Լրահոս

25.01.2012 19:26


Տեղի է ունեցել ՀՀՇ վարչության և հանրապետական խորհրդի համատեղ նիստ

Հունվարի 25-ին տեղի ունեցավ ՀՀՇ վարչության եւ հանրապետական խորհրդի համատեղ նիստ: Օրակարգում ընդգրկված էին ԱԺ առաջիկա ընտրությունների նախապատրաստական, Հրազդանում կայանալիք քաղաքապետի ընտրությունների անցկացման, հունվարի 28-ին անցկացվելիք սեմինարի նախապատրաստական հարցեր եւ ՀՀՇ ԵՄ կանոնադրության հաստատում:

ՀՀՇ վարչությունը որոշում կայացրեց հանձնարարել ՀՀՇ «Ընտրությունները համակարգող» հանձնաժողովին` կազմել Հայ Ազգային Կոնգրեսի կազմում ընտրական գործընթացներին կուսակցության մասնակցության ծրագիրը եւ առաջիկայում այն ներկայացնել քննարկման:

ՀՀՇ վարչությունը որոշում կայացրեց ակտիվ մասնակցություն ցուցաբերել Հրազդան քաղաքում փետրվարի 12-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին եւ սատարել քաղաքապետի թեկնածու, Հայ Ազգային Կոնգրեսի անդամ Սասուն Միքայելյանի թեկնածությունը: Նշվեց, որ ՀՀՇ Հրազդանի կառույցը ամբողջությամբ ներգրավված է այդ ընտրություններին, եւ ՀՀՇ կուսակցության տարածքային մյուս կառույցներին հանձնարարվեց առաջարկներ ներկայացնել Հրազդանի ՏԻՄ ընտրություններին իրենց մասնակցության ձեւաչափերի մասին:

Քննարկվեց նաեւ հունվարի 28-ին ՀՀՇ եւ Եվրոպայի լիբերալ – դեմոկրատական եւ բարեփոխումների կուսակցության (ELDR) համատեղ կազմակերպվող սեմինարի անցկացման հարցերն ու մասնակիցների կազմը: ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը տեղեկացրեց, որ համատեղ սեմինարն անցկացնելու նպատակով Հայաստան են ժամանում ELDR ներկայացուցիչները` ELDR փոխնախագահ Լուզիվիզ Վան Դել Լոն եւ քաղաքական բաժնի ղեկավար Ֆիլիպպ Հանսենը: Նախատեսվում են նաեւ ELDR պատվիրակության հանդիպումները ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Հայ Ազգային Կոնգրեսի ղեկավար կազմի եւ Կոնգրեսի երիտասարդական կառույցների հետ:

ՀՀՇ վարչությունը միաձայն հաստատեց ՀՀՇ ԵՄ 13-րդ համաժողովում ընդունված ՀՀՇ ԵՄ նոր կանոնադրությունը: Նաեւ խոսվեց ՀՀՇ ԵՄ դերի բարձրացման հարցի եւ այդ ուղղությամբ կուսակցությունում ակտիվ աշխատանքներ տանելու մասին: Հանձնարարվեց կուսակցության տարածքային կառույցներին ակտիվ աշխատել այդ ուղղությամբ:

ՀՀՇ Լրատվական կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը