Լրահոս

27.01.2012 15:32


«Արցախյան պատերազմն այսօր թվում է, թե անցյալ է, բայց միաժամանակ ներկա է»

«Արցախյան պատերազմն այսօր թվում է, թե անցյալ է, բայց միաժամանակ ներկա է»

Հունվարի 27-ին հրավիրված համատեղ մամլո ասուլիսին Աղվան Վարդանյանը (1991-93թթ. «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր) և Վարդան Դևրիկյանը (1990-94թթ. «Երկիր» և «Հայ զինվոր» թերթերի թղթակից) անդրադարձել են հայկական բանակի կազմավորման 20–ամյակին և փորձել են կիսվել մասնավորապես պատերազմական տարիների իրենց պատմական հիշողություններով։

Վարդանյանը նկատել է, որ Արցախի պատերազմում հաղթանակը մեծապես պայմանավորված էր 80-ականներին ժողովրդական հոգևոր էներգիայի կուտակումով.

–Կար կուտակված հսկայական ազգային, հոգևոր–մշակութային էներգիա, և դրա բխումն էր, որ հնարավոր դարձրեց արցախյան պատերազմի հաղթանակը, ցաքուցրիվ տարբեր ջոկատներից, ի վերջո, ազգային բանակի ստեղծումը։

Վարդանյանը նշել է, որ պատերազմի տարիներին լրիվ այլ մթնոլորտ էր տիրում, և լրատվամիջոցների նպատակն այդ ոգին պահելն էր։

–Խուճապ չկար, կար հաստատակամություն, որ սա իսկապես վերջին պատերազմն է մեր ժողովրդի համար, այդպես էր ընկալվում։ Կարևոր է նաև այն, որ չկար թշնամանք, կարող էին նեղանալ իրարից, վիրավորվել, բայց թշնամանք չկար, այդ թվում՝ քաղաքական ոլորտում, կար գիտակցումը, որ պետք է միասնական լինել ու շարունակել։

Վարդան Դևրիկյանն իր հերթին նշել է, որ դժվար է ասել՝ երբ սկսվեց պատերազմը, և, իհարկե, չի կարելի ասել, որ այն ավարտվել է (նրա գիրքը հենց այդպես էլ կոչվում է՝ «Չսկսված և չավարտված պատերազմ»), չի կարելի նաև ասել՝ այդ պատերազմն անցյալո՞ւմ է մնացել, թե՞ ոչ.

–Արցախյան պատերազմն այսօր թվում է, թե անցյալ է, բայց միաժամանակ ներկա է։ Երբեմն անգամ պատերազմի մասնակիցների երազում է գալիս։ Այսինքն, սա թե՛ անցյալ է, թե՛ նաև ներկա իրողություն, որը մեծապես պայմանավորում է մեր կյանքն այսօր։

Դևրիկյանը նկատել է, որ հայ ազգը դարեր շարունակ կենտրոնացած է եղել իր  մշակույթի ստեղծման վրա՝ անտեսելով այդ նույն մշակույթը պաշտպանելու համար սեփական բանակ ունենալու հարցը.

–Երբ սկսվեց շարժումը, գյուղացիները գրպանում անգամ պանրի համար դանակ չունեին... դարեր շարունակ մշակույթ ենք ստեղծել, հարստություն և այլն, բայց բանակ չենք ստեղծել, դրա համար էլ կորցրել են շատ բաներ։ Բայց այսօր մենք ունենք բանակ, ու ես վստահ եմ, որ եթե երկիրը պաշտպանված է, դա այն երաշխիքն է, որի մեջ դու կարող ես շարունակել ստեղծել քո մշակույթը։

Երկու բանախոսներն էլ համաձայնվել են, որ անկախության այս երկու տասնամյակների ընթացքում ամենամեծ ձեռբերումներից մեկն ազգային բանակի ստեղծումն է։ Իսկ բացասականն այն է, որ մթնոլորտն ու վերաբերմունքն են փոխվել բանակի նկատմամբ։

–Հրաշալի կլիներ, որ այսօր էլ բանակի 20-ամյակի շրջանում մեր հանրությունը նույն ոգով վերաբերվեր բանակին, նույն ընկալումն ունենար։ Ցավոք, դա այդպես չէ, ու պատճառները տարբեր են,– ասել է Աղվան Վարդանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը