Լրահոս

25.01.2012 16:12


Թուրքական արտաքին քաղաքականության էվոլյուցիան. «Զրո խնդիր հարևանների հետ, զրո հարաբերություններ հարևանների հետ»

Թուրքական արտաքին քաղաքականության էվոլյուցիան. «Զրո խնդիր հարևանների հետ, զրո հարաբերություններ հարևանների հետ»

–Թուրքիայի գործող իշխանությունների «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը կարծես թե հանգեցնում է «զրո հարաբերություններ հարևանների հետ» տարբերակին, որովհետև, ըստ էության, զրոյական հարաբերություների են իջել թուրք–իսրայելական հարաբերությունները, Հայաստանի հետ ինչպես կային, այդպես էլ շարունակվում են, Ֆրանսիայի հետ նույնպես վատթարանում են և այլն,– այսօր նման գնահատական է տվել Թուրքիայի արտաքին քաղաքականությանը սահմանադրագետ Վլադիմիր Վարդանյանը։

Հարցին՝ արդյոք Ֆրանսիայի Սենատի ընդունած որոշումը չի՞ նշանակում ԵՄ–ի բացասական պատասխանը Թուրքիայի եվրաինտեգրմանը, Վարդանյանը պատասխանել է.

–Իրավական տեսանկյունից այդ օրինագծի ընդունումը որևիցե ազդեցություն չի ունենալու Թուրքիայի ԵՄ անդամակցության վրա, որովհետև Կոպենհագենի չափանիշներում, որոնք որպես նախապայման ներկայացված են Թուրքիայի՝ ԵՄ–ին անդամակցելու համար, Հայոց ցեղասպանության ճանաչման նախապայման դրված չէ (բայց, իհարկե, ենթադրվում է), ուստի իրավական առումով ես ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում։ Քաղաքական առումով, իհարկե, նման վերաբերմունքը և պետական դիրքորոշումն առավել քան խոչընդոտ կարող են հանդիսանալ Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու համար։

Բանախոսը նկատել է նաև, որ եվրոպական տարբեր երկրների կողմից  (հատկապես նրանց, ովքեր ՀՀ–ի հետ չունեն առանձնապես բարձր մակարդակի դիվանագիտական հարաբերություններ, կամ ուժեղ հայկական համայնք չկա այդտեղ) ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը նույնպես կարելի է դիտարկել որպես պետական դիրքորոշում Թուրքիայի՝ ԵՄ–ին անդամակցելու հարցում։

–Խոսքը վերաբերում է Լիտվային, Սլովակիային և Արևելյան Եվրոպայի այլ պետություններին, որոնք, իմ համոզմամբ, այդ կերպ փորձում էին խոչընդոտել Թուրքիայի անդամակցումը Եվրամիությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը