 5-7 կմ հեռավորության վրա, դեպի Ախուրյան գետն ընկած Վարդ-Բաղ կոչվող երբեմնի, գեղատեսիլ և ծառապատ տարածքը նախկինում հայտնի հանգստյան գոտի էր: Երկրաշարժից հետո այն վերածվեց տնակային ավանի: Ներկայումս քաղաքից կտրված այդ տարածքում, ուր ձմռան ամիսներին նույնիսկ մեքենաներ չեն երթևեկում, բնակվում են սոցիալական ծայրահեղ պայմաններում և հիմնականում պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա անօթևան ընտանիքներ: Վարդ-Բաղ կոչվող տարածքի մեծ մասը ներկայումս բաժանված է գյումրեցի մի քանի մեծահարուստների միջև:

Այսօր «Շիրակ կենտրոնն» այցելեց այդ տարածքում ապրող ծնողազուրկ երեխաներ խնամող երկու ընտանիքների:

25-ամյա Աննա Սիմոնյանն իր 7 և 3 տարեկան մանկահասակ երեխաների հետ երկու տարի առաջ վերադարձել է ՌԴ-ից: Աննայի նախկին ամուսինը ներկայումս գտնվում է ՌԴ կալանավայրում: Նրա պատմելով իր ազգականները մի քանի ամիս առաջ, կեղծ գործարք կատարելով, տիրացել են հայրական տանը և իրենց ստիպողաբար դուրս են արել տանից: Այս ընտանիքը որևէ տեղ փաստացի հաշվառում չունենալու պատճառով զրկված է սոցիալական նպաստից և եկամտի այլ աղբյուր չունենալով մատնված է սովի և աղքատության:

Աննայի 7-ամյա դուստրը` Լաուրան թեև բավականին կենսուրախ և խելացի երեխա է, սակայն անհասկանալի պատճառներով հաճախում է Գյումրու մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար նախատեսված օժանդակ գիշերօթիկ դպրոց:

 

33-ամյա միայնակ մայր Լիաննա Մելիքյանն ունի երեք մանկահասակ երեխաներ, որոնցից մեծը` 12-ամյա Նաիրան, ով փոքր հասակում սրտի վիրահատություն է տարել, սովորում է Գյումրու օժանդակ գիշերօթիկ դպրոցի 4-րդ դասարանում, սակայն մեր այցելության ժամանակ տանն էր, մի շաբաթ է, ինչ դպրոց չէր հաճախում: 9-ամյա Տիգրանը անկողնուն գամված մանկուց հաշմանդամ է, իսկ փոքրը` Լուսինեն 2 տարեկան է:

Այս ընտանիքը կրկին որևէ հասցեում գրանցում չունենալու պատճառով երկար ժամանակ է զրկված է սոցիալական նպաստից:

Այս սոցիալապես ծանր պայմաններում գտնվող և ծնողազուրկ երեխաներ խնամող մայրերին այսօր փոխանցեցինք Մոսկվայում բնակվող մեր հայրենակցի կողմից վառելափայտի և սնունդի համար ուղարկված գումարը, ինչպես նաև մանկական հագուստ և գրենական պիտույքներ:

Այս ընտանիքների մասին առավել մանրամասն «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում  http://youtu.be/u24MtgDWJls

Այս խորագրի վերջին նյութերը