Հարցազրույց

27.01.2012 18:31


Լևոն Շիրինյան

Լևոն Շիրինյան

Հարցազրույց քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ.

–Հայոց բանակի 20–ամյակի նախաշեմին ինչպե՞ս եք գնահատում նրա ներկա վիճակը։

–Նորմալ։ Բանակում ամեն ինչ կարող է լինել։ Ես շատ չեմ հավատում լրատվամիջոցների հրապարակումներին։ Հարց է, թե ինչքանով են հավաստի այդ հրապարակումները։ Անշուշտ, պետք է քննարկել, քննադատել, և հասարակության առջև բանակը պետք է բաց լինի։ Սակայն, իմ համոզմամբ, այն այնքան էլ բաց չպետք է լինի։ Զանգվածային լրատվամիջոցներով բանակում տիրող երևույթների տարածումը կարող է բարոյազրկել ինչպես հասարակությանը, այնպես էլ բանակը, ինչն անթույլատրելի է։

–Որքա՞ն եք կարևորում տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների դերը, որոնք փորձում են լուսաբանել և բացահայտել բանակում տեղի ունեցող բացասական երևույթները։

–Ինձ համար հասկանալի չեն այդ նախաձեռնությունները՝ ովքե՞ր են, ի՞նչ են, ի՞նչ միջոցներով են գործում։ Ես չեմ ասում՝ ընդհանրապես չզբաղվեն, սակայն զբաղվողների արած գործը պիտի մաքուր լինի։ Անթույլատրելի է բանակը բարոյալքելը և հասարակության շրջանում բանակի նկատմամբ բացասական վերաբերունք առաջացնելը։ Բանակը բոլորի համար էլ խոցելի է, սակայն պետք է գտնել այն եզրը, որով քննադատությունը պետք է լինի կշռադատված և հարցեր լուծելու միտում ունենա։ Ճիշտ չէ հոգեբանական անջրպետ առաջացնել սպայի և շարքային կազմի միջև։ Մենք մի պետություն ենք, որը միշտ թուրքական վտանգն ունի, և մեր անվտանգության հիմքերի հիմքը պիտի լինի բանակը։ Տեսե՛ք, 1920թ. հոկտեմբերի 30–ին Հայաստանի բանակը, որը չուներ ո՛չ զենքի, ո՛չ քանակի խնդիր, Կարսը հանձնեց թշնամուն այն պատճառով, որ բարոյալքված էր։ Լևոն Տեր–Պետրոսյանի իշխանության տարիներին՝ Լեռնային Ղարաբաղի գոյամարտի ժամանակ, երբ բանակն արյան գնով տարածք էր պաշտպանում կամ ազատագրում, այստեղ փոխզիջումից և պարտությունից էին խոսում և շեշտում հակառակորդի հզորության մասին։ Սրան մեկընդմիշտ պետք է վերջ տրվի։

–Ո՞րն է մեր 20–ամյա բանակի ձեռքբերումը։

–Հայրենիքի ազատագրումը. 12,5 հազ քմ տարածք ազատված է։ Սրա նման նվաճում կա՞։ Դա ՀՀ տարածքի մեկ երրորդ մասն է։ Եվ այսքան տարի բանակը պատվով ու փառքով սահմանները պահում է անվտանգ։ Ե՛վ հրամանատարական կազմի ստեղծումը, և՛ ուսումնական հաստատությունների հաստատումը, և՛ ռազմարդյունաբերական համալիրի վերականգնումը մեր բանակի ձեռքբերումներն են։ Հետխորհրդային երկրներից միայն Հայաստանն է ազգային տարածք հետ բերել։

–Ի՞նչ բացթողումներ են եղել, որոնք շտկվելու կարիք ունեն։

–Կարծում եմ՝ սպայական կազմի դաստիարակության հարցը։ Դա ժամանակի հարց է։ Սպայական կազմը պետք է լինի մեր ժողովրդի ամենաինտելեկտուալ, ամենակազմակերպված հատվածը։ Ծնողները երեխաներին տանը պետք է դաստիարակեն հանդուրժողականության, սեփական ցեղակցի հանդեպ բարյացակամության, իսկ բանակում՝ նորմալ ծառայելու տրամադրությամբ։ Թե՛ սպան, թե՛ զինվորը ընտանիքից են դուրս գալիս։ Դպրոցներում և բուհերում կրթական ցենզը պիտի բարձրացվի, քանի որ այսօրվա աշակերտը վաղը զինվոր է։ Էլիտան այսօր պարտավոր է ցույց տալ, որ իր տղան արտոնյալ վիճակում չէ, այլ ճակատում կամ խրամատում։

–Ձեր կարծիքով որքանո՞վ են իրար համապատասխանում հաղթանակած բանակ հասկացությունն ու մեր բանակի ներկա վիճակը։

–100%–ով։ 7 մլն ադրբեջանցի, ահռելի նավթային ռեսուրսներ, մեծ թուրքական պետություն։ Այդ բոլորի դիմաց գրեթե բարեկամ չունեցող, կիսով չափ շրջափակված Հայաստան։ Բանակը փայլուն ձևով կատարում է իր գործառույթը։

Զրույցը վարեց Հայկ Ալեքսանյանը

Այս խորագրի վերջին նյութերը