Լրահոս

27.01.2012 14:21


Դավիթ Հակոբյան. «Տնտղելով ՀՀԿ–ի ողջ կադրային ռեզերվը՝ տեսնում եմ, որ այնտեղ լուրջ մարդ չկա»

Դավիթ Հակոբյան. «Տնտղելով ՀՀԿ–ի ողջ կադրային ռեզերվը՝ տեսնում եմ, որ այնտեղ լուրջ մարդ չկա»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը հայտարարել է, որ առաջիկա ընտրություններին թեկնածուները պետք է սկզբունքորեն նոր Սահմանադրության ստեղծման մասին խոսեն։

–Հատկապես տնտեսական բլոկի առումով, որը նախորդ Սահմանադրության մեջ բացառապես չկա: Սահմանադրությունից ածանցվող սկզբունքորեն նոր ընտրական իրավունք, որը պետք է ապահովի իշխանափոխության ժամանակ քաղաքացու ֆիզիկական անվտանգությունը և պաշտպանի իշխանագողությունից: Պետական մեքենայի ռեստրուկցիա: Այսօր պետության բյուջեն նստած է միայն հարկահանության վրա: Նոր աշխարհաքաղաքական հայեցակարգի մշակում (խոսքը վերաբերում է արցախյան հարցի լուծման նոր դոկտրինային), նոր ագրարարային քաղաքականություն, տնտեսական քաղաքականություն, որի տակ հասկանում ենք երեք ենթակետ՝ նոր շուկայի ձևավորում, շուկան ձևավորել ոչ միայն մեկ, այլ երեք ձևերի մասնակցությամբ: Պետությունը սեփականազուրկ է: Պետական վերահսկողություն և կարգավորում տնտեսության նկատմամբ: Նոր կրթական դոկտրինա, որ  ավելի շատ պետք է մանկավարժական սկզբունքներն ամրագրի։ Նոր օրենք կրոնի և կուսակցության մասին: Այսօր ունենք 70 կուսակցական աղանդ և 50 կրոնական աղանդ։ Կուսակցական ռեֆորմ՝ յոթանասուն կուսակցությունները գրանցել ըստ գաղափարախոսությունների,–ասել է նա:

Դավիթ Հակոբյանը նշել է, որ ինքը երեկ կոչ է արել ՀՀ նախագահին լինել իր բարձրության վրա և իշխանագողությամբ չհրապուրվել։

–Տնտղելով ՀՀԿ–ի ողջ կադրային ռեզերվը՝ տեսնում եմ, որ այնտեղ լուրջ մարդ չկա,–ասել է նա։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարած երիտասարդ խորհրդարան ձևավորելու գաղափարին՝ Դավիթ Հակոբյանը նշել է, որ խորհրդարանում 35–65 տարեկան մարդիկ պետք է հավաքվեն։

–Մինչև բարձրագույն ավարտած մասնագետը 10 տարի մասնագիտական գործունեությամբ չզբաղվի, պետք է արգելել նրան քաղաքական շեմը կոխել։ Սենատ ի՞նչ է նշանակում՝ ծերակույտ, սպիտակ ալեհերների  ժողով։ Ժողովրդի  հետ չաշխատած այդ, այսպես կոչված,  երիտասարդական արիստոկրատիան՝ պորտաբույծ  արիստոկրատիան... «это ничего хорошего не даст»։ Գիտեմ՝ ում մասին է խոսքը։ Այնտեղ մի այդպիսի երիտասարդական թև կա՝ կեսը բազե, կեսը՝ և այլն, բայց դա ոչ մի լավ բանի չի բերի,–ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը