Լրահոս

30.01.2012 10:55


8 կուսակցությունների հայտարարությունը

8 կուսակցությունների հայտարարությունը

«1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում (այսուհետեւ` Օրենսգիրք) (2011 թվականի մայիսի 26-ի թիվ ՀՕ-164-Ն օրենք) 103-րդ հոդվածը կարդալ  հետեւյալ կերպ.

«Ազգային ժողովի ընտրությունները անցկացվում են համամասնական ընտրակարգով»:

Հիմնավորում. Հաշվի առնելով, որ ներկայումս գործող օրենսդրությամբ Աժ ընտրություններն անց են կացվում համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով, իսկ Հայաստանում ԱԺ ընտրություններում մեծամասնական ընտրակարգով ընտրությունները վերածվում են թաղային հեղինակությունների անառողջ մրցապայքարի, որտեղ տիրում է ընտրակաշառքը եւ բացակայում է քաղաքական տարրը, անհրաժեշտ է Օրենսգրքից բացառել ընտրությունների անցկացումը մեծամասնական համակարգով: Գտնում ենք, որ նշված փոփոխության միջոցով հնարավոր կլինի վերականգնել ընտրությունների նկատմամբ հասարակության վերաբերմունքը:

2. Օրենսգրքի 108-րդ հոդվածի 5-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«Կուսակցության /կուսակցությունների դաշինքի/ ընտրական ցուցակը   գրանցվում է, եթե կուսակցությունը սահմանված ժամկետում սույն օրենսգրքով սահմանված կարգով ներկայացրել է` նվազագույն աշխատավարձի 80-ապատիկի չափով ընտրական գրավի մուծման   անդորրագիրը, կամ կուսակցության /կուսակցությունների դաշինքի/ մասնակցությունը պաշտպանող քաղաքացիների  ստորագրահավաքի պաշտոնաթերթիկը` կուսակցության համար` 50000 վավեր ստորագրություն, կուսակցությունների դաշինքի համար` 75000 վավեր ստորագրություն»:

Հիմնավորում: Համաձայն գործող օրենսդրության` ընտրություններում մասնակցելու համար կուսակցությունները պետք է մուծեն որոշակի գումար` նվազագույն աշխատավարձի 8000-ապատիկը, որը վերադարձվում է մանդատներ ստացած կուսակցություններին: Կարծում ենք, որ այն  չի նպաստում ժողովրդավարության կայացմանը  եւ խոչընդոտում է կարող ուժերի ներգրավմանը քաղաքականություն: Միջազգային  փորձի ուսումնասիրությունը նույնպես  ի հայտ չի բերում ԸՕ այդպիսի տարբերակ, երբ կուսակցությունների մասնակցությունը ընտրություններում պայմանավորված է գումարային գրավով:

Նշված պայմանը արհեստական սահմանափակումներ եւ անհավասար պայմաններ է ստեղծում կուսակցությունների համար` ընտրություններին մասնակցելու եւ իրենց առաքելությունն իրականացնելու հարցում:

3. Օրենսգրքի 125-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«Ազգային ժողովի, Սահմանադրությամբ նախատեսված, մանդատները բաշխվում են մասնակից կուսակցության /կամ կուսակցությունների  դաշինքի/ ընտրական ցուցակների միջեւ ,որոնք ստացել են վավեր քվեաթերթիկների ընդհանուր թվի մեկ մանդատին եւ ավելի համարժեք կողմ քվեարկված քվեաթերթիկներ:

Մեկ մանդատին համարժեք ձայների քանակը հաշվարկելու համար վավեր քվեաթերթիկների ընդհանուր թվի  գումարը բաժանվում է ԱԺ մանդատների  համամասնական ընտրակարգով ընդհանուր թվի վրա եւ առանձնացվում է ամբողջ թիվը, ապա կուսակցության /կամ կուսակցությունների դաշինքի/  կողմ քվեարկված վավեր  քվեաթերթիկների գումարը բաժանվում է մեկ մանդատին համարժեք հաշվարկված թվի վրա եւ առանձնացվում ամբողջ թիվը թվերի կլորացման սկզբունքով»:

Հիմնավորում. Եթե դիտարկենք 1995թ.,1999թ., 2003 եւ 2007թ.թ. ընտրությունների արդյունքները, ապա ի հայտ են գալիս հետեւյալ տվյալները. ԱԺ մանդատներ չստացած քաղաքական կուսակցությունների կողմ քվեարկված քվեաթերթիկների քանակը կազմում է բավականին մեծ տոկոս ընդհանուր վավեր քվեաթերթիկների նկատմամբ, որոնք, ըստ գործող օրենքի, բախշվում են մանդատ ստացած կուսակցությունների միջեւ` 1995թ. - 13%, 1999թ.-20%,   2003թ. - 24%, 2007թ. - 25%,ինչը բերում է այն իրավիճակին, որ, օրինակ, սոցիալիստական գաղափարախոսություն ունեցող կուսակցությունները հավաքելով 3 տոկոսից ավելի ձայն (մոտ 45000 ձայն) ընդհանրապես չեն ներկայացված խորհրդարանում եւ, հետեւաբար, մարդկանց մի մեծ զանգված չի կարող անգամ ներկայացնել  հանրությանը եւ գործող իշխանությանը  իր կուսակցության  կարծիքը, պրոբլեմները եւ պահանջները: Այդ իսկ պատճառով, մեր կարծիքով, անհրաժեշտ է վերանայել  ընտրությունների անցողիկ շեմի գաղափարը եւ անցողիկ շեմ  սահմանել մեկ մանդատին համարժեք ձայների քանակը»:

Հայտարարությունը ստորագրել են հետեւյալ կուսակցությունները.

«Մայր  Հայրենիք» կուսակցության նախագահ Կ. Թումանյան

Հայաստանի դեմոկրատական կուսակցություն` Ա. Սարգսյան

Հայաստանի առաջադիմական  միավորված կոմունիստական

Կուսակցություն` Վ. Սաֆարյան

«Միավորված հայեր»  կուսակցություն` Ռ. Ավագյան

«Հայկանդուխտ» ավանդապաշտ ժողովրդավարական  կուսակցություն` Ա. Ղազարյան

Հայաստանի սոցիալիստական կուսակցություն` Ռ. Փոլադյան

«Կանայք հայոց աշխարհի»`  Ժ. Մանուկյան

«Հայրենիք» կուսակցություն` Ժ. Ասրյան»

Այս խորագրի վերջին նյութերը